Բաժիններ՝

«Փոշիացնողների» պատասխանատվությունը

Եթե մինչ այժմ ենթադրում էինք, որ շինարարության և ոչ միայն շինարարության ոլորտում յուրացումներն ու բյուջեին պատճառված վնասը կարող են կազմել ընդհանուր ծախսերի 30-40%-ը, ապա կառավարության այսօրվա նիստից պարզ դարձավ, որ պատկերն ավելի խայտառակ է։

«Տեղյակ եք, որ անցած շաբաթ ես այցելել էի Շիրակի մարզ։ Կոնկրետ պետական բյուջեից 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար։ Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով շուրջ 200 մլն դրամն ուղղակի փոշիացված է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ դպրոցը երրորդ աստիճանի վթարային է, և նշանակում է, որ այդ ծախսերը ուղղակի անիմաստ են կատարվել։ Այսօրվա լրահոսում մենք արդեն անդրադարձել ենք այս հարցին։

Նշենք, սակայն, որ վարչապետն իր գնահատականներում զարմանալիորեն մեղմ է՝ օգտագործելով  «փոշիացում» բառը՝ «յուրացման» փոխարեն։ Վերջին հաշվով, կատարված ծախսերը այնքան էլ անիմաստ չեն, եթե դիտարկենք «փոշիացնողների» տեսանկյունից։

Ուշադրության արժանի հաջորդ կետը պատասխանատվության պահն է։ «ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ամեն տարվա հաշվետվություններում ներկայացվում են ըստ ոլորտների բացահայտումներ, թերություններ, բացթողումներ։ Մինչև այսօր մենք բավարարվել ենք հանձնարարականներով` շտկել, վերացնել, վերականգնել գումարները։ Այսուհետև այդպես չի լինելու։ Այսուհետև անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ խախտումները։ Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, վերահսկողության բոլոր արձանագրություններին ծանոթանաք և այս հերթական ստուգումները, որ տարեկան ծրագրով իրականացնում ենք, զգուշացնեք ձեր աշխատակազմերի ղեկավարներին, վարչությունների պետերին, որ այսուհետև լինելու են պատիժներ, և մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս»,- ասել է վարչապետը։

Կարդացեք նաև

Ստացվում է, որ մինչ այս պահը բացահայտված խոշոր խախտումների համար ոլորտի պատասխանատուներից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու։ Այլ կերպ ասած, սա նմանվում է «անփութության ամնիստիայի»։ Մինչդեռ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը, դատարան էր հարկավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս