Կենտրոնացնում են. Զինվեք համբերությամբ և սպասեք, թե ուղտը երբ է ձեր դռանը չոքելու

Այսօրվա իշխանությունները, որոնք ժամանակին իրենց հռչակել էին փոքր բիզնեսի ջերմեռանդ պաշտպան, ամենուրեք արտոնյալ պայմաններ ու արտոնություններ էին խոստանում, հիմա բահն ու քլունգն առած՝ ընկել են փոքր բիզնեսի հետևից։ Անգամ եղած չնչին արտոնություններն են ուզում վերացնել, հարկային բեռն են պատրաստվում ավելացնել, ստիպել անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարում էին։

Փոքր բիզնեսի դաշտում գործող շատերը գուցե դեռ չեն պատկերացնում, թե իշխանություններն ինչ փորձանք են բերելու իրենց գլխին։ Կողքից լուռ հետևում են, կարծես դա իրենց չի էլ վերաբերում։ Հետո են գլխներին տալու։

Երկար ժամանակ պետք չի լինելու դրանում համոզվելու համար։ Երբ իշխանությունների ջանքերով փոքր բիզնեսը կմտնի հարկային անհամեմատ ավելի ծանր բեռի տակ, ու շատերը՝ չդիմանալով նոր պայմաններին, ստիպված լինեն դադարեցնել գործունեությունը, այն ժամանակ հավանաբար կհասկանան սրա հետևանքները։ Բայց արդեն ուշ կլինի։

Այն, ինչ իշխանությունները պատրաստվում են անել շրջանառության հարկի շրջանակներում՝ հարկային բեռը կրկնապատկելու միջոցով, ուղղված է առաջին հերթին փոքր բիզնեսի դեմ՝ ի շահ խոշոր բիզնեսի։ Փոքրերի փոխարեն, խոշորների շահն են սպասարկում։

Կարդացեք նաև

Բիզնեսը Հայաստանում քիչ կենտրոնացած է, կառավարությունն ավելի է կենտրոնացնում։ Փոքրերի հաշվին՝ ընդլայնում են խոշոր բիզնեսը։ Շատերը միանշանակ դուրս են մղվելու՝ տեղը զիջելով խոշորներին։

Խոշորները քիչ հնարավորություններ ունեն՝ ընդլայնվելու ու փոքրերին կլանելու, նոր հնարավորություններ են բացում նրանց համար։

Շրջանառության հարկի բեռի կրկնակի բարձրացումը փոքր բիզնեսի համար մահացու հետևանքներ է ունենալու։ Վերացվում են այն չնչին առավելությունները, որոնք ինչ-որ չափով թույլ էին տալիս դիմակայել խոշորների ճնշմանը։

Սա նպատակադրված քաղաքականություն է, որը կառավարությունն իրականացնում է փոքր բիզնեսի նկատմամբ։

Հարկային բեռի տարբերությունը հարկային տարբեր համակարգերի միջև նվազեցնելու անվան տակ՝ փակում են փոքր բիզնեսի «օդերը»։

Ասում են՝ փոքր բիզնեսը չի խոշորանում։ Եվ ինչպե՞ս պիտի խոշորանա, եթե նույնիսկ այսօրվա համեմատաբար արտոնյալ հարկային դաշտում չի կարողանում մրցակցել խոշորների հետ։ Մինչ խոշորներն ավելի են խոշորանում, փոքրերը փակվում են։

Շրջանառության հարկի բեռը բարձրացնելուց հետո, անիվը կսկսի ավելի արագ պտտվել։

Այսօր էլ այն փոքրերի օգտին չի պտտվում։

Պաշտոնական վիճակագրության տվյալները վկայում են, որ անգամ առկա հարկային բեռի պայմաններում փոքր բիզնեսը չի դիմանում խոշորների  մրցակցությանը։ Դրանում, իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, խոշորներն աշխատում են, այսպես կոչված, մասշտաբի էֆեկտի վրա, ինչը նրանց առավելություններ է տալիս փոքրերի նկատմամբ։ Այդ առավելության հետևանքները մեղմելու նպատակով էլ ժամանակին փոքր բիզնեսի համար նման խթաններ են ստեղծվել։ Չնայած դեռ հարց է, թե այն որքանո՞վ է կարողանում արդյունավետ պաշտպանել փոքր բիզնեսը։

Անգամ այդ պայմաններում փոքր բիզնեսը սեղմվում է ու չդիմանալով մրցակցությանը՝ կլանվում է խոշորների կողմից։ Այս քաղաքականությամբ, առավել ևս, փոքր բիզնեսը Հայաստանում ապագա չի ունենա։

Սրա մասին մտածելու ու մտահոգվելու փոխարեն՝ արագացնում են փոքր բիզնեսի դուրսմղման և խոշորների ձեռքում կենտրոնացման պրոցեսները։

Պատկերացնելու համար, թե ի՞նչ է կատարվում փոքր բիզնեսի հետ, անգամ այսօրվա գործող շրջանառության հարկի ցածր բեռի պայմաններում, բերենք որոշ վիճակագրական տվյալներ՝ մանրածախ առևտրի ոլորտից։

Ամենաթարմ տվյալներով, Հայաստանում իրականացվող մանրածախ առևտրի 82,4 տոկոսը կատարվում է խանութների միջոցով, գերակշիռ մասը՝ խոշոր խանութների ու սուպերմարկետների միջոցով, որոնք դուրս են շրջանառության հարկի դաշտից։ Վերջին չորս-հինգ տարիներին առևտրային այս օբյեկտների միջոցով իրականացվող մանրածախ առևտրի տեսակարար կշիռը 5,2 տոկոսային կետով ընդլայնվել է՝ 77,2-ից հասնելով 82,4 տոկոսի։

Սա հսկայական թռիչք է, որը տեղի է ունեցել փոքրերի հաշվին։

Օրինակ՝ կրպակային առևտրի կշիռն այս ընթացքում գրեթե 1 տոկոսային կետով կրճատվել է և, վերջին տվյալներով, կազմում է ընդհանուր առևտրի հազիվ 1,4 տոկոսը։

Ի տարբերություն խոշորների՝ նվազել է դրանց ոչ միայն տեսակարար կշիռը, այլև առևտրի ծավալը։

Այս տարվա առաջին եռամսյակում առևտրի փոքր օբյեկտների շրջանառությունը կազմել է ընդամենը 5,4 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ 2018թ. հասնում էր 6,4 միլիարդի։

Սպառողական ապրանքների շուկաներում իրականացվող առևտրի կշիռը, որը կրկին փոքր բիզնեսի դաշտում է, 5,4 տոկոսից իջել է 4 տոկոսի։

Գյուղատնտեսական արտադրանքի շուկան ևս կրճատվել է՝ նախկին 1,4 տոկոսից մանրածախ առևտրի մեջ ունի ընդամենը 0,8 տոկոս մասնաբաժին։

Առևտրի այլ օբյեկտների պարագայում էլ նույն պատկերն է՝ տեսակարար կշռի կրճատում է տեղի ունեցել։

Միայն խոշոր խանութներում է, որ առևտրի՝ ինչպես ծավալները, այնպես էլ՝ կշիռը մեծացել է։ Մյուս բոլորի դեպքում՝ նվազել է։ Տեղի է ունեցել մանրածախ առևտրի ակտիվ կենտրոնացում՝ փոքրերի հաշվին խոշորների մոտ։

Շրջանառության հարկի բեռը կրկնապատկելու պարագայում՝ կենտրոնացման այս պրոցեսներն ավելի կարագանան։ Հարկի նոր բեռի տակից դուրս գալու համար փոքր բիզնեսը ստիպված կլինի բարձրացնել գները, կորցնել հաճախորդներին և շրջանառությունները։ Կնվազեն եկամուտները, և ի վերջո դա կբերի փոքր բիզնեսի փակման։

Սա վերաբերում է ոչ միայն մանրածախ առևտրին, այլև ընդհանրապես շրջանառության հարկի դաշտում գործող փոքր բիզնեսի գրեթե բոլոր տեսակներին։

Զինվեք համբերությամբ և այդպես լուռ սպասեք, թե ուղտը երբ է նաև ձեր դռանը չոքելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս