«Երբ մարդ մտածում է արդյունավետորեն կառավարել ֆինանսական միջոցները, ստացվում է, որ նա հանցագործություն է կատարել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը և հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը բանավիճեցին ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված հայտնի քրեական գործի շուրջ:

Բանախոսները փորձեցին պարզել, թե արդյոք հարուցված գործը իրավական հիմք ունի՞, թե՞ ոչ:

Նախ` Արտակ Դավթյանը կարծիք հայտնեց, որ Վարդան Օսկանյանի վերաբերյալ բարձրացված հարցի շուրջ ավելի շատ կենտրոնանում են անձի, այլ ոչ թե երևույթի վրա, ինչն էլ բերում է միջազգային կառույցներում այդ հարցի արծարծմանը: «Եթե խոսենք երևույթի մասին, ներկայացվել է բավական լուրջ մեղադրանք ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Ինձ համոզիչ չթվաց Վարդան Օսկանյանի կողմից ներկայացված որոշ պարզաբանումներ և որոշ փաստարկներ»:

Ա.Դավթյանը կարծում է, որ բարեգործական նպատակներով «Սիվիլիթասի» համար հատկացված  գումարը «Սիվիլիթասի» հոգեբարձուների խորհրդի անդամը` Տիգրան Կարապետյանը, պետք է անմիջականորեն փոխանցեր «Սիվիլիթասին», այլ ոչ թե դա աներ Վարդան Օսկանյանի միջոցով: «Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ի սկզբանե այդ գործարքը պլանավորված է եղել այդ ուղղությամբ, որ պետք է հանգրվանի Վ.Օսկանյանի հաշվին և բավական երկար ժամանակ այդ հաշվի վրա մնա այդ գումարը: Ինչո՞ւ: Երբ ես փորձում եմ տրամաբանական պատասխան ստանալ, հանգում եմ այն եզրակացության, որ համապատասխան ծախսային ուղղություններն ինչ-ինչ նպատակներով ուղղակի թաքցվում են»:

Իսկ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ցավով է արձանագրում, երբ մեր երկրում տեղի ունեցող ամեն մի բացասական բան հարված է Հայաստանի պետականությանը: «Ցավում եմ, որովհետև ինձ համար հեղինակության տեսակետից կարևոր է թե´ պատգամավորի անբիծ վարքագիծը, թե´ գլխավոր դատախազի վարքագիծը և թե երկրի ու իրավական համակարգի նկատմամբ վստահությունը: Պարզ տարրական գործողությունը դարձել է այսքան լուրջ քննարկման առարկա: Ի՞նչ է տեղի ունեցել, իրականության մեջ դա մի գործընթաց է, որը պատահում է յուրաքանչյուրիս հետ ամենօրյա կյանքում. մեկից գումար եք վերցնում, մինչև հասցնեք հասցեատիրոջը, ձեզ կարող են ներկայացնեն մեղադրանք, թե դուք փողերը յուրացրեցիք, հերիք չէ, եթե այդ ընթացքում էլ մի հատ մտնեք խանութ և մի բաժակ ջուր վերցնենք, ապա նաև լվացիք այդ գումարը:

Եվ այս հարցը դարձել է մատի փաթաթան: Եթե կան այլ փաստեր Օսկանյանի և «Սիվիլիթասի» նկատմամբ, այդ փաստերը ջրի երես հանեք` մարդիկ տեսնեն` ինչ փաստեր են դրանք: Թե չէ, այս խորհրդավորությունը բնորոշ է խորհրդային կարգերին: Այս ձևով մենք առաջ չենք կարող գնալ: Գործարքը, որի մասին իմ հարգարժան գործընկերը խոսեց, տեղի է ունեցել 2011թ. հունվարի 18-ին, երբ գումարը փոխանցվել է պարոն Օսկանյանին, և նա 2011թ. հունվարի 18-ին բացել է ավանդային հաշիվ իր անունով` 1 մլն 200. 000 դոլար գումարով:

Եթե յուրացում էր, ապա յուրացման հարցը հենց այդ պահից պետք է դրվեր, ոչ թե սպասեին` Վ.Օսկանյանը գար, դառնար պատգամավոր, որպեսզի նոր սկսել փորփրել: Այն փաստարկը, որը տվել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը համոզիչ չէ, որովհետև թե´ ֆինանսական ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, թե´ փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքով Ֆինանսական դիտարկումների կենտրոնը, ինչպես նաև առևտրային բանկերը նմանատիպ ցանկացած գործարքի դեպքում անմիջապես պահանջում են գործարքի հիմք հանդիսացող փաստաթղթերը, և եթե կասկածանք կա, անմիջապես ուղարկում են համապատասխան մարմիններին: Այս դեպքում այդ ամենը չի արվել, որովհետև որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ այս գործարքը հակաօրինական է: Մյուս կարևոր հանգամանքը. երբ մարդ մտածում է արդյունավետորեն կառավարել ֆինանսական միջոցները, ստացվում է, որ նա հանցագործություն է կատարել»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Ա.Մինասյանը:

 


Տեսանյութեր

Լրահոս