ՄԻՊ-ի ներկայացուցիչը համաձայն չէ լուսաբանման երանգներին
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ` ՍԴ-ն այսօր որոշել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը
ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործով:
Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը վիճարկում էր «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` իրավասու դատարանի կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը:
ՄԻՊ-ը ՍԴ դիմելու անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ երբ Հաշտարարի որոշումները կողմերի համար դառնում են պարտադիր, կազմակերպությունները, այսինքն` մյուս կողմը, արդյունավետ կերպով չեն կարողանում բողոքարկել այդ որոշումները, քանի որ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքը Հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորություն չի նախատեսում: Միաժամանակ` խիստ սահմանափակ են հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու առկա հիմքերը. բացակայում է այն, ըստ էության, դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը:
Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:
ՄԻՊ-ի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանի խոսքով` նման դեպքերում, երբ Սահմանադրական դատարանը վճիռ է կայացնում նորմի` Սահմանադրությանը համապատասխանության մասին, նշվում է, որ ՄԻՊ-ի դիմումը Սահմանադրական դատարանը մերժել է:
«Ես համաձայն չեմ: Մասնավորապես այս դեպքում Սահմանադրական դատարանը նշեց, որ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունը համաձայնության է եկել ֆինանսական համակարգի հաշտարարի հետ որոշումները չբողոքարկելու վերաբերյալ: Այսինքն՝ մյուս դեպքերում համապատասխան կազմակերպությունը պետք է ունենա արդյունավետ բողոքարկման իրավական պաշտպանության հնարավորություն»:
Հետևաբար Արամ Վարդևանյանի խոսքով` ՄԻՊ բարձրացրած խնդիրը պետք է որ բավարարի բոլոր այն կազմակերպություններին, որոնք որևէ դեպքում դժգոհել են կամ բավարարված չեն եղել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ: