Ուժի մեջ են մտել ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունները և լրացումները
Հոկտեմբերի 4-ից ուժի մեջ են մտել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում սեպտեմբերի 13-ին ընդունված փոփոխությունները և լրացումները, որոնց հիմնական նպատակը մշտական հանձնաժողովների աշխատանքներին փոքրաթիվ խմբակցություններին լիարժեք մասնակցելու հնարավորություն ընձեռելն է: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Մասնավորապես, մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից փոքր թվով անդամներ ունեցող խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում պատգամավորական միավորումը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:
Նշենք, որ ներկայիս գումարման ԱԺ-ն ունի 12 մշտական հանձնաժողով, և 12-ից պակաս թվով անդամներ ունեն գործող 6 խմբակցություններից 4-ը. «Հայ ազգային կոնգրես»-ը` 7, «Օրինաց երկիր»` 6, «ՀՅԴ» և «Ժառանգություն»` 5-ական անդամ:
Մեկից ավելի մշտական հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներին բոլոր այդ հանձնաժողովների աշխատանքներին լիարժեք մասնակցության հնարավորություն ընձեռելու, նաև այդ հանձնաժողովների աշխատանքներից հնարավոր բացակայությունները կանոնակարգելու նպատակով կանոնակարգում ամրագրվել է, որ եթե պատգամավորն ընդգրկված է մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում, ապա այդ հանձնաժողովներից մեկի նիստի կամ կազմակերպած խորհրդարանական լսումների անցկացման պահին մեկ այլ հանձնաժողովի նիստին կամ կազմակերպած խորհրդարանական լսումներին մասնակցելու դեպքում համարվում է, որ պատգամավորը կատարել է հանձնաժողովի նիստերին և խորհրդարանական լսումներին մասնակցելու իր պարտականությունը:
Վերանայվել է նաև հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը: Նախկինում մշտական հանձնաժողովների հերթական նիստերը հրավիրվում էին ուրբաթ օրերին՝ ժամը 11-ին: Սա ակնհայտ խոչընդոտ էր մի քանի հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորի համար: Այդ իսկ պատճառով նախատեսվում է նիստերը հրավիրել ԱԺ-ի որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Կանոնակարգը նաև սահմանում է, որ յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից և հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստում: