Ծառուկյանը՝ Տեր-Պետրոսյանի դերում

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը կնշանակվի այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացնի առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին:

Այդ մասին tert.am-ին ասել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Նա, իհարկե, դա չի ներկայացրել՝ որպես ՀԱԿ-ի որոշում, այլ նշել է, որ ինքն այդպես է ենթադրում: Այսինքն՝ ՀԱԿ հանրահավաք հրավիրել-չհրավիրելու հարցը կախված է միայն նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի մասնակցության ձևաչափից: Կարելի է ենթադրել նաև, որ եթե ՀՀ առաջին նախագահը որոշի չառաջադրվել ընտրություններում, ապա ՀԱԿ-ն ընդհանրապես հանրահավաք չի հրավիրի կամ հանրահավաքը կլինի, սակայն դրան կմասնակցեն միայն այն ուժերը, ովքեր կպաշտպանեն Լևոն Տեր-Պետրոսյանի որոշած թեկնածուին:

Այսինքն՝ ՀԱԿ-ը, որպես այդպիսին, կդադարի գոյություն ունենալ, քանի որ Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենք էլ խոստովանում են, որ Տեր-Պետրոսյանի չառաջադրման դպքում ՀԱԿ-ը վերջնականապես կփլուզվի:
Մյուս կողմից՝ ՀԱԿ-ն, ըստ էության, դադարել է լինել այնպիսին, ինչպիսին կար կամ ընկալվում էր հասարակության կողմից: Այն հիմա էլ գործում է գրեթե իներցիայով: Դրա մասին է վկայում հենց նույն հանրահավաք անցկացնել-չանցկացնելու հարցը:
ՀԱԿ-ը՝ որպես համաժողովրդական շարժման արդյունքում ծնված քաղաքական ուժերի միավորում, իր հիմնական առաքելությունն էր սահմանել սահմանադրական կարգի վերականգնումն ու իշխանափոխությունը:

Անցած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ու վերջնականապես ապացուցեցին, որ ընտրություններով այդ նպատակին հասնելն ուղղակի անիրագործելի է: Ընդ որում, այդ մասին շատերը բարձրաձայնում էին նաև  խորհրդարանական ընտրություններից առաջ: ՀԱԿ-ը, սակայն, հանրահավաքային պայքարից հրաժարվելու ու պատգամավորական մանդատները վերցնելու ճանապարհով ընտրությունները լեգիտիմացնելու բոլոր մեղադրանքներին պատասխանում էր, թե հանրահավաքային պայքարը չի դադարելու, ԱԺ-ն ընդամենը հերթական, սակայն ոչ առաջնային ամբիոն է Կոնգրեսի համար, և հանրահավաքները շարունակվելու են նախկինից ավելի հուժկու թափով: Հիշեցնենք միայն, որ վերջին հանրահավաքը ՀԱԿ-ն անցկացրել է հունիսին՝ խոստանալով հաջորդ հանրահավաքը հրավիրել սեպտեմբերին:

Հետո կոնգրեսականները սկսեցին հայտարարել, որ սեպտեմբերը հարմար ժամանակահատված չէ, և ավելի ճիշտ կլինի հանրահավաք հրավիրել հոկտեմբերի առաջին տասնօրյակից հետո: Արդեն հոկտեմբերի ութն է, սակայն ՀԱԿ-ը չի շտապում:

Խնդիրն, իհարկե, հանրահավաքի օրը չէ, ոչ էլ մի քանի շաբաթ ավելի ուշ կամ շուտ հրավիրելը: Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ն այլևս հանրահավաքային ասելիք չունի հասարակությանը: Խորհրդարանական կառուցողական գործունեության արդյունքում՝ ՀԱԿ-ը նույնիսկ նախկին հռետորաբանությամբ չի կարող համոզիչ լինել հասարակության համար: Խորհրդարանական գործունեությունն, իհարկե, դրա միակ պատճառը չէ: Մյուս՝ ոչ կարևոր պատճառը «քաղաքագիտական վերլուծությունն» է, որի արդյունքում՝ նաև ՀԱԿ-ի ջանքերով, հիմա «ասելիք ունեցող» ուժը դարձել է ԲՀԿ-ն: Ու, որքան տարօրինակ, նույնքան էլ օրինաչափ է, որ, ի տարբերություն 2008թ. ընտրություններին նախորդող շրջանի, երբ բոլորը՝ իշխանությունները, քաղաքական դաշտը, հասարակությունը, սպասում էին Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին, այսօր սպասելիքները կապված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Փոխվել է միայն այն, որ «սպասողների» շարքից դուրս է մնացել հասարակությունը, որի՝ սպասողի տեղը զբաղեցրել է ՀԱԿ-ը: Լ. Տեր-Պետրոսյանն՝ ինքը, «ասողից» դարձել է սպասող: Գուցե նա սպասում է ոչ թե անձամբ Ծառուկյանի խոսքին, այլ՝  նրան ինչ-որ բան «ասողների», բայց դրանից պատկերը գրեթե չի փոխվում: Կամ փոխվում է ընդամենը էսթետիկական տեսանկյունից:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

 

 

Տեսանյութեր

Լրահոս