Բաժիններ՝

Աշոտ Խուրշուդյան. «Գողը ոստիկանից մի քայլ առաջ է»

Պետական գնումների համակարգը պարբերաբար փոփոխման է ենթարկվում: Այն մեկ ապակենտրոնացվում է, մեկ կենտրոնացվում: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, երկու դեպքում էլ՝ ապարդյուն: Անկախ պետական գնումների համակարգի ձևից՝ «կոռուպցիան» դրա անպակաս մասնիկն է: Պետական գնումներում առկա խնդիրների վերաբերյալ 168.am-ը զրուցեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:

«Պետական գնումների համակարգը դա ուղղակի մեխանիզմ է՝ կանոնների շարք: Իր ձևերը կարող են լինել տարբեր, բայց հիմնական սկզբունքներն ամբողջությամբ նույնն են՝ տարիներով մշակված, հաստատված: Պետք է մի բան հասկանալ՝ այդ մեխանիզմը մարդիկ են կարգավորում, և մարդկային գործոնը թիվ մեկ խնդիրն է: Երբ մենք ասում ենք՝ գնումներ, այստեղ չպետք է հասկանալ միայն «ատկատ» հասկացողությունը, այլ հենց բուն «կոռուպցիան», և հարկավոր է հակակոռուպցիոն մեխանիզմների մեջ տեղավորվել, և միայն գնումների համակարգը փոխելով՝ չպետք է կարծել, որ ամեն ինչ կընկնի իր տեղը»,- ասաց Ա.Խուրշուդյանը:
Ըստ Ա.Խուրշուդյանի՝ ինչքան էլ ձևերը փոխենք, սակայն սեփական գրպանները լցնելու մեխանիզմը մնա, կգտնվեն այլ ճանապարհներ, և մարդիկ դրանից կօգտվեն: Փորձագետը կոռուպցիայի առաջին աղբյուր համարում է պատվիրատուներին. «Եթե հարված գնար պատվիրատուի ուղղությամբ, ես կասեի՝ կա այդ լուրջ կամքը՝ պայքարելու «կոռուպցիայի» դեմ: Պատվիրատուն նա է, ով ուղղակի գնումներ է իրականացնում, օրինակ՝ նախարարությունները»:
Այն հարցին, թե արդյոք կա՞ գործիք, որը կիրառելով՝ հնարավոր կլինի կարգավորել պետական գնումների համակարգը, Խուրշուդյանը մեկնաբանեց. «Կա, անշուշտ, ուղղակի դա հարկավոր է հակակոռուպցիոն մեխանիզմի մեջ փնտրել և ոչ՝ գնումների մեխանիզմի մեջ: Օրինակ, էթիկայի կանոնները, որ այսպես էլ լիարժեք չներդրվեցին: Կամ՝ որակի վերահսկողության խնդիրները նույնպես լուրջ են. ապրանքի որակը կարող է ցածր լինել՝ «թաքնված ատկատի»  սխեմայով: Մի շարք սխեմաներ կան: Ուղղակի կոռուպցիան այնքան արագ է մեծանում… Երբ ասում են, գողը ոստիկանից մի քայլ առաջ է՝ հիմա դա այդպես է»:

Ըստ Ա. Խուրշուդյանի, սակայն, չպետք է մանրանալ և ընկնել այդ սխեմաների ետևից, այլ պետք է գլոբալ առումով լուծել խնդիրը: Իսկ դրա համար հարկավոր է հասկանալ՝ երբ կայանում է գնումը, հանրային ո՞ր շահից դրդված է այն կատարվում:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս