Ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ աշխատանքին, ունեմ բնածին հատկություն` «դիսցիպլինա»
Ռուսական բալետի աստղ Անաստասիա Վոլոչկովայի «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ռուսաստանի Մարինյան, Անգլիական Ազգային և Յուրի Գրիգարովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկը կներկայանա հայ հանդիսատեսին ոչ սովորական «ամպլուայով»` ցուցադրելով բոլորովին նոր համերգային համարներ, որտեղ պարում է, երգում և պարզապես զարմացնում: Կայանալիք համերգի և խորեոգրաֆիկ բեմարվեստում իր ծավալած գործունեության մասին «Արմենպրեսի» թղթակիցը զրուցել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհու հետ:
– Դուք հոկտեմբերի 17-ին հայ հանդիսատեսին կներկայացնեք Ձեր «Նոր դար» շոու ծրագիրը, ինչպե՞ս առաջացավ կայանալիք համերգի գաղափարը:
– Բանն այն է, որ ես Երևանում վաղուց չէի եղել, իմ նախորդ երևանյան համերգային ծրագիրն ուներ դասական հիմք: Ինձ Երևանի հետ, իհարկե, կապում է շատ մեծ մարդկային ընկերությունը: Իմ կյանքում շատ հայ մարդիկ կան, շատ վառ, հետաքրքիր մարդիկ: Ընկերներիս մի մասը Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներն են, ինձ մեծ ընկերություն է կապում նաև հրաշալի երգահան Արա Գևորգյանի հետ, ով հատուկ ինձ համար գրել էր երաժշտություն, որն իմ համերգային ծրագրում դարձավ հատուկ` «Ոսկյա վանդակ» պարային համարը:
Երևանում այս համերգային համարն արժանացած հանդիսատեսի բուռն ծափահարությունների: Իմ անունն էլ, կարծես Հայաստանի և Ռուսաստանի կապն է խորհրդանշում «Անաստասիա` այսինք Արմենիա և Ռոսիա»: Ես անտարբեր չեմ ձեր երկրի նկատմամբ, այդ պատճառով էլ մեծ ցանկություն ունեցա հանդես գալ համերգային ծրագրով: Ինքս էլ նախաձեռնեցի կայանալիք համերգը, գտա Հայաստանում համերգային ծրագրերի լավագույն կազմակերպիչներից մեկին, և որոշեցիքն բավականին սեղմ ժամկետներում, մոտ մեկ ամսում կազմակերպել համերգը: Տեսնում եմ, որ մենք դա պատահական չենք արել, ամեն ինչ տեղի է ունենում լավագույն կերպով:
– Ենթադրո՞ւմ է արդյոք շոու ծրագրի «Նոր դար» անվանումը նոր խոսք, ոճ բալետում:
– Ես դասական բալետի պարուհի եմ և իմ անցած կենսագրությունը դասական ուղղվածություն ունի: Դասական ներկայացումներում աշխատելով հանդերձ ես փնտրում էի մի ձևափաչ, երազում այնպիսի շոուի ստեղծման մասին, որը կարող է գրավել մասսայական հանդիսատեսի ուշադրությունը: Ցավոք սրտի, դասական բալետով այսօր շատ դժվար է գրավել հանդիսատեսին, ոչ միայն մարզերում, այլև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի թատրոններում: Այդ պատճառով տարիների ընթացքում մշակվում էր մի նախագիծ, որը վերջապես իրականացրի: «Նոր դարը» տարատեսակ ժանրների` դասական, ժամանակակից, ակրոբատիկ բալետի համադրություն է:
Այժմ ես ունեմ նաև իմ շոու բալետը: Աշխատելով Ռուսաստանի Մարինյան, ինչպես նաև Անգլիական Ազգային և Յուրի Գրիգարովիչի բալետային և այլ լավագույն թատրոններում` ես ստեղծել եմ իմ շոուն, որը կզարմացի առաջին հերթին նոր պարային և անսպասելի ակրոբատիկ համարներով, ժամանակակից բեմական հագուստով, վառ խորեոգրաֆիկ ստեղծագործություններով և երաժշտական համադրությամբ: Շոու ծրագրի ընթաքում կհնչեն համաշխարհային հիթեր` Ջորջ Մայքլի, Էդիտ Պիաֆի, Ջակոմո Պուչինիի և այլոց երգացանկից, ինչպես նաև Ռուսաստանի լավագույն կոմպոզիտորների կողմից հատուկ ինձ համար գրված երգեր: Դա պարային և երաժշտական համարների միաձուլում է: Իմ երգելը նոր գույն է հաղորդում այս համերգային ժանրին:
Ես հանդիսատեսի մոտ այսպես ասած «շոկ» եմ առաջացնում, որովհետև շատերը գալով իմ համերգին կարծում են, որ դիտելու են «Лебединое озеро» կամ «Спящая красавица» բալետները, սակայն երբ տեսնում են շոուն, որը իսկապես գրավում է, շատերի մոտ փոխվում է պատկերացումը, թե իմ մասին, թե այն ժանրի մասին, որում հանդես եմ գալիս: Մի ժանր, որը ես էլ դեռ հստակ չեմ կարողանում բնորոշել, սակայն այն նման չէ ոչ մի այլ բանի և կարծում եմ, որ իմ շոուին ներկա գտնվողները դրանում կհամոզվեն:
– Կայանալիք համերգը Հայաստանում Ձեր առաջին բեմելը չէ, 2008 թվականին Դուք դասական բալետային ծրագրով համերգ եք ունեցել Երևանում: Հասցրել ե՞ք ծանոթանալ Երևանին, ամենից շատ ի՞նչը Ձեր դուր եկավ մեր քաղաքում:
– Գիտեք, ինձ առաջին հերթին դուր եկան մարդիկ, ձեր երկրի հյուրընկալությունը: Ես հստակ չեմ հիշում անվանումը, սակայն իմ` Երևանում գտնվելու ժամանակ այցելեցի մի վանք, որը, իհարկե, ծանոթությունների և ինքնագրեր բաժանելու վայր չէ, բայց այն հանգամանքը, թե ինչպես մարդիկ ինձ դիմավորեցին այնտեղ, մեծ հետք թողեց հոգուս վրա: Կցանկանայի ավելի հաճախ լինել Երևանում, ինչը չի հաջողվում: Կարծում եմ, հոկտեմբերի 17-ին կայանալիք համերգից հետո հանդիպումները հայ հանդիսատեսի հետ առավել հաճախակի կդառնան:
– Ո՞րն է «բալետ» կոչվող գեղեցկագույն երևույթի Ձեր մեկնաբանությունը:
– Բալետը իմ կյանքն է, բալետը և պարը ինձ համար հնարավորություն է փոխանցել երաժշտության էներգիան, հուզականությունը պարի միջոցով: Դա մարմնի պլաստիկայի, կեցվածքի, միևնույն ժամանակ զգացմունքերի փոխանցումն է հանդիսատեսին, որովհետև առանց զգացմունքի և սիրո պարը անհնար է պատկերացնել, ինչպես անհնար է պատկերացնել ոչ միայն կյանքը, այլև ցանկացած տեսակի հարաբերություն:
– Գաղտնիք չէ, որ բալետի պարուհի դառնալու համար անհրաժեշտ են որոշակի զոհաբերություններ: Ինչի՞ց եք ստիպված եղել հրաժարվել հանուն հաջողված բալետի պարուհու կարիերայի:
– Իմ մասնագիտությունն առաջին հերթին պահանջում է մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, այսինքն` դա բալետային և ֆիթնես սրահներում անցկացված օրական միջինը 4-5 ժամն է, քանի որ անհրաժեշտ է մշտապես մարմինը պահել ճիշտ վիճակում: Այլ կերպ ասած ստիպված ես լինում հրաժարվել ժամանցի այն տեսակից, որը կցանկանայիր քեզ թույլ տալ: Դա դեռ մանկուց է այդպես, երբ ստիպված էի հրաժարվել դասարանցիներիս կամ բակի ընկերների հետ խաղերից, դիսկոտեկ կամ ռեստորան գնալուց: Իհարկե, այդ ամենը փոխհատուցվում է ներկա կյանքում: Ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ աշխատանքին, ունեմ բնածին հատկություն` «դիսցիպլինա»:
Այնուամենայնիվ, շատ եմ սիրում ապրել և կարող եմ ինձ թույլ տալ համատեղել մասնագիտությունս ուղղակի կյանքի` ինքդ քեզ ժամանակ տրամադրելու գործընթացի հետ: Կարգապահությունը տարիների ընթացքում դարձել է իմ ապրելակերպը: Դա ոմանց համար անհնարին թվացող բան է, օրինակ որոշակի սննդակագրով ապրելը, բայց ինձ դա հաջողվել է: Քանի որ ես եմ ղեկավարում ինձ հետ աշխատող թիմը, ինձ անհրաժեշտ է նաև որոշակի ժամանակ տարատեսակ միջոցառումների, հանդիպումների համար: Ստիպված եմ շատ ժամանակ հրաժարվել նաև աղջկաս հետ ավելի հաճախ շփվելուց, սակայն մենք փորձում են միասին անցկացրած ժամանակահատվածը անցկացնել սիրով կամ այսպես ասած փոխակերպել «որակի»:
Կան շատ մարդկային մանրամասներ, սակայն այն դիրքը, որ ես այսօր զբաղեցնում եմ, այն ուշադրությունը, որին արժանանում եմ, երբեմն, իհարկե, բավականին համառ ուշադրությունը որոշ լրագրողների, պապարացիների կամ ինչպես ես եմ անվանում «բարոյական հրեշներ»-ի կողմից, որոնք ինձ, իբր թե, ոչ պատշաճ իրադրության մեջ են են փորձում «որսալ», մինչդեռ իմ կյանքում ոչ պատշաճ իրավիճակներ չեն լինում: Շատ թափանցիկ և ներդաշնակ եմ ապրում, ոչինչ չունեմ թաքցնելու, այդ պատճառով, կարծում եմ, որ ճակատագրից բողոքելու առիթ չունեմ, քանի որ շատ երջանիկ եմ:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա համերգից, դասական արվեստի հայ սիրահարներից:
– Վստահ եմ, որ մարդիկ գալով իմ համերգին` մեկ այլ բան են սպասում և ստանում են բոլորովին այլ, անկրկնելի տպավորություն:
Ես սիրում եմ ընկերություն անել հանդիսատեսի հետ` համերգից հետո յուրաքանչյուրին հատկացնելով ուշադրություն, դա կարող է լինել ինքնագրերի, լուսանկարների, պարզապես մարդկային շփման միջոցով: Երբ վարագույրը իջնում է և հնչում են բուռն ծափահարություններ` էներգիան դահլիճում պահպանվում է, և շատեր չեն հեռանում: Համերգներից հետո դուրս եմ գալիս դահլիճ և ուղղակի շփվում եմ մարդկանց հետ, որը ոչ բոլորն են անում, սակայն ես դա իմ պարտքն եմ համարում, քանի որ Աստված ինձ տվել է տաղանդ, նա ինձ հայտնի է դարձրել, անհերքելի է, իհարկե, որ այստեղ կար նաև իմ և իմ ուսուցիչների աշխատասիրության արդյունքը:
Ես իմ յուրաքանչյուր համերգի հրավիրում եմ մանկատան, սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաների, տարբեր խորեոգրաֆիկ դպրոցների աշակերտների, որովհետև կարծում եմ, որ նրանց պետք է ներգրավել արվեստի աշխարհ: Մոսկվայի կենտրոնում ես հիմնել եմ իմ գեղագիտական կենտրոնը, այժմ այն տեղակայված է այն գիմնազիայում, որտեղ ուսանում է իմ աղջիկը` Արիադնան, և ես հավատում եմ, որ գուցե մի օր էլ հնարավոր դառնա նման կենտրոնի հիմնումումը նաև Երևանում: