Վրացական երազախաբություն
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կատալիզատորի դեր խաղացին նաև Հայաստանի քաղաքական դաշտի համար: Ընտրությունների հաջորդ իսկ օրը Հայաստանի թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասի ներկայացուցիչները չկարողացան զսպել իրենց ոգևորությունը ռուսամետ համարվող «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և մեկը մյուսի հետևից շնորհավորանքներ հղեցին դրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին:
Մեր ընդդիմադիրներն իրենց ոգևորությունը պայմանավորում էին նրանով, որ հարևան երկրում տեղի է ունեցել խաղաղ իշխանափոխություն: Իշխանական գործիչների ոգևորության առիթն էլ ուղղակի չէր հայտարարվում, սակայն դժվար չէր կռահել. Վրաստանում հաղթել է «ռուսական ուժը», և այդ առթիվ հիացմունքներ արտահայտելը հաստատ կգնահատվի Կրեմլում:
Այս մղումն, ի դեպ, ընկած էր նաև շատ ընդդիմադիրների հիացմունքի հիմքում: Սակայն երեկ նույն Բիձինա Իվանիշվիլիի արած մի հայտարարությունից հետո Հայաստանից շնորհավորողների մի մասը սկսեց նույն խանդավառությամբ քննադատել նրան: Առիթը Իվանիշվիլիի` «The New Times» հանդեսին տված հարցազրույցում հնչած մի ոչ կոռեկտ հայտարարությունն էր. «Ահա, մեզ մոտ, օրինակ, հայեր են ապրում: Ես ապշում եմ. ահա իրենց հայրենիքը կողքն է, բայց նրանք այստեղ են ապրում»։
Ավելի ուշ Իվանիշվիլին հայտարարել է, թե իր ասածը սխալ է հասկացվել, ինքը նկատի է ունեցել, որ հայերը Վրաստանն իրենց հայրենիքից չեն տարբերում: Սակայն կարևորը դա չէ: Երեկ Իվանիշվիլին արել է մեկ այլ հայտարարություն, որը Հայաստանի քաղաքական ուժերից շատերին կարող էր ստիպել վերաբերմունք արտահայտել «Վրացական երազանքի» առաջնորդի նկատմամբ: Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի հետ հանդիպումից հետո Իվանիշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է Վրաստանի առաջնահերթությունների շարքում:
«Մեզ հերթական անգամ վստահեցրին, որ մենք ունենք ՆԱՏՕ-ին անդամակցելու լավ հնարավորություններ: Մենք իրականում կարող ենք հասնել ՆԱՏՕ-ին Վրաստանի շուտափույթ անդամակցությանը»,- ասել է «Վրացական երազանքի» առաջնորդը: Սա ուղղակի սառը ցնցուղ կարող էր լինել հայաստանյան այն քաղաքական գործիչների համար, ովքեր Իվանիշվիլիի հաղթանակը համարում էին Ռուսաստանի հաղթանակը: Եթե հաշվի առնենք, որ նախօրեին էլ Վրաստանի վարչապետի ամենահավանական թեկնածու Իվանիշվիլին հայտարարել էր, որ իր առաջին պաշտոնական այցը կատարելու է Վաշինգտոն, ապա դժվար չէ պատկերացնել, որ շատերի, այդ թվում` հայ քաղաքական մտքի ներկայացուցիչների հաշվարկը խառնվել է:
Իսկ քանի որ մեր շատ անկախական գործիչներ չափազանց զգայուն են Ռուսաստանի շահերին առնչվող ցանկացած երևույթի նկատմամբ, նրանք ուղղակի պարտավոր էին իրենց վերաբերմունքն արտահայտել առ Իվանիշվիլի:
Այդ առումով, որքան էլ տարօրինակ հնչի, հայերի հասցեին այդ գործչի արած անհեթեթ հայտարարությունը լավ առիթ կարող է հանդիսանալ: Ինչպիսի՞ն կլինի Վրաստանի քաղաքականությունը «Վրացական Երազանքի» հաղթանակից հետո` ցույց կտա ժամանակը: Հնարավոր է` իրականում Իվանիշվիլին ռուսական քաղաքականություն իրականացնի` արևմտյան փաթեթավորմամբ, կամ հակառակը: Խնդիրը, սակայն, այն է, որ ժողովրդավարական ընտրություններով իշխանության եկած ուժը` անկախ նրա առաջնորդների «ծագումնաբանությունից»` ունենալով ռուսական կամ արևմտյան կողմնորոշում, կարող է իրականացնել իր պետության շահերից բխող քաղաքականություն:
«Ռուսամետությունն» ու «արևմտամետությունը» հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների համար համարվում է ոչ թե արժեքային, գաղափարական կողմնորոշում, այլ պարտավորություն: Իսկ պարտավորվածությունը սահմաններ չի ճանաչում ու պահանջում է «արտաքին թշնամու դեմ» պայքարել` ինչպես սեփական, այնպես էլ հարևան երկրների սահմաններում: