Գալուստ Սահակյանը վերահսկում է սեփական և օտար «դավաճաններին»

«Ես անձամբ գիտեմ՝ ովքեր են դեմ քվեարկել, էնպես որ` մեր մասին շա՜տ էդքան ջերմ մի մտածեք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ արձանագրված 6 «դեմ» ձայներին, հայտարարել է խորհրդարանի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը:

Խնդիրն, իհարկե, այն չէ` ճի՞շտ է ասում Գալուստ Սահակյանը, թե՞ ոչ: Այսինքն` իսկապես գիտի՞, թե ովքեր են «դավաճանները» (ձևակերպումը մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Համլետ Հարությունյանինն է), թե՞ ցանկանում է լրագրողների մոտ ստեղծել կոմպետենտ ու ամեն ինչ վերահսկող խմբակցության ղեկավարի տպավորություն: Խնդիրն ավելի խորքային է և հերթական անգամ վկայում է, թե ինչ բարքեր, ինչ արժեքներ են տիրում մեր քաղաքական համակարգում, Հայաստանում իշխանություն ունեցող կուսակցությունում, որի ամենադիպուկ բնութագրումը տվել է ՀՀԿ և ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` կուսակցությանն անվանելով՝ ոհմակ:

Գալուստ Սահակյանի ասածից ստացվում է, որ կամ փակ, գաղտնի քվեարկությունից հետո դեմ քվեարկած պատգամավորները հատ-հատ իրեն զեկուցել են, թե ինչպես են քվեարկել, կամ նրանց նախապես հանձնարարվել է այդպես քվեարկել, կամ ՀՀԿ ու ՕԵԿ խմբակցությունների բոլոր անդամների համար մշակվել է քվեարկության «պտիչկայի» (ՀՀԿ-ականների մեծամասնության լեզվով ասած` «ծտերի») անհատական տարբերակ, որոնց հետ համեմատվել են քվեարկության արդյունքները, կամ քվեատուփում գաղտնի տեսախցիկ են տեղադրել`ամբողջ քվեարկությունը վերահսկելու համար:

Անկախ նրանից, թե իրականում վերը նշված տարբերակներից որն է ճիշտը` դրանք բոլորը վկայում են մի բանի մասին` Հայաստանում պատգամավորների մեծամասնությունը զրկված է սեփական կարծիք, տեսակետ, դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունքից, և «գաղտնի քվեարկության» ինստիտուտն ընդամենը ձևականություն է:

Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը գնահատելիս՝ շատերը զուգահեռներ էին անցկացնում 37 թվի հետ: Այդ զուգահեռները տեղին են ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը դեմ քվեարկած պատգամավորների առնչությամբ: Գալուստ Սահակյանն էլ իրականում ընդամենն այդ պատգամավորների վերակացուն է, որը վերահսկում-համակարգում է` իր վերակացուից ստացված հրահանգների կատարումը:

Ի դեպ, Գալուստ Սահակյանն այսօր ասել է նաև, որ եթե ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մասնակցեր Օսկանյանի միջնորդության քվեարկությանը, ապա կողմ ձայների թիվն ավելի մեծ կլիներ: Այսինքն` նա ակնարկել է` «մենք էլ ԲՀԿ-ում մեր մարդիկ ունենք»: Այլ կերպ ասած, Գալուստ Սահակյանը ցանկացել է ասել, որ եթե ՀՀԿ-ում կա 6 «դավաճան», ապա ԲՀԿ-ում «դավաճանների» թիվը կարող է անհամեմատ մեծ լինել:
Հեշտ չէ Գալուստ Սահակյանի գործը: Նա, փաստորեն, համակարգում է (իշխանական բառապաշարով` «ռեգուլիրովկա է անում») ոչ միայն սեփական, այլ նաև օտար «դավաճաններին»:


 

 

 

Տեսանյութեր

Լրահոս