Ե՞րբ է վաճառվելու նախագահական նստավայրը
Հոկտեբերի 4-ը կարելի է սև գույնով նշել Հայաստանի օրացույցում: Դաժան զուգադիպությամբ՝ երեկ Հայաստանի իշխանության երկու թևերը` Ազգային ժողովն ու կառավարությունը, գրեթե միաժամանակ, կայացրեցին որոշումներ, որոնք հետագայում պատմության դասագրքերում կամ տեղեկատվության ժամանակակից կրիչներում կարող են որակվել՝ որպես «կապիտուլյացիոն ակտեր»: Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը թերևս երբեք այդքան ներդաշնակ ու համահունչ չէին գործել, որքան երեկ: Ազգային ժողովն ապահովեց «կապիտուլյացիայի»՝ բովանդակային, կառավարությունը` ձևական մասը:
Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը 70 կողմ, 4 դեմ ձայներով վավերացրեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագիրը: Դրա մասին բավական շատ է գրվել ու խոսվել, և բոլոր գնահատականների ընդհանուր հանրագումարն այն է, որ այդ փաստաթուղթը լրջագույն հարված է հասցնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, քանի որ, բավական անորոշ և հետագայում՝ կամայական կիրառման հնարավորություն ընձեռող այդ արձանագրության համաձայն, Հայաստանի տարածքում չի կարող տեղակայվել ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ պետության «ռազմական ենթակառուցվածքի որևէ օբյեկտ»` եթե ՀԱՊԿ անդամ որևէ երկիր դրա դեմ առարկություն ունենա:
Այսինքն` եթե Հայաստանում, ասենք, ամերիկյան կամ ճապոնական որևէ ընկերություն, օրինակ, բարձր տեխնոլոգիական որևէ ընկերություն հիմնադրի, ապա դրա գրասենյակը ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկրի, իմա` Ռուսաստանի կողմից կարող է որակվել՝ որպես «ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ»` այն հիմնավորմամբ, որ այդ ընկերությունում մշակվող ծրագրերը կարող են օգտագործվել ԱՄՆ ռազմաօդային կամ Ճապոնիայի ծովային նավատորմում: Այսինքն` ցանկացած նման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ՀԱՊԿ-ից, իմա` Ռուսաստանից, տեղեկանք ստանա` «չեմ առարկում» մակագրությամբ:
Մի խոսքով, այս արձանագրության վավերացումից հետո հաջորդ քայլը պետք է լինի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի փոփոխությունը: «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է» արտահայտությունից կամ պետք է հանել «ինքնիշխան» ձևակերպումը, կամ պետք է վերաշարադրել` «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ներքո գործող տարածքային կազմավորում է»:
Մինչ երեկ Ազգային ժողովը վավերացնում էր այդ արձանագրությունը, կառավարությունը որոշում ընդունեց՝ օտարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքը: Շենքի սեփականատերն է «Տանգո» լիրիկական անունով ընկերությունը, որն, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: ԱԳՆ-ի շենքն, ի դեպ, «Տանգո»-ի սեփականատերը կամ տերերը գնել են 51 մլն դոլարով: Ի դեպ, որովհետև, տվյալ դեպքում, այդ շենքի դիմաց վճարված գումարի չափը երկրորդական, երրորդական նշանակություն ունի:
Այն պարզ պատճառով, որ կառավարության այս որոշումն ԱԺ-ի վավերացրած արձանագրության «փաթեթավորումն» է` Հայաստանի ինքնիշխանության վաճառքի «ՀԴՄ կտրոնը»:
Հայաստանը հաստատուն քայլերով մոտենում է այն վիճակին, որ Արտգործնախարարություն` որպես պետական կառավարման մարմին, այլևս պետք չէ: Ո՞րն է ընդհանրապես Արտգործնախարարության ֆունկցիան, եթե իրականում աշխարհի հետ մեր հարաբերությունները պայմանավորված են Ռուսաստանի դիրքորոշմամբ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում վճռորոշը Ռուսաստանի խոսքն է, հայ-թուրքական հարաբերություններում ևս, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խոսքին փոխարինում է «բղավոցը»:
Այս պայմաններում ԱԳՆ-ի գոյությունն ընդհանրապես շռայլություն է Հայաստանի համար: Բավական է, ասենք, նախագահի աշխատակազմում ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժին` համապատասխան հրահանգները ստանալու և հայկական գերատեսչություններին փոխանցելու նպատակով:
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի շենքի ապագա ճակատագրին, ապա, իհարկե, ցանկալի կլիներ, որ այն դառնար «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության թանգարան», սակայն հազիվ թե պարոն Էռնեկյանը` նույնիսկ հայրենիքի հանդեպ անհագուրդ սիրո առկայության պարագայում, իրեն նման շքեղություն թույլ տա: Ավելի հավանական է, որ ԱԳՆ-ի շենքի փոխարեն՝ կկառուցվի որևէ բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոց: Ռուսական գեներալիտետը սովոր է ճոխությունների: Նրանք ապագայում, ամենայն հավանականությամբ, շատ հաճախ են լինելու Հայաստանում` որոշելու համար, թե օբյեկտներից որը կարելի է համարել ռազմական ենթակառուցվածք, որը` ոչ:
Հ.Գ. ԱԳՆ-ի շենքի վաճառքն այլ պայմաններում կարելի էր ոչ միայն նորմալ, այլ նույնիսկ ողջունելի համարել: Եթե Հայաստանն ունենար այնպիսի միջազգային հեղինակություն ու ինքնուրույնություն, որն անթույլատրելի կհամարեր նման տխրահռչակ արձանագրությունների վավերացումը, թող ԱԳՆ-ի շենքի փոխարեն՝ կառուցվեր բարձրակարգ հյուրանոց, որում կհանգրվանեին Հայաստանի գործընկեր պետությունների պաշտոնյաներն ու քաղաքացիները: Այսինքն` սա պրոգրեսին դեմ գնալու քայլ չէ, ինչպես, վստահաբար, իշխանական հայրենասերները կորակեն ԱԳՆ շենքի վաճառքի քննադատությունը: