Հայ ազգային պետականամետ կոնգրես` ՀԱՊԿ

Այսօր խորհրդարանը քվեարկեց և ընդունեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագիրը: Համաձայնագրի վավերացմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր, 4-ը դեմ էին, երկուսը` ձեռնպահ:

Նշենք, որ այդ արձանագրությունը ստորագրվել է 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում, և սրա հիմնական իմաստն այն է, որ Հայաստանը չի կարող իր տարածքում տեղակայել ոչ ՀԱՊԿ կազմակերպության անդամ հանդիսացող երկրի ռազմական ենթակառուցվածքի որևէ օբյեկտ, եթե ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկը դրա դեմ առարկություն ունենա: Այս համաձայնագիրը վտանգավոր է համարվում այնքանով, որ Ռուսաստանը կարող է առարկություն ունենալ Հայաստանի տարածքում որևէ այլ երկրի որևէ օբյեկտի տեղակայմանը՝ դա համարելով «ռազմական ենթակառուցվածք», մանավանդ որ, հստակ սահմանում, թե որ օբյեկտները կարող են որակվել այդպիսին, արձանագրության մեջ չկա:

Պարզ է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց այս համաձայնագրին, քանի որ նախ՝ այդ համաձայնագիրը ԱԺ էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանը, և երկրորդ՝ քանի որ այն ներկայացրել էր Սերժ Սարգսյանը: Հանրապետականները կրակոտ ելույթներ էին ունեցել, և բացատրել, թե հայոց պետականության ու ազգային անվտանգության շահերի ինչպիսի համադրություն է ապահովում սույն փաստաթուղթը:

Ավելորդ է նշել, որ այս համաձայնագրին կողմ քվեարկեցին ՕԵԿ պատագամավորները ևս, քանի որ դա ինքնին ենթադրվում է ցանկացած պարագայում: Դեռևս չի եղել մի դեպք, գոնե հանուն էկզոտիկայի, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ից տարբերվող քվեարկություն արձանագրի: Դահլիճում չէին ԲՀԿ ներկայացուցիչները, բայց քանի որ նրանք արմատական ռուսամետներ են, ապա կարելի է չկասկածել, որ լինելու դեպքում՝ կողմ կքվեարկեին համաձայնագրին:

Առավել հետաքրքիրն ընդդիմության պահվածքն էր, որն արտահայտվեց քվեարկության ձևով: Միակ խմբակցությունը, որ միանման քվեարկություն արձանագրեց, «Ժառանգությունն» էր` իր երկու անդամներով: Այս խմբակցությունից խորհրդարանում ներկա էին Ալեքսանդր Արզումանյանը, ով մի քանի անգամ հանդես է եկել այս համաձայնագրի անորոշ ձևակերպումների և այս ձևով ընդունման վտանգավորության դեմ, և խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը:

Երբ քվեարկության արդյունքները հրապարակվեցին, պարզվեց, որ Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկել, իսկ Ռուբեն Հակոբյանը չի քվեարկել: Ավելի ուշ Հակոբյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկել, սակայն «դեմ» քվեարկության կոճակը չի աշխատել: Մի խոսքով, «Ժառանգության» երկու անդամներն էլ դեմ են քվեարկել: Ալեքսանդր Արզումանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ եթե դահլիճում գտնվեին իրենց խմբակցության մյուս երեք բացակա անդամները, նրանք ևս դեմ էին քվեարկելու:

Իրականում դեմ էին քվեարկել ոչ թե 4, այլ 5 պատգամավորներ: Արձանագրությանը դեմ էր քվեարկել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ռ. Հակոբյանի քվերակությունը, ինչպես նշվեց, չէր արձանագրվել, ուստի քվերակության ամփոփ արդյունքերում ներկայացվել էր 4 դեմ:

Ամենահետաքրքիրը, սակայն, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամների քվեարկությունն էր: Ինչպես հայտնի է, այս խմբակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը, և պատահական չէ, որ դահլիճում ներկա ՀԱԿ խմբակցության չորս անդամների կեսը, այսինքն երկուսը` Լյուդմիլա Սարգսյանը և Գագիկ Ջհանգիրյանը, քվեարկեցին այնպես, ինչպես ՀՀԿ-ականները` կողմ:

Նիկոլ Փաշինյանը, ով հրապարակայնորեն դեմ էր արտահայտվել այս համաձայնագրի վավերացմանը, դեմ քվեարկեց, իսկ իրեն ազատական ներկայացնող ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը գերադասեց չքվեարկել: Եթե դահլիճում լինեին Ստեփան Դեմիրճյանը և Լևոն Զուրաբյանը, ապա նրանք ևս հաստատ ցույց կտային, որ ՀԱԿ-ի համար ՀԱՊԿ-ի կամ, ավելի ճիշտ, Ռուսաստանի կողմից ներկայացվող պահանջների անվերապահ կատարումն այլընտրանք չունի:

Այս քվեարկությանը մասնակցեցին նաև ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները: Վահան Հովհաննիսյանը և Աղվան Վարդանյանը ձեռնպահ էին, և միայն Արծվիկ Մինասյանն էր, որ դեմ քվեարկեց:

Այսպիսով պարզ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանում կա ընդամենը չորս պատգամավոր, որ այնքան համարձակություն ունեն, որ կարող են դեմ քվեարկել Ռուսաստանի՝ վերջնագիր հիշեցնող պահանջներին, որոնք ներկայացվել են միջպետական համաձայնագրի տեքստով: Իհարկե, կարելի է այս 4 պատգամավորներին գումարել ևս մի քանիսին, ովքեր ԱԺ-ում լինելու դեպքում, թերևս, նույնպես դեմ կքվեարկեին:

Այսինքն` կարելի է ասել, Հայաստանի խորհրդարանում կան ընդհանուր առմամբ 4` գումարած 2-3 ընդդիմադիր պատգամավորներ:  Այսպիսի պնդումն իրական է այնքանով, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ լինել ընդդիմադիր և ամեն կերպ փորձել հաճոյանալ Ռուսաստանին, որի իշխանություններն ամեն ինչ արել և անում են Հայաստանի գործող իշխանությունների վերարտադրության համար: Եվ այն մարդիկ, ովքեր զարմացած հարցնում են, թե ինչպես է, որ Վրաստանում կատարվում են իրադարձություններ, որպիսիք անհնար է Հայաստանում, ապա պետք է մի պահ մտածեն, արդյո՞ք Վրաստանում հնարավոր էր այսպիսի քվեարկություն` այսպիսի արդյունքներով:

 

 

Տեսանյութեր

Լրահոս