Բաժիններ՝

ՀՀ-ում գտնվող սիրիահայերի հիմնական մասը չի պատրաստվում վերադառնալ

Ընթացիկ տարում Հայաստանի սահմանը հատել են շուրջ 5 հազար սիրիահայեր, որոնց շուրջ 30 տոկոսն են ՀՀ քաղաքացի, մնացածը ՀՀ-ում մուտքի արտոնագիր կամ կացության կարգավիճակ ստանալու կարիք ունեն:

Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»` ԱԺ այսօրվա նիստում հայտնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Օրինագծով կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում մուտքի արտոնագրի ժամկետն երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատել «ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»:

Ըստ նախարարի, սիրիահայերը հիմնականում 21 օր, մեկ կամ երկու ամիս ժամկետով Հայաստանում մնալու պայմանով են ժամանել, սակայն Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակում ՀՀ-ում գտնվող սիրիահայերի հիմնական մասը չի պատրաստվում վերադառնալ, ուստի առաջացել է նրանց` ՀՀ-ում մուտքի արտոնագրի ժամկետի երկարաձգման խնդիր: Հ.Հակոբյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր օր վիզայի երկարաձգումը արժե 500 դրամ, և եթե 10 ամիս նրանք փորձեն մնալ Հայաստանում, ապա պետք է առնվազն 150.000 դրամի չափով պետական տուրք վճարեն, իսկ միջինացված 4 անդամից բաղկացած ընտանիքը` 600.000 դրամ:

Նախարարը նշել է, որ նույնը վերաբերում է կացության կարգավիճակի փաստաթղթերի ժամկետի երկարաձգմանը: «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն, այս դեպքում պետտուրքի չափը կազմում է 105-150 հազար դրամ: Ըստ նրա, արտոնության կիրառման դեպքում զեղչված ընդհանուր գումարը կկազմի 100 մլն դրամ:

«Մեր հայրենակիցների համար առավել մատչելի և հարմար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է այս օրենսդրական փոփոխությունը, սակայն օրենքում արտոնությունն ամրագրվում է ոչ միայն սիրիահայերի համար, հաշվի առնելով ծագումով հայերի տարբեր երկրներում ապրելու հանգամանքը և այդ երկրներում նրանց կյանքին վտանգ սպառնացող հնարավոր իրավիճակները,- պարզաբանել է Հ.Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս