Ո՞ւր գնալ սովորելու
Ինչպիսի՞ մարդ կդաստիարակի թույլ, վախկոտ, քծնող մարդը. իհարկե, իր նմանին։
Այս խնդիրը ծառացել է 6 տարեկան երեխաների ծնողների առջև։ Կան բազմաթիվ պետական և մասնավոր դպրոցներ։ Պետական, որոնք, ըստ էության, «անվճար են»։ Սակայն, որքան էլ մեր չինովնիկները ձեռքը խփեն սեղանին և բարձրաձայնեն, թե կպատժվեն այն տնօրենները, ովքեր կզբաղվեն դրամահավաքությամբ, միևնույն է, սեպտեմբերի 1-ի շնորհավորանքները լի էին փողի մասին լաց ու կոծով, թե դպրոցը շատ հոգսեր ունի, բայց միջոց չունի, և ծնողների աջակցությունը պարտադիր է։ Ի՞նչ ենք հասկանում` լավ կրթություն ասելով։
Եվրոլուսամուտներն ու դռներն ամենևին չեն խոսում լավ կրթության մասին։ Իրարից տարբերվող բազում դասագրքեր, տարբեր հեղինակներով, որոնց հեղինակների կրթությունն ու մասնագիտությունը դեր չի խաղում։ Կարևորը, որ հեղինակը մրցույթով անցնի։ Պրոցեսը շարունակական է, անընդհատ ծնվում են նոր դասագրքեր, անցնում են մրցույթով, և այսպես անվերջ։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։
Կա նոր կրթակարգ, չափորոշիչներ ու նոր մեթոդներ` վերցված դրսից, որոնց կիրառումը 40 և ավելի աշակերտի առկայության դեպքում անհնար է։ Նույնիսկ լավագույն ուսուցիչը չի կարող աշխատել 40 աշակերտի հետ ինտերակտիվ մեթոդով։
Սա վերաբերում է մոդայիկ դպրոցներին, իսկ անուն չունեցող դպրոցները փակվում են։
Դրանց կողքին աճում են մասնավոր, վճարովի դպրոցները։ Նրանք աշխատում են փոքրաթիվ խմբերով` իրենց մեթոդներով։ Ծնողը, ում համար երեխային որակյալ, հիմնավոր կրթություն տալը առաջնահերթ խնդիր է, շտապում է վճարովի դպրոց, վճարում ահռելի գումար, սակայն տարբերությո՞ւնըգ Տարբերությունը սերվիսի մեջ է: Աշակերտն օգտվում է փոխադրամիջոցից, սնվում է դպրոցում և դասերը սովորած` ժամը 17։00-ին գնում տուն։ Վեց ժամ դաս անելուց հետո երեխան 3-4 ժամ էլ մնում է դասապատրաստման համար։ Դե, ասում են` Եվրոպայում այդպես է։ Իսկ ովքե՞ր են հիմնում կրթօջախներ: Այստեղ էլ մասնագիտությունը կարևոր չէ։
Ապրանքագետն ու ինժեները, բժիշկն ու իրավաբանը կարող են հիմնել բուհ, դպրոց, մանկապարտեզ։ Եթե կրթության բախտը որոշում է նախարար բժիշկը, իսկ արվեստի բախտը` կենսաբանը, ինչո՞ւ ապրանքագետը չի կարող դպրոց հիմնել, եթե հաշվի առնենք, որ գիտելիքը նույնպես ապրանք է։
Համագործակցության եզրեր կան, ինչպես ասում են դիվանագետները։
Մարդիկ, ովքեր չեն ուսումնասիրել մանկավարժություն, հոգեբանություն, հիմնում են իրենց անունով դպրոց, չիմանալով` ի՞նչ ծրագրով և ո՞ր մեթոդով աշխատեն։
(Աբովյանի և Աղայանի մտքով չէր անցնի հիմնել իրենց անունով դպրոց)։
Այստեղ էլ չկա վերահսկողություն, մասնավոր է, ու վերջ: Կուզի` կպարի առանց դահլիճ, կուզի` կլողա առանց լողավազան։ Կարևորը բարաթն է: Այսինքն, եթե խանութը մասնավոր է, կարող է թույն վաճառել։ Վատ կրթությունը թույն է մեր սերնդի համար։ Չարժե խոսել գների մասին, որոնք գերազանցում են ամենամոդայիկ համալսարանական գներին։
Բյուջետային աշխատողը կկարողանա՞ վճարել։ Չի կարող` թող տանի պետական դպրոց, որի կողքով անցնելիս` դժվար է կռահել. դա՞ս է, թե՞ դասամիջոց։
Այստեղ էլ տեր-տիրական չկա։ Կոլեկտիվներում չկա այլախոհություն, համարձակ մարդիկ օպտիմալացվել են։ Մնացել են մարդիկ, ում համար աշխատանք կորցնելը մահացու հարված է իր և ընտանիքի համար։ Այստեղից էլ ծնվում է վախը վաղվա համար, ստորաքարշությունն ու քծնանքը:
Ուսուցիչը կորցրել է իր արժանապատվությունը, հպարտությունը։ Նրա վաղվա օրը տնօրենի կրնկի տակ է։
Պարոն չինովնիկներ, իսկ դուք խոսում եք ուսուցչի դերի բարձրացման մասին։ Ինչպիսի՞ մարդ կդաստիարակի թույլ, վախկոտ, քծնող մարդը. իհարկե, իր նմանին։
Պատճառն այն է, որ ոչ մի տնօրեն, վարչության պետ, նախարար չի պատժվում ամենաթողության համար։
2003-2005թթ. նախարարն ու նախկին վարչության պետը պատասխան տվեցի՞ն իրենց կատարած սխալների համար։ Գրչի մի հարվածով, առանց խորանալու յուրաքանչյուր մարդու աշխատանքի, նրա տված օզուտի մեջ, օպտիմալացրին 25.000 ուսուցչի, չանհանգստացան նրանց ճակատագրի համար, չամաչեցին ու հանգիստ ուղարկեցին Թուրքիա ու Սադախլո։ Իսկ հիմա վայելում են նոր աթոռ, նոր պաշտոն։
Ո՞վ պատասխան տվեց հայոց լեզվի գրավորի խայտառակ արդյունքների համար։ Ո՛չ ոք։
Երբեմն բժիշկ նախարարը` ի լուր հանրությանը, նշում է, որ հեռացվել են տնօրեններ։ Համոզված եմ, որ հեռացվում են լավագույնները, ովքեր չեն կատարում իրենց ոչ պրոֆեսիոնալ հրամանները։
Մատների վրա կարելի է հաշվել խելացի, բանիմաց տնօրենների, որոնց անունը չի հնչում, և նրանց դպրոցներն էլ կոչվում են դպրոցին հարիր անունով` «Մեսրոպ Մաշտոց», «Քվանտ»։
Իսկ ծնողները փնտրում են ու փնտրում։ Շատերը ելքը գտել են: Տանում են ամենամոտ դպրոցը, սակայն` հույս չունենալով, թե այնտեղ գիտելիք կստանա երեխան, լրացուցիչ պարապելու են տանում կրկնուսույցների մոտ։ Սա ավագ դպրոցի համար նորույթ չէ, բայց, որ այդ երևույթը մտել է կրտսեր դպրոց` սարսափելի է։ Կրկնուսուցման դեմ պայքարողներն այսուհետ թող պայքարը սկսեն մանկապարտեզից։
Մյուս նորույթն այն է, որ աշակերտը պետք է սովորի տարբեր դպրոցներում։ Կան երգեր, բանաստեղծություններ` նվիրված կրթօջախին, ուսուցչին: Այս պարագայում ո՞ր դպրոցը կդառնա հարազատ, կկարողանա՞ն ունենալ մանկության հավատարիմ ընկեր, որի հետ ընկերություն կանեն մինչև վերջ։ Նման դեպքեր այսօր կան, որ արդեն պապիկ ու տատիկ դարձած, հավաքվում են դասարանով, կանանց, ամուսինների, թոռների հետ, և օրինակ ծառայում իրենց երեխաներին, թե ինչպես պետք է ընկերություն անել։ Իսկ որևէ այլ երկրում նման բան կա՞։ «Ոչ, ինչո՞ւ պետք է մեզանում այդպես լինի, մենք հո սպիտակ ագռա՞վ չենք»։
Ինչի մասին խոսում ենք` ասում են` եվրոպաներում այդպես է, մենք շատ ենք ետ ընկել, պետք է շտապել, բայց ո՞ւր, բոբիկ ոտքերով շտապել չի լինի, փուշն ու տատասկը կարյունոտեն ոտքերը։
Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի ֆորմատից երևում է, որ Դուք մտահոգ եք մեր երկրում տիրող խառնաշփոթի և ամենաթողության համար։
Այդ պատճառով որոշեցի դիմել Ձեզ` հուսալով, որ թերթի մի աննշան անկյունում կծվարի գրածս։ Ինձ նման շատերը, ովքեր անհանգստացած են այդ խնդրով, կիմանան, որ հարցը բարձրաձայնող կա։ Հույսս չեմ կտրում, հավատում եմ, որ կգան մարդիկ, ովքեր կմտածեն աշակերտի, ուսուցչի ու դպրոցի մասին։