Բաժիններ՝

Թրամփը 150 երկրի համար միասնական մաքսատուրքեր կսահմանի՝ 10-15%-ի չափով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է 150 երկրից ներմուծվող ապրանքների համար սահմանել միասնական մաքսատուրք՝ 10-15%-ի չափով։ Այս մասին նա ասել է Real America’s Voice հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Թրամփը նշել է, որ մեծ գումար է երկիր մտնում. միայն հունիսին, նրա խոսքով, եղել է 25 միլիարդ դոլարի ավելցուկ՝ չնայած մաքսատուրքերը դեռ չեն սկսել գործել։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ներկա մաքսատուրքերի մեծ մասը կապված է մեքենաների, դրանց պահեստամասերի, ալյումինի և պողպատի հետ, սակայն օգոստոսի 1-ից դրանք կտարածվեն նաև արտասահմանից ներմուծվող այլ ապրանքների վրա։

Թրամփն ավելի վաղ նամակներ էր ուղարկել մի շարք երկրների ղեկավարների՝ նրանց հայտնելով 25%, 30%, 40% և նույնիսկ 50% մաքսատուրքեր սահմանելու մասին։

«200 երկիր կա, ճի՞շտ է։ Մենք մնացած մոտ 150 երկրի համար կսահմանենք միասնական սակագին։ Մենք պարզապես մեկ սակագին կսահմանենք, և դա, հավանաբար, կկազմի 10% կամ 15%», – ասել է Թրամփը։Սպիտակ տան ղեկավարը, սակայն, վերապահում է արել, որ «վերջնական որոշում դեռ չի կայացվել»։

Նախագահը նաև նշել է, որ իր վարչակազմը «շատ մոտ է» Հնդկաստանի և ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրերին։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ չնայած Եվրոպան երկար ժամանակ առևտրային հարաբերություններում «վնաս է պատճառել Միացյալ Նահանգներին», սակայն այժմ «քաղաքավարի է վարվում» և նպատակ ունի գործարք կնքել։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի նկատմամբ օգոստոսի 1-ից գործելու են 30% մաքսատուրքեր։ 

Կանադայի հետ համաձայնագրի հնարավորության մասին հարցին Թրամփը պատասխանել է, դեռ շատ վաղ է ասել։ Նրա խոսքով՝ կանադացիները «շատ լուրջ վիրավորել են մեզ՝ ամերիկացի ֆերմերների նկատմամբ 400% մաքսատուրքեր սահմանելով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս