
ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. երկու կողմն էլ հայտնել են զոհերի և վիրավորների մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի նոր փոխադարձ հարվածների հետևանքով երկու կողմերում էլ զոհեր են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի պայթյունից 1 կին է զոհվել։ Ըստ նահանգապետի՝ սարքն ընկել է մասնավոր տան վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։
Հուլիսի 16-ի երեկոյան ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից Բելգորոդում ևս 1 մարդ էր զոհվել, 6-ը՝ վիրավորվել։ Իսկ Վորոնեժում ԱԹՍ-ի բեկորների հարվածից բազմաբնակարան շենքում երեք դեռահաս է վիրավորվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է հուլիսի 16-ի երեկոյից մինչև հուլիսի 17-ի առավոտ ուկրաինական 174 ԱԹՍ խոցելու մասին, որոնցից 122-ը՝ գիշերը։ Հարվածների պատճառով ժամանակավորապես փակվել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը։
ԱԹՍ-ներ են խոցվել նաև Մոսկվայի մարզում։ Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ոուսական ուժերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Դնեպր քաղաքին։ Զոհվել է 1 մարդ, 5-ը վիրավորվել են։ Քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել։
Հարվածներ են հասցվել նաև Կրիվոյ Ռոգին։ Սումիի մարզին առավոտյան հասցված հարվածներից վնասվել են բնակելի տներ, հրդեհներ են բռնկվել, տուժածներ չկան։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գիշերը երկրի վրա է արձակվել 64 ԱԹՍ, որոնց մի մասը խոցվել է, 23-ը հարվածել են 5 տարբեր վայրերի։