Բաժիններ՝

Սիրիայի նախագահը դատապարտել է Իսրայելի հարձակումը սիրիական տարածքների վրա

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 17-ին ուղերձով դիմել է սիրիացի ժողովրդին՝ ընդգծելով պետության հանձնառությունն ազգային միասնությանը և մերժելով ցանկացած արտաքին փորձ՝ անհամաձայնություն սերմանելու կամ երկիրը բաժանման ու պատերազմի մղելու համար։ Այս մասին հայտնում է սիրիական Al Ikhbariah հեռուստաալիքը։

«Նախկին իշխանության անկումից ի վեր իսրայելական ռեժիմը մշտապես թիրախավորել է երկրի կայունությունը և բազմիցս փորձել է ներքին անկարգություններ ստեղծել», – նշել է նա՝ ընդգծելով, որ Սիրիան «ո՛չ դավադրությունների փորձադաշտ է, ո՛չ էլ արտաքին նկրտումների հրապարակ»։

Իր ելույթում նախագահ աշ-Շարաան անդրադարձել է աս-Սուեյդայի դրուզ համայնքին՝ ընդգծելով, որ նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են և պահպանվում են պետության առաջնահերթությունների շարքում՝ մերժելով նրանց արտաքին հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ։

Ահմեդ աշ-Շարաան խոստացել է, որ դրուզ փոքրամասնության դեմ բռնության հետևում կանգնածները պատասխանատվության կենթարկվեն՝ հավելելով, որ անվտանգության պատասխանատվությունը կվերադարձվի տեղական իշխանություններին։

Նա պարզաբանել է, որ Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների ուժերը տեղակայվել են ամբողջ նահանգում և հաջողությամբ վերականգնել են կայունությունը՝ վտարելով ապօրինի խմբավորումներին՝ չնայած Իսրայելի միջամտությանը։

Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների, արաբական երկրների և Թուրքիայի կողմից ձեռնարկված միջնորդությունը, որը նպաստել է տարածաշրջանն անորոշ ճակատագրից փրկելուն։

Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը հայտարարել է աս-Սուեյդայում մի քանի օր տևած բռնություններից հետո նոր հրադադարի և այնտեղ ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս