Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի դիրքորոշումները՝ միջազգային հարթակների շրջանակում Հայաստանին առնչվող տարբեր հարցերի շուրջ: 

Մայա Դաղերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ փոխգործակցության ու ակտիվ երկխոսության համար: Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները կշարունակեն պատմական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը միտված քայլերը: Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս