
Իսրայելում ուղղադավանների ևս մեկ կուսակցություն հայտարարել է կառավարությունից դուրս գալու մասին

Իսրայելի ՇԱՍ կուսակցությունը, որը ներկայացնում է ուղղադավան սեֆարդ հրեաների շահերը, որոշում է կայացրել դուրս գալ կառավարությունից՝ կրոնական դպրոցներում սովորողների համար պարտադիր զորակոչի շուրջ ծագած վեճերի պատճառով: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Նշվում է, որ ըստ իսրայելական ԶԼՄ-ների, ՇԱՍ-ը ներկայացնող նախարարները վայր կդնեն լիազորությունները և կհեռանան կառավարությունից, բայց նրանց խմբակցությունը, որը 11 մանդատ ունի 120-տեղանոց Քնեսեթում (խորհրդարան), կշարունակի աշխատել օրենսդիր ժողովում և դրա հանձնաժողովներում, իսկ նրա պատգամավորները չեն փորձի կազմալուծել խորհրդարանական կոալիցիան և առայժմ չեն պաշտպանի անվստահության քվեները ներկայիս նախարարների կաբինետի նկատմամբ:
Մինչ այդ՝ հուլիսի 14-ին, կոալիցիայից դուրս գալու մասին են հայտարարել երկու այլ ծայրահեղ կրոնական կուսակցություններ՝ «Դեգել հա-Թորա»-ն («Թորայի դրոշ») և «Ագուդատ Իսրայել»-ը («Իսրայելի միություն»), որոնք միասին ներկայիս գումարման Քնեսեթում ունեն 7 խորհրդարանական մանդատ: Ուղղադավան խմբակցությունների այդ գործողությունների համար առիթ է դարձել նրանց դժգոհությունն այն բանից, որ կոալիցիոն գործընկերներն ուշացնում են խոստացված օրինագծի ընդունումը, որով հրեական կրոնական դպրոցների ուսանողները պետք է ազատվեն բանակում պարտադիր ծառայությունից:
Մինչ օրս երիտասարդ ուղղադավանները, փաստորեն, ազատված էին զինվորական ծառայությունից։ Նրանց կուսակցությունները ցանկանում են դա ամրագրել օրենսդրական մակարդակով, իսկ իսրայելական հասարակության աշխարհիկ մասը պահանջում է անընդհատ ընթացող մարտական գործողությունների պայմաններում ուղղադավաններին պարտադիր կարգով զորակոչել բանակ: