Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Քոչարյանի հայտարարության հեղինակը Քոչարյանն է
Երեկ Ազգային ժողովում, կարծես, մարել էին նախորդ օրերի կրքերը. ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «հանձնելուց» հետո մի տեսակ խաղաղություն էր տիրում
ՀՀԿ շարքերում:
Երեկ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Վ. Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին արված հայտարարությունը, որի նկատմամբ վերաբերմունքը փորձեցինք ճշտել ԱԺ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության պատգամավորներից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում անդրադառնալով հայտարարությանն` ասել էր, թե այդ հայտարարությունը նման չէ երկրորդ նախագահի լեքսիկոնին: Մեր այն հարցին, թե ի՞նչն է հիմքեր տալիս նման կարծիքի ձևավորման համար, Գ. Սահակյանը պատասխանեց. «Բավականին երկար ժամանակ սատարել և աշխատել ենք երկրորդ նախագահի հետ: Էդ տարիները բավականին բեղմնավոր են եղել` տնտեսական զարգացումներ:
Եվ հայտարարությունը, որը վերաբերում է Վարդան Օսկանյանին, ընդհանուր առմամբ, նույն գաղափարախոսությունը ձևավորվել է այդ ժամանակաշրջանում, որ, երբ լիազոր մարմինը, կոնկրետ դեպքում` Դատախազությունը, մտնում է ԱԺ, Հանրապետականը միշտ էլ կողմնակից է եղել, որպեսզի այդ հնարավորությունը տա լիազոր մարմնին` կարևորագույն պատճառներից մեկով, որպեսզի պրոբլեմը կամ թնջուկը չմնա այդպես առանց քննարկման: Մենք այս սկզբունքը չենք փոխել:
Դա է պատճառը, որ ինձ համար անհավատալի է, որ երկրորդ նախագահն այս հարցի կապակցությամբ հայտարարություն տա»: Գ. Սահակյանի խոսքով` եթե վերահաստատվի հայտարարությունը, ինքն ավելի ծավալուն է խոսելու այս մասին: «Իհարկե, ես ասել եմ, խոսել եմ, եթե, իրոք, խնդիր առաջանա, և վերահաստատվի հայտարարությունը, բնականաբար, ավելի ծավալուն կխոսեմ էդ առումով, որովհետև մենք այն քաղաքական ուժն ենք` Հանրապետականը, որ սկզբունքներով ենք առաջնորդվում, և կան որոշակի սկզբունքներ, որ այս տարիների ընթացքում չեն փոխվել և չեն փոխվելու, որոնցից մեկը հենց այդ խնդիրն է»,- նշեց Գ. Սահակյանը:
Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն ափսոսանք է հայտնում, որ երկրի երկրորդ նախագահն այս գործընթացում քաղաքական հետապնդում է տեսնում: «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում` պաշտոնաթող նախագահը, իրավունք ունի, և բնական է` այս կամ այն կարևոր հարցի շուրջ ներկայացնում է իր կարծիքը:
Մենք մեր կարծիքն ասել ենք երեկ քվեարկության ընթացքում, քվեարկությունից առաջ և հետո` քվեարկության արդյունքներով: Մենք այս հարցում տեսնում ենք բացառապես իրավական խնդիր` անկախ նրանից` ո՞վ է այստեղ քաղաքական հետապնդման կամ քաղաքական շահարկումների խնդիր տեսնում` մենք դրա հետ համամիտ չենք և գտնում ենք, որ դա հիմնավորված չէ: Եվ ես ընդամենը` որպես քաղաքացի, որպես ԱԺ փոխնախագահ` ափսոսանք պետք է հայտնեմ, որ իմ երկրի երկրորդ նախագահն այս հարցում տեսնում է քաղաքական հետապնդման տարրեր: Եվս մեկ անգամ ասում եմ` մենք երեկ մեր կարծիքն ասել ենք, և սա բացառապես իրավական խնդիր է, և մենք այդ խնդրին մոտեցել ենք` իբրև իրավական տիրույթի հարց»:
Նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ Ռ. Քոչարյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց. «Ազգային ժողովը կատարել է իր գործառույթները, և ԱԺ կանոնակարգ-օրենքով` եթե իրավական հարթության մեջ նայենք, չեմ կարծում, որ վարկաբեկվել է, եթե նախկինում օրինակներ եղել են: Իսկ ինչ մնում է անձի բնութագիրը Վարդան Օսկանյանի` կարծում եմ` սա պետք է նայենք հենց իրավական հարթության մեջ, այլ ոչ թե անձերի բնութագրերի մեջ: Եվ, իսկապես, եթե որևէ խնդիր չկա, այստեղ որևէ մեկը շինծու կամ ինչ-որ գործով չի զբաղվել, ընդամենը փորձել ենք անձեռնմխելիությունից զրկելով` հնարավորություն տանք, որպեսզի իրավապահ մարմիններն ընդգրկեն այս գործի շրջանակներում»:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` դա չի կարելի դիտարկել` որպես քաղաքական խնդիր: «Վստահ եմ, որ այստեղ չկա քաղաքական խնդիր, այդ իսկ պատճառով` դա էլ հենց հիմք է հանդիսանում, որ սա չի կարող վարկաբեկել ո՛չ մեր երկրի հեղինակությունը միջազգային հանրության մեջ, և ոչ էլ Ազգային ժողովի վարկանիշը»:
Իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն, ասաց. «Ինչ վերաբերում է հայտարարությանը, ընդհանրապես դրան ես վերաբերվում եմ նորմալ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը երկրի 2-րդ նախագահն է, որն ունի իր տեսակետները բարձրաձայնելու իրավունք: Առավելևս, որ խոսքը վերաբերում է իր համակրած քաղաքական ուժի` ԲՀԿ-ի պատգամավորին և իր հետ 10 տարի պաշտոնավարած անձին: Որոշ պնդումների հետ, սակայն, համակարծիք չեմ: Խոսքը հատկապես վերաբերում է այն դիտարկումներին, թե սա հայոց խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է, կամ, որ պատգամավորը պատկանում է հասարակության մեջ հեղինակություն վայելող ուժին»:
Ըստ Հ. Բիշարյանի` օրենքի առաջ բոլորն էլ հավասար են` թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՕԵԿ-ն ու մնացած բոլորը, և ընտրանքային արդարադատությունը ճիշտ չէ: «Ես համաձայն չեմ նաև Ռ. Քոչարյանի այն գնահատականին, որ հնչեցվել է ԱԺ հասցեին` այն անվանելով խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք: Եթե խոսելու լինենք ցցուն դեպքերի մասին, ապա ՀՀ խորհրդարանական պատմության մեջ շատ ավելի այլանդակ ու ցցուն դեպքեր են եղել, և սա այն դեպքերից չէ, որ վարկաբեկեր ԱԺ-ն, առավել ևս, որ պատգամավորը ցուցմունքներ տալուց հրաժարվելու արդյունքում է հայտնվել այս վիճակում, առավել ևս, որ խոսքը չի վերաբերում պատգամավորի գործունեությունը սահմանափակելուն կամ նրան կալանավորելուն»,- ասաց Հ. Բիշարյանը: