Ի՞նչ են պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց քաղաքական դաշտում: Դրանցից շատերն արդեն քննարկվել են, առաջիկայում ևս կլինեն քաղաքական օրակարգում: Ուշագրավ էր ոչ միայն Քոչարյանի հայտարարության բովանդակությունն ու լեքսիկոնը, այլև դրա տարածման հետ կապված մի դետալ:

Հոկտեմբերի 2-ին Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ մինչև օրվա վերջը կտարածվի նախկին նախագահի հայտարարությունը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Սակայն մի քանի ժամ հետո ասել էր, որ հայտարարությունը հետաձգվում է մինչև հաջորդ օրը:

Ի՞նչն էր հայտարարության հետաձգման պատճառը, դժվար է ասել: Իհարկե, Քոչարյանը կամ նրա գրասենյակը կարող է մատնանշել հայտարարության առաջին տողը, որը գուցե հենց այդ պարզաբանման համար էլ ընտրվել է՝ որպես հայտարարության նախաբան: «Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին և չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, Դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

«Ուշադրությամբ ծանոթացա» արտահայտությունը լավ առիթ է՝ հիմնավորելու, որ Ռ. Քոչարյանը մինչև երեկո չէր հասցրել ծանոթանալ ծավալուն «գործի» նյութերին, ողջ գիշերն անցկացրել է դրանք ուսումնասիրելով և միայն առավոտյան է կարողացել հանդես գալ խոստացված հայտարարությամբ: Բնականաբար, այդ պարզաբանումը որևէ մեկին համոզիչ չի թվալու: Ակնհայտ է, որ հոկտեմբերի 2-ին` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քվեարկությանը հաջորդած ժամերին ինչ-որ գործընթաց է ընթացել, որից էլ կախված է եղել Ռոբերտ Քոչարյանի հայտարարության բովանդակությունն ու «լեքսիկոնը»:

Գուցե միջնորդավորված կամ ուղղակի բանակցություն է ընթացել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, ինչի անավարտությունն էլ ստիպել է հետաձգել հայտարարության հրապարակումը: Ի վերջո, որևէ մեկին հայտնի չէ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անձնական հարաբերությունների որակը, որքան էլ դրանց մասին զանազան վերլուծություններ, գնահատումներ ու կանխատեսումներ արվեն:

Այդ հարաբերությունները, սակայն,  վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն Օսկանյանի գործի հետագա ընթացքի, ՀՀԿ-ԲՀԿ կապերի, այլ ընդհանրապես առաջիկա քաղաքական զարգացումների վրա: Հետևաբար՝ հենց այդ հարաբերությունների շնորհիվ կամ դրանց պատճառով առաջացած իրողությունները ցանկացած պահի կարող են փոխել նաև քաղաքական զարգացումների ընթացքը:

Ընդ որում, խոսքն այնպիսի հարթության մասին է, որում առաջացած հակասությունների կամ հաստատված համաձայնությունների մասին կարող են տեղյակ չլինել անգամ Քոչարյանի ու Սարգսյանի ամենամերձավոր թիմակիցները: Հատկապես հեռահար համաձայնությունների պարագայում՝ դրանց արժեքը հենց այն է, որ, կողմերից բացի, որևէ մեկը չի տեղեկացվում այդ մասին: «Մեծ թատրոնի» դեպքում՝ կողմերից յուրաքանչյուրի թիմակիցները տեղյակ չլինելով «շեֆերի համաձայնության» մասին՝ կարող են անգամ հայհոյել իրար, ձեռնամարտի բռնվել, ինչն ավելի արժանահավատ կդարձնի այդ գործընթացը: Այս տրամաբանությամբ, պետք չէ բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ ուղղակի կամ անուղղակի  պայմանավորվածություն է ձեռք բերել Վարդան Օսկանյանի գործն ավելի չխորացնելու և «միջանկյալ լուծում» գտնելու վերաբերյալ` պայմանով, որ իր հայտարարությունը կլինի «այլ լեքսիկոնով»:

Քոչարյան-Սարգսյան հարաբերությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ վճռորոշ պահերին երրորդ անձը դրանցում կարող է տեղ չունենալ: Խոսքը, տվյալ դեպքում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին է: Ծառուկյանն ինքը կարող է առնվազն չբացառել, որ Քոչարյանն ու Սարգսյանը, հնարավոր է, իրեն շրջանցելով՝ ինչ-որ համաձայնության հանգեն: Ու ամենևին բացառված չէ, որ հենց այդ անտեղյակությամբ ու դրանից բխող անորոշությամբ է պայմանավորված նրա լռությունը սեփական կուսակցության հիմնական դեմքերից մեկի` Վարդան Օսկանյանի շուրջ կատարվող գործընթացի առնչությամբ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս