Մի ուրացեք Ձեր եղբորը

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկումը, ապա դրա քվեարկությունը խորհրդարանում` ավելին էր, քան ընթացիկ քաղաքական շրջափուլի հերթական աղմկահարույց  իրադարձությունը: Անցած երկու օրերին կատարվածի վերաբերյալ գնահատականները հիմնականում քաղաքական կամ քրեական էին:

Շատ էին որակումները, որ Օսկանյանի գործը բացահայտեց մեր քաղաքական համակարգի անառողջ վիճակը,  իշխանության դեմքը, պաշտոնյաների ամենաթողությունը, և այլն, և այդպես շարունակ: Սրանք բոլորը քաղաքական գնահատականներ էին, որոնք չէին արտահայտում կատարվածի մեկ այլ` թերևս, ավելի կարևոր ասպեկտը կամ շերտը:

Օսկանյանի հարցի շուրջ քննարկումները վկայեցին ոչ միայն ու գուցե ոչ այնքան մեր քաղաքական, որքան քաղաքակրթական մակարդակի ու արժեքային համակարգի դեգրադացվածության մասին: Ընդ որում, այստեղ Օսկանյանի անձը երկրորդական, երրորդական նշանակություն ունի: Ավելին` Վարդան Օսկանյանն՝ ինքը, այդ քաղաքական ու արժեքային համակարգի մի մասն է` անուղղակի հետապնդողի կամ ուղղակի հետապնդվողի կարգավիճակներում:

Գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ընթացքում Վարդան Օսկանյանին ուղղվող հարցերի ու անարգանքի սյունին գամող ելույթների հեղինակների մեծ մասը տարիներ շարունակ գործել ու գոյակցել է նրա հետ կողք կողքի, նույն համակարգում, նույն թիմում: Նրանց մի մասը եղել է ոչ միայն ուղղակի Օսկանյանի գործընկերը, այլ նրա հետ ընկերություն է արել, մտերիմ է եղել ընտանիքներով, շատերի երեխաները գուցե Օսկանյանի երեխաների հետ խաղացել են նույն բակում:

Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանական համակարգում է 1990-ականների սկզբից, սակայն իշխանության «բարձր վերնախավում»  հայտնվել է 1998 թվականի իշխանափոխությունից  հետո` զբաղեցնելով արտգործնախարարի պաշտոնը: Թերևս, միայն Օսկանյանն ու նրա արդեն նախկին ընկերներն և գործընկերները կարող են հաշվել, թե քանի տասնյակ կամ հարյուր անգամ են միասին «հաց կիսել», մասնակցել «օջախի միջոցառումներին», մեծարման ու հավատարմության երդումների կենացներ խմել: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն այսօրվա պատգամավորներից  շատերին, այլ նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ում հանձնարարությամբ էլ հանրապետականները «հանձնեցին» Օսկանյանին:

Վերը նշված օրինակներն, իհարկե, մարդկային հարթությանը վերաբերող երևույթներ են, և մեր քաղաքական գործիչներն անմիջապես կհակադարձեն, թե դրանք քաղաքական կատեգորիաներ չեն: Գուցե իսկապես քաղաքական չեն, թեև ո՞ւմ է պետք այն քաղաքականությունը, որն «անցնում» է մարդկայինի վրայով: «Ոչ քաղաքական» լինելով` այս երևույթները վկայում են քաղաքական մշակույթի բացակայության, չգոյության մասին, ու դրա տված հետևանքներն ավելի ծանր, ցավոտ ու անդառնալի են լինելու, քան նույնիսկ Օսկանյանի կողմից  «լվացված փողերի» քանակը:
Խնդիրը, սակայն, նշված երևույթի քաղաքական լինել-չլինելը չէ, այլ այն, որ այս էլ որերորդ անգամ Հայաստանի քաղաքական վերնախավը հրապարակայնորեն,  ուղիղ եթերով ապացուցում է, որ «հացը քաղաքական կատեգորիա չէ»:

«Հացի սրբությունը», «կիսած հացը չուրանալը» գոնե մեր  հանրային գիտակցության մեջ, համընդհանուր արժեքային համակարգում զսպող, որոշակի բարոյական սահմանի նշանակություն ունեցող հասկացություններ են: Այսօր տեղի ունեցողը վկայում է, սակայն, որ այն մարդկանց համար, ովքեր ամենաշատն են կրկնում վերը նշված «սրբությունների» մասին, իրականում հացն ընդամենը ստամոքսային կատեգորիա է: Այնպես, ինչպես խաշը, խորովածը կամ «ատկատը»:

Վերը նշվածն ամենևին Վարդան Օսկանյանին արդարացնելու կամ որպես զոհ ներկայացնելու փորձ չէ: Ավելին` Վարդան Օսկանյանը, տվյալ դեպքում, ավելի է խորացնում իրավիճակի, իր իսկ անձի հետ կապված բարոյահոգեբանական իրավիճակի խեղաթյուրման  անդառնալիության զգացողությունը: Այն պարզ պատճառով, որ Վարդան Օսկանյանը մեկն է այն համակարգի ներկայացուցիչներից, որում  նպատակներին հասնելու համար միջոցների միջև խտրություն չեն դնում, որում մարդկային հարաբերությունները ոտնահարվում են՝ ըստ քաղաքական նպատակահարմարության,  որում ամենաբարձրն են խոսում «ախպերության» մասին, բայց ամենաառաջինն են դավաճանում եղբայրներին: Վարդան Օսկանյանն ավելի քան տասը տարի չի ընդվզել  դավաճանության այդ խրախճանքի դեմ և հիմա դարձել է դրա հերթական ալիքի զոհը: Դա օբյեկտիվ իրականություն է և ոչ թե՝ մարդկային ու քաղաքական ծանր կացության մեջ հայտնված անձի վիճակն ավելի ծանրացնելու էժանագին քայլ:

Ամենացավալին այն է, որ անցյալի հետ զուգահեռներ տանելու ու նախկին արտգործնախարարի մեղավորությունն այդ անցյալում ապացուցող բոլոր հիշեցումներին, որոնց իմաստն այն է, որ «Օսկանյանին հասնում ա»` հակափաստարկների բացակայության պատճառով, մնում է ընդամենը հակադարձել «ընկածին չեն խփում» իռացիոնալ մեջբերումով:

Բայց ավելի սարսափելի է այն գիտակցումը, որ Հայաստանում գրեթե չեն մնացել մարդիկ, որոնց «չի հասնում»: Խոսքը, բնականաբար, տարբեր ժամանակների քաղաքական վերնախավերի ներկայացուցիչների մասին է, որոնք որոշակի հերթագայությամբ հայտնվում են մեկ դատողների, մեկ դատվողների դերում: Ու այդ գիտակցումից առաջանում է առնվազն իրականությունից փախչելու ձգտում, որը գործնական դրսևորում է ստանում հայաստանյան իրականությունից փախչելու` արտագաղթելու ձևով:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ցավոք, ոչ առաջին, ոչ էլ` դատելով մեր քաղաքական համակարգի շարունակականության միտումներից, վերջին դեպքն է: Օսկանյանի շուրջ կատարվողի տպավորությունները թարմ են, գուցե կա դրանց ընկալման ավելի էմոցիոնալ ֆոն: Սակայն շատ ավելի վատ դրսևորումներով նույնը տեղի է ունեցել նաև ոչ այնքան հեռավոր անցյալում: Տեղի է ունեցել մի քանի անգամ:

Առիթ ունեցել ենք Օսկանյանի հետ կատարվող գործընթացի հետ կապված՝ զուգահեռ անցկացնել 1999 թվականին Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու որոշում կայացնելու ԱԺ որոշման միջև: Այն ժամանակ էլ տեղի ունեցավ նույն` դավաճանության շքահանդեսը` Սիրադեղյանի նախկին ընկերներից ու գործընկերներից շատերը հանձնեցին նրան: Դրան նախորդել էին ու հաջոդեցին մարդկային ու քաղաքական դավաճանության բազմաթիվ դեպքեր` սկսած 1998 թվականի իշխանափոխությունից՝ մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27 ու 2008 թվականի մարտի 4: Սա հիշեցնում է անվերջանալի շղթա` դավաճանողները դառնում են դավաճանվողներ, նրանց հաջորդում են նորերը, ու այդպես շարունակ:

Հ.Գ. Ուղիղ 10 տարի առաջ` 2002 թվականին, մեծն Հրանտ Մաթևոսյանը` ամփոփելով նորանկախ Հայաստանի ոչ այնքան երկար անցյալը ու, թերևս, կանխազգալով ապագան` պատգամում էր` «Մի՛ ուրացեք Ձեր եղբորը»:

Տեսանյութեր

Լրահոս