10-ից 4-ը ամեն օր այցելում են սուպերմարկետ
Բնակչության 42.3%-ը ամենօրյա գնումների համար հաճախում է սուպերմարկետ, իսկ 41%-ը նույն հաճախականությամբ օգտվում է փոքր խանութներից: Այմ մասին նշում է Մեդիամաքսը՝ հղում անելով Ամերիա աուդիտորախորհրդատվական ընկերության կողմից իրականացված հետազոտությանը:
Ընկերությունը հետազոտություններ է սկսել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում, որը, ըստ Ամերիա-ի, կարող է օգտակար լինել մանրածախ/մեծածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներին` իրենց բիզնեսն առավել արդյունավետ կազմակերպելու, թույլ և ուժեղ կողմերը գնահատելու, բնակչության պահանջմունքները լավագույն ձևով ընկալելու համար: «Հետազոտությունը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել նաև բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին, պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, առանձին հետազոտողներին և գիտնականներին»,- հայտնել են ընկերությունում:
Առաջին հետազոտությունն իրականացվել է Երևանում սննդամթերքի և արագ սպառման այլ ապրանքների մանրածախ առևտրի, բնակչության նախասիրությունների, կատարվող ծախսերի վերաբերյալ, միաժամանակ տրվել են գնահատականներ ըստ սուպերմարկետների և այլ առևտրի կետերի:
Համաձայն հետազոտության արդյունքների` սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի և տնտեսական ապրանքների շուկայում սուպերմարկետների տեսակարար կշիռը գնահատվել է մոտ 39%, ընդ որում՝ միայն 30%-ը կազմում են Երևան քաղաքի 4 հիմնական սուպերմարկետները: Հատկանշական է, որ սուպերմարկետներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Երևանում ալկոհոլային խմիչքների ձեռքբերման շուկայում, նրանց բաժին է ընկնում այդ շուկայի 63.1%-ը: Ըստ ապրանքատեսակների դիտարկելիս՝ գյուղատնտեսական շուկաները հիմնականում օգտագործվում են մրգի և բանջարեղենի գնումների համար, որոնց բաժին է ընկնում այս ապրանքատեսակների մանրածախ առևտրի ամբողջ ծավալի 28%-ը: Հացը և ծխախոտը հիմնականում վաճառվում են փոքր խանութներում, որոնց բաժին է ընկնում այդ ապրանքատեսակների համապատասխանաբար 30.3%-ը և 29.7%-ը:
«Արագ սպառման ապրանքների շուկայում մրցակցությունը կենտրոնանում է հիմնականում ցանցային սուպերմարկետների սեգմենտում: Այդ առումով հետաքրքիր է, որ ցանցային մանրածախ առևտրի օբյեկտների ի հայտ գալը նաև էական փոփոխություններ առաջացրեց բնակչության կողմից գնումների մշակույթում և սպառման վարքագծում: Դա մի կողմից կարող է դրական ազդեցություն ունենալ սպառողների շահերի տեսանկյունից` ապրանքների որակ, թարմություն, պահպանման պայմաններ, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայր և այլն, մյուս կողմից կարող է ազդել սպառողական ապրանքների գնաճի վրա», – նշել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը:
Հետազոտության արդյունքներն առավել խորությամբ և արդեն ըստ համապատասխան առևտրի կետերի կներկայացվեն մոտ ապագայում նախատեսվող կլոր սեղանի քննարկման ընթացքում, որին կմասնակցեն ոլորտի խոշորագույն ընկերությունները, ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչները, ոլորտի փորձագետները և այլն: