Օսկանյանի կարգավիճակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Ծառուկյանն է

Ինչպես և սպասվում էր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Թե ինչ շարունակություն կունենա այս գործընթացը` դեռևս դժվար է ասել: Ակնհայտ է միայն այն, որ Օսկանյանի նկատմամբ հետագա «քննչական գործողությունների» խորությունը պայմանավորված է լինելու քաղաքական զարգացումներով և հակառակը` մասնավորապես «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումները կարող են կանխորոշել նախկին արտգործնախարարի հետագա կարգավիճակը քրեական գործի շրջանակներում:

Ավելի պարզ ասած` Վարդան Օսկանյանի կալանավորվել-չկալանավորվելու հարցը, այսօրվանից սկսած, կախված է ոչ այնքան Գլխավոր դատախազությունից ու Ազգային անվտանգության ծառայությունից, որքան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանից: Կհամաձայնվի՞ վերջինս իշխանության այն պայմաններին, որոնք ստանալու համար իշխանությունն Օսկանյանին զրկեց պատգամավորական մանդատից, ուրեմն Օսկանյանի նկատմամբ կկիրառվի, ասենք, բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությունը, չի՞  համաձայնվի` դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ կընտրի կալանքը:

Իշխանությունը «Բարգավաճ Հայաստանից» ցանկանում է ստանալ կամ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն (ինչն, իհարկե, վերջին իրադարձություններից հետո գրեթե անհավանական է և, տեղի ունենալու դեպքում, զրոյին կհավասարեցնի ԲՀԿ-ին), կամ ընտրություններում չեզոք դիրքորոշում:

Երրորդ տարբերակն այն է, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով կմասնակցի ընտրություններին, ասենք` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, «պատվավոր» երկրորդ տեղը զբաղեցնելու նախնական պայմանավորվածությամբ: Թե այս տարբերակներից ո՞րը կընտրի Գագիկ Ծառուկյանը`  դժվար է ասել: Առայժմ ակնհայտ է միայն, որ նա դեռևս անձնապես առճակատման չի ցանկանում գնալ Սերժ Սարգսյանի հետ, ինչի վկայությունն էր նաև նրա բացակայությունը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով խորհրդարանական քննարկումներից ու քվեարկությունից:

Եթե նա ընտրելու լիներ առճակատման ճանապարհը, այսինքն` վերը նշված երեք տարբերակներից որևէ մեկին չհամաձայնելու որոշում կայացրած լիներ, ապա ԱԺ նիստին նրա մասնակցությունը հրաշալի առիթ կլիներ այդ «հայտը» ներկայացնելու համար: Սակայն դրանից հետո Գ. Ծառուկյանն այլևս հետդարձի ճանապարհ չէր ունենա և ստիպված կլիներ անձամբ կամ որևէ այլ թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին` դրանից բխող բոլոր քաղաքական ու քրեական հետևանքներով: Ծառուկյանի` գոնե մինչև այս պահի լռությունը ցույց է տալիս, որ նա չի բացառում Սերժ Սարգսյանի հետ փոխզիջման գնալու հնարավորությունը, ավելին` բացառված չէ, որ ստեղծված իրավիճակում ինքն է ձգտում դրան:

Բոլոր դեպքերում, Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելն արդեն այսօրվանից դարձավ առաջիկա նախագահական ընտրությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը: Իշխանության հետ առճակատման գնալու դեպքում Օսկանյանի հարցը դառնալու է «Բարգավաճ Հայաստանի» քարոզչության ու հակաիշխանական քարոզչության առանցքային կետը, իսկ Սերժ Սարգսյանի հետ կոմպրոմիսի գնալու դեպքում` այդ հարցը ԲՀԿ-ի համար բեռ է դառնալու` հասարակությանը սեփական վարքագիծը բացատրելու իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս