«Ո՞ր են լուրջ հեղափոխական փոփոխությունները գիտության համար, ո՞ւր են արդյունքները» (լուսանկարներ)

Ասում է «Սելենոխոդ» լուսնագնացի նախագծի ռուսահայ ղեկավար Տիգրան Շահվերդյանը

Տիգրան Շահվերդյանը սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, գիտելիքներ ստացել է պապից, ով դեռևս մանկուց նրա մեջ սերմանել է հետաքրքրություն դեպի աստղագիտություն, ֆիզիկա և ընդհանրապես գիտություն:
Դպրոցին զուգահեռ` Տ. Շահվերդյանը հաճախել է Տիեզերագիտական ակումբ, որտեղ նրա մոտ ավելի է խորացել հետաքրքրությունը դեպի ֆիզիկա և տիեզերագիտություն: Մասնակցել է ֆիզիկայի և աստղագիտական տարբեր միջազգային օլիմպիադաների` նվաճելով մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:

Ասում է` մի բան հաստատ է. Տիեզերագիտության ակումբը չի թողել, որ Հայաստանում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները սպանեին իր մեջ հետաքրքրությունը դեպի տիեզերագիտություն, այլ ընդհակառակը` ավելի են ուժեղացրել սերը դեպի գիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո նա ուսանել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (Ֆիզտեխ): «Ժամանակին ցանկանում էի մասնագիտանալ հենց տիեզերական ապարատների և սարքերի շինության բնագավառում, բայց կային դժվարություններ` կապված այդ բնագավառի գաղտնիության հետ, չնայած հետո արդեն իմացա, որ դա այդքան էլ խոչընդոտ չէր հիմնարար գիտությամբ զբաղվելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Տ. Շահվերդյանը:

Ամբողջ կյանքում սիրել եմ Տիեզերքը…

Կարդացեք նաև

«Ամբողջ կյանքում սիրել եմ Տիեզերքը և ցանկացել եմ հենց դրանով զբաղվել: Հենց այդ էր պատճառը, որ տեղափոխվեցի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ գտնվում էր Ֆիզտեխի տիեզերական ֆիզիկայի ամբիոնը: Այդ տեղափոխումը եղավ արդեն ասպիրանտուրայում. այդ տարիքում բավականին բարդ էր թեմա փոխելը, սակայն ես դա շատ էի սիրում, տեղափոխվեցի և սկսեցի տիեզերագիտության մեջ խորանալ…»,- ասում է Տիգրան Շահվերդյանը: «Շատ մարդիկ մտածում են, թե ինչպես կարելի է տիեզերագիտությամբ զբաղվել և լավ ապրել: Տարիների ընթացքում ես հասկացա, որ այդ ամենը հնարավոր է իրագործել, կարելի է գտնել այդ հնարավորությունները»,- վստահեցրեց նա: Ուսումնառությանը զուգահեռ` Տ. Շահվերդյանը սկսել է զբաղվել տիեզերական սարքերի պատրաստման նախագծերի ղեկավարմամբ և տեղեկանալով ռուսական «Սելենոխոդ» ծրագրի մասին` միացել է թիմին, որը մասնակցում է Լուսնի վրա լուսնագնաց ուղարկելու Google Luner X PRIZE միջազգային մրցույթին: Նշենք, որ այն ամերիկյան X PRIZE հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ է, որի ֆոնդը տրամադրել է Google-ը, իսկ նպատակն էր` խթանել մասնավոր սեկտորի զարգացումը տիեզերքի բնագավառում, որպեսզի փոքր թիմերը կարողանան կարևոր և հետաքրքիր նախագծեր իրականացնել և լուսնագնաց իջեցնել Լուսնի վրա: «Դա ուղղակի էնտուզիաստների թիմ է` պետության հետ ոչ մի կապ չունեցող: Դա միակ ռուսական և ընդհանրապես ամբողջ ԱՊՀ տարածքում միակ թիմն է, որը մասնակցում է այդ մրցույթին, իսկ մրցույթին այս պահին ամբողջ աշխարհում մասնակցում են 25 թիմեր»,- ասում է Տ. Շահվերդյանը, ով միակ հայազգի ներկայացուցիչն է «Սելենոխոդ» լուսնագնացի նախագծի ծրագրում և այնտեղ զբաղվում է ծրագրերի ղեկավարմամբ:

«Սելենոխոդ» սարքի մասին

Ընդգրկվելով նախագծերի ղեկավարման մեջ` Տ. Շահվերդյանը սկսում է հետաքրքրվել և լրջորեն ներգրավվել մի կազմակերպությունում, որը զբաղվում է տիեզերական ռոբոտատեխնիկայով: Խոսքը «Սելենոխոդ» ընկերության մասին է: Այն դարձել է «Սկոլկովո» հիմնադրամի մասնակից մի հիմնադրամ, որի նպատակն է` ստեղծել նորարարական միջավայր: Արդյունքում ձեռք են բերվել հարկային և մաքսային բավականին լուրջ առավելություններ և դրամաշնորհների դիմելու հնարավորություն:

Տ. Շահվերդյանի խոսքով` Լուսնի նկատմամբ վերջին տարիներին հետաքրքրությունը բարձրացել է այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Լուսնի բևեռային մասերում ջուր կա: «Ամենալուրջ և ամենահամոզիչ արդյունքը ստացվեց մի սարքից, որը մեր` Ռուսաստանի ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներից մեկի մշակած սարքի շնորհիվ հայտնի դարձավ: Այդ սարքը մի քանի տարի առաջ թռել էր Լուսին: Լուսնի ուղեծրի վրա պտտվելով և տարբեր ուսումնասիրություններ կատարելուց հետո` պարզ դարձավ, որ Լուսնի վրա ջուր կա` սառած վիճակում»,- ասաց Տ. Շահվերդյանը:
Նրա խոսքով` առաջիկայում Ռուսաստանը պատրաստվում է երկու նմանատիպ սարք ուղարկել դեպի Լուսին, ինչը նախկինում Ռուսաստանի որոշ տիեզերական անհաջողությունների հետևանքով հետաձգվել էր: Ենթադրվում է, որ այդ սարքերը դեպի Լուսին կուղարկվեն 2015 և 2017 թվականներին:

«Ներկայում մենք Սելենոխոդով զբաղվում ենք զուտ հետաքրքրությունից ելնելով, մենք դրա համար որևէ արտաքին ֆինանսավորում չունենք, դա պետությունից անկախ է իրականացվում: Չնայած քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի առաջիկայում կարողանանք դրա համար ֆինանսավորում գտնել, քանի որ մի բան է, երբ անում ես գործը զուտ հետաքրքրությունից ելնելով` երեկոյան ազատ ժամերին, և մեկ այլ բան կլինի, երբ այդ ամենի համար ֆինանսավորում լինի, և մենք կարողանանք պրոֆեսիոնալ կերպով զբաղվել այդ գործով»,- ասաց Տ. Շահվերդյանը` հավելելով, թե արդեն բավականաչափ աշխատանք են իրականացրել, և ծրագրի նախագծման փուլը գրեթե ավարտվել է: Սակայն, ըստ նրա` սարքի պատրաստման համար գումարներ են անհրաժեշտ, ինչի ուղղությամբ այժմ բանակցություններ են ընթանում:

«Մենք ստեղծում ենք հարթակ, որի վրա կարելի է դնել տարբեր գիտական սարքեր և տարբեր գիտական հետազոտություններ իրականացնել»,- ասաց Տ. Շահվերդյանը: Լուսնագնացը ստեղծելու ու բոլոր փորձարկումներն իրագործելու համար անհրաժեշտ է մոտ 1-2 մլն դոլար: Այժմ բանակցություններ են ընթանում ծրագիրը ռուսական պետական ծրագրերի մեջ ներառելու համար:

Այցելություն` դեպի NASA-ի Քենեդիի անվան տիեզերական կենտրոն

Այս տարի ամռանը Տ. Շահվերդյանը մասնակցել է Միջազգային տիեզերական համալսարանի ծրագրին, որը կազմակերպվել էր NASA-ի և Ֆլորիդայի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ: Նա մոտ 2 ամիս գտնվում էր ԱՄՆ-ում: Մի քանի անգամ այցելել են NASA-ի Քենեդիի անվան տիեզերական կենտրոն, որտեղից կատարվում են NASA-ի գրեթե բոլոր տիեզերական ապարատների թռիչքները: Շահվերդյանն ասում է, որ ինքը հիացած է նրանց ընդունելությունից և վերաբերմունքից: «Անգամ NASA-ի ղեկավարն այդքան զբաղված լինելով հանդերձ` եկավ մեզ հետ հաղորդակցվելու, և երբ ես նրան ազգանունով դիմեցի, նա ասաց. «Ուղղակի անունով դիմիր»: Այ այդքան համեստ մարդ է նա: Երբ հանդիպման համար կապվեցի Սան Ֆրանցիսկոյում գտնվող` NASA-ի Էյմսի անվան տիեզերական կենտրոնի հետ` այնպես ջերմ ընդունեցին, ուղղակի անսպասելի էր: Բավական ժամանակ ծախսեցին ինձ համար այցեքարտ հանելու համար»,- ասաց Տ. Շահվերդյանը` ավելացնելով, որ նման վերաբերմունք Ռուսաստանում «չես տեսնի, Հայաստանում` առավել ևս»:

Հայաստանի, գիտության և Հայաստանի խնդիրների մասին

«Ամեն մանուկ դեռևս փոքր հասակից որևէ հետաքրքրություն ունի, նրա առաջին քայլերը կախված են ծնողներից, տատիկ-պապիկներից: Հետագայում` դա կախված է նաև դպրոցից, հետո արդեն` պետությունից: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան զբաղվի այն գործով, որի համար ապագա կա, և, եթե ծնողը տեսնում է, որ գիտնականներին և նորարար ձեռներեցներին, ովքեր հասարակությանն առաջ են տանում, պետությունը չի աջակցում, իրենց երեխային ասում են` գնա բիզնեսով զբաղվի»,- ասում է Տ. Շահվերդյանը` ավելացնելով, որ, եթե ինքը դեռ մանկուց չհաճախեր Տիեզերագիտական խմբակ, հնարավոր է` հիմա այդ գործով չզբաղվեր:

Դպրոցական տարիներին խմբակը ոչ միայն բավարարել է իր հետաքրքրությունը, այլև ավելի շատ հետաքրքրել Տիեզերքով:

«Հրաշալի ծրագիր էր, որը ոչ միայն սովորեցնում էր, այլև ոգևորում էր մեզ, հետաքրքրություն առաջացնում, ես ուղղակի զարմանում եմ, որ մինչ այժմ չկա բավարար ֆինանսավորում այդ դասընթացի հիման վրա գրված գրքի հրապարակման և այդ ծրագրի տարածման համար: Մինչդեռ Հայաստանում նշվում է գրատպության 500-ամյակը, իսկ մեր կառավարությունն ասում է, որ գիտությունը և գիտնականը կարևոր են մեր երկրի զարգացման համար: Սակայն ինչպե՞ս պետք է այդ ամենն իրագործվի, եթե չես անում ամենապարզ բաներից մեկը` գիրք տպագրելը»,- նկատում է Տ. Շահվերդյանը:
Նշենք, որ խոսքն Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի մասին է, որը ներառում է Տիեզերագիտական ակումբի դասընթացի ուսումնական նյութը, և կարող է շատերին հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր գիտատեխնիկական բնագավառների հետ` ֆիզիկա, օդագնացություն, աստղագիտություն, տիեզերագնացություն, և այլն:

«Օրինակ` «Սկոլկովո» հիմնադրամի միջոցով Ռուսաստանը փորձում է աջակցել նորարարությանը, դա Հայաստանում պակասում է: Բացի դրանից, նույն Ռուսաստանում ես տեսնում եմ, որ կա վերաբերմունք գիտաշխատողների նկատմամբ, նրանց աշխատավարձը պարբերաբար ավելացվում է: Ես չեմ ասում, որ այնտեղ խնդիրներ չկան, սակայն, դրա հետ մեկտեղ` նրանք հոգ են տանում երկրի զարգացման համար և հեռանկարային ծրագրերին աջակցություն են ցուցաբերում»,- ասում է Տ. Շահվերդյանը` ավելացնելով, որ Հայաստանում ասվում է, որ պետության համար գիտությունն ամենակարևոր ոլորտներից է, սակայն իրականում, երբ խոսքը կարևոր քայլերի մասին է լինում` դրանք չեն երևում: «Ո՞ւր են լուրջ հեղափոխական փոխոփոխությունները գիտության համար, ո՞ւր են արդյունքները, դրանք, ցավոք, ես չեմ տեսնում»,- ասում է նա:

«Իրականում այդ ամենը պետք է գործով ապացուցել, իսկապես ջանքեր գործադրել գիտնականներին Հայաստանում պահելու համար, այնպես անել, որ նրանք հետաքրքրված լինեն աշխատելու իրենց հայրենիքում և իրենց սիրած գործով զբաղվեն հենց Հայաստանում: Այսօր Հայաստանում ունենք լուրջ պոտենցիալ` գիտական արդյունքներով և լուրջ գիտական հոդվածներով Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար երկիր է: Եթե Հայաստանի կառավարությունը կարողանա երիտասարդ գիտնականներին շահագրգռել, նրանք կկարողանան այսօր նոր ուղղություններ ասպարեզ բերել և կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրի զարգացման համար: Դա լուրջ թափ կարող է հաղորդել Հայաստանի և նրա տնտեսության զարգացմանը:

Անհրաժեշտ է ուղղակի լրջորեն ուղղորդել և քաջալերել մարդկանց հետաքրքրությունը դեպի գիտությունը: Արտասահմանում, օրինակ, մի դոկտոր կամ պրոֆեսոր կարող է վարել այնպիսի մեքենա, որն անգամ բիզնեսմենը չունի, և դա նորմալ է, նա վաստակել է դա, և դա նորմալ է ընկալվում: Իսկ եթե վերաբերմունքը գիտնականի նկատմամբ չփոխվի, և նա մտահոգված լինի կենցաղային խնդիրներով, ապա ժամանակ գրեթե չի մնա գիտությամբ զբաղվելու համար, որը շատ ժամանակատար է և պահանջում է կենտրոնացում: Պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի ավելի շատ մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ, իսկ այդ դեպքում արդյունքն ուղղակի ակնհայտ կլինի»,- վստահեցնում է Տ. Շահվերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս