Գյադաների ժամանակը-2
Այսօր խորհրդարանն արտահերթ կարգով քննարկելու է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը: Մինչ այդ «Սիվիլիթասի» և «ՍիվիլՆեթի» աշխատակիցներն ու Վարդան Օսկանյանի համակիրներն Ազգային Ժողովի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնելու` ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի:
Այսօր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող շատ շատերի մոտ առաջացել է ներքին մի հարց` մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել այդ ակցիային, և ընդհանրապես` ինչպիսի՞ վերաբերմունք ցուցաբերել Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այդ հարցին յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական ու հասարակական գործիչ ունի սեփական պատասխանը` համապատասխան հիմնավորումներով: Ընդ որում, գրեթե հավասարապես հիմնավոր են և’ այն մարդկանց պատասխանները, ովքեր որոշել են չմասնակցել, և’ նրանց` ովքեր գնալու են խորհրդարանի շենքի մոտ` իրենց ներկայությամբ առաջակցելու Վարդան Օսկանյանին:
«Գրեթե» բառը նշում ենք այն պատճառով, որ այդուհանդերձ, երկրորդ խմբի դիրքորոշումը, կարծում ենք, ավելի արդարացված է:
Այո, պետք է եթե ոչ բողոքի ակցիային մասնակցությամբ, ապա գոնե դիրքորոշում արտահայտելու միջոցով սատարել Վարդան Օսկանյանին` այդպիսով պայքարելով ոչ այնքան Օսկանյանի համար, որքան քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում իրականացնելու արատավոր երևույթի դեմ:
Այն, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից իշխանությունը ցանկանում է զրկել քաղաքական դրդապատճառներից ելնելով, թերևս, քննարկման առարկա չէ: Ընդ որում, եթե անգամ Վարդան Օսկանյանն իրականում գործել է այն արարքները, որոնցում նրան մեղադրում են, կամ որոնց համար ցանկանում են մեղադրանք առաջադրել, միևնույնն է` այս գործընթացը քաղաքական է: Այն պարզ պատճառով, որ եթե ներկայիս քաղաքական կոնյունկտուրան այլ լիներ, եթե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերություններում հակասություններ չառաջանային, կամ եթե, ասենք, Վարդան Օսկանյանն անդամագրված լիներ ոչ թե ԲՀԿ-ին, այլ ՀՀԿ-ին ու զբաղվեր նույն գործով, նրան հաստատ չէին մեղադրելու և պատգամավորական մանդատից չէին զրկելու:
Այսինքն, բոլոր դեպքերում այս գործընթացը քաղաքական է` Քրեական օրենսգիրքը կիրառվում է քաղաքական պատճառներով, ինչի դեմ պետք է պայքարել` այսօրվա ակցիային մասնակցելով կամ` առանց դրա:
Ընդ որում, այդ դիրքորոշման հիմքում պետք է դնել բոլոր այն հիմնավորումները, որոնցով շատերը` գիտակցելով վերը նշվածը, որոշել են չեզոք դիրք գրավել: Նման որոշում կայացրածների պատճառները բազմաթիվ են ու բոլորն էլ հիմնավոր: Սկսած նրանից, որ Վարդան Օսկանյանը 2008 թվականի Մարտի 1-ին անձամբ հող էր նախապատրաստում ու արդարացնում էր իշխանության այն գործողությունները, որոնք ընդամենը մի քանի ժամ հետո 10 մարդու մահվան հանգեցրեցին, վերջացրած նրանով, որ նույն Վարդան Օսկանյանը պաշտոնից հեռանալուց հետո, երբ զբաղվում էր «քաղաքացիական հասարակության կերտմամբ», ոչ միայն չի մասնակցել 150-ից ավելի քաղբանտարկյալների պաշտպանության համար կազմակերպված ակցիաներին, այլև մինչև օրս համարձակություն չի ունեցել անգամ այդ անձանց անվանելու «քաղբանտարկյալներ»:
Ի վերջո, Վարդան Օսկանյանն այսօր քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման է ենթարկվում այն իշխանության կողմից, հանուն որի պահպանման 2008 թվականի մարտի 1-ին հիմնավորում էր արտակարգ դրության հայտարարումն ու խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:
Պատճառների այդ շարքը կարելի է շարունակել, ինչը, մեղմ ասած, Վարդան Օսկանյանի օգտին չի լինի: Սակայն բոլոր այդ պատճառներով հանդերձ, պետք է պայքարել որևէ մեկի, այդ թվում` Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական պատճառներով քրեական հետապնդում իրականացնելու երևույթի դեմ` մեկ կարևոր վերապահմամբ: Այն հանգամանքը, որ այսօր Վարդան Օսկանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ամենևին չպետք է ազատի նրան նախկին գործունեության համար ունեցած առնվազն քաղաքական պատասխանատվությունից: Օսկանյանին այսօր պաշտպանելու հիմքում պետք է դրվի ոչ թե նրա անձը, այլ պայքարը` հանուն իրավական պետության: Այնպիսի պետության, որտեղ օրենքը որևէ մեկի նկատմամբ չի կիրառվի կամայականորեն` առաջին հերթին քաղաքական դրդապատճառներից ելնելով: Նաև այնպիսի պետության, որի անկախ դատական համակարգը կբացահայտի նախկինում տեղի ունեցած պետական հանցագործությունները (սկսած Հոկտեմբերի 27-ից` մինչև Մարտի 1-ի դեպքերը), որոնց մեղավորները կենթարկվեն քրեական և քաղաքական պատասխանատվության` համապատասխանաբար հայտնվելով ճաղավանդակների և քաղաքական գործունեությամբ զբաղվելու բարոյական սահմանների հետևում:
Հ.Գ. 1999 թվականի փետրվարի 17-ի նիստում այն ժամանակվա խորհրդարանը «կողմ» քվեարկեց Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործի շրջանակներում նրան ձերբակալելու օգտին: Վարդան Օսկանյանը ո’չ այն ժամանակ, ո’չ դրանից հետո որևէ դիրքորոշում չի արտահայտել Ռոբերտ Քոչարյանի վրեժխնդրության արդյունքում ծնված այդ քաղաքական հետապնդման վերաբերյալ: Վանո Սիրադեղյանը մի քանի տարի հետո` գնահատելով այդ ժամանակահատվածը, գրեց հայտնի «Գյադաների ժամանակը»:
Այդ ժամանակը դեռևս չի ավարտվել, փոխվել են հանգամանքներն ու «հերոսները»: Այսօր քաղաքական հետապնդման է ենթարկվում այն իշխանության կարկառուն ներկայացուցիչը, որն ինքնահաստատվեց նաև Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու և նրան Հայաստանից վտարելու ճանապարհով: