Comedy Club-ի հիմնադիրը պարզաբանել է Գարիկ Մարտիրոսյանի հեռանալը ռուսական Առաջին ալիքից
Comedy Club-ի հիմնադիր, գործարար Արթուր Ջանիբեկյանը իր մեկնաբանություններն է տվել Известия-ին՝ Ռուսաստանի Առաջին ալիքի՝ Գարիկ Մարտիրոսյանին ու Սերգեյ Սվետլակովին պայմանագրից զրկելու և Прожекторперисхилтон շոուն փակելու որոշումից հետո:
Известия-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ Մարտիրոսյանի նոր գործատուն՝ ТНТ-ն է նրան պարտավորեցրել խզել իր կապերը այլ հեռուստաալիքների հետ: ТНТ-ի պայմանագրում ամրագրված է, որ Մարտիրոսյանը չի կարող հանդես գալ այլ ալիքներում: Ավելին՝ պարզվել է, որ ТНТ-ին է դիմել Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը՝ խնդրելով բացառություն անել Прожекторперисхилтон-ի համար, սակայն կտրուկ մերժում է ստացել:
Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը պարզաբանել է, թե ինչու է ТНТ-ն այդքան անդրդվելի:
2011-ին ռուսաստանյան հեռուստաոլորտի համար ռեկորդային գնով՝ 350 մլն ԱՄՆ դոլարով, Ջանիբեկյանը Comedy Club Production-ի վերահսկիչ փաթեթը վաճառել է ТНТ հեռուստացանցին:
Ջանիբեկյանը հայտնել է, որ դեռ 2011-ի դեկտեմբերին Սվետլակովն ու Մարտիրոսյանը տեղեկացրել են, որ 2012-ի սեպտեմբերին կարող են լքել Прожекторперисхилтон-ը:
Նրանց Ջանիբեկյանն անվանել է «մեր ընկերության ամենաանկյունաքարային պրոդյուսերներից և արտիստներից»: Ըստ Ջանիբեկյանի՝ Գարիկի և Սերգեյի պես՝ ևս մոտ 10 հիմնական արտիստ-պրոդյուսերներ «շատ գոհ ու երջանիկ են և ստանում են մինչ այդ Ռուսաստանի հեռուստաշուկայում գոյություն չունեցած հոնորարներ՝ ТНТ-ի հետ իրենց էքսկլյուզիվ պայմանագրերից»: Comedy Club-ի գլխավոր տնօրենը, սակայն, հրաժարվել է նշել գումարների չափը:
Առիթից օգտվելով Ջանիբեկյանը խորհուրդ է տվել ռուսաստանցի պրոդյուսերներին «արտիստների հետևից ընկած՝ կռիվ չանել»: «Պայմանագրերը խիստ են, փողը քիչ չէ: Կարծում եմ՝ դա շատ լավ է, և, վերջապես, ռուսաստանյան հեռուստատեսությունում սկսել է գործել ֆուտբոլային ակումբի սկզբունքը. արտիստները սկսում են ասոցացվել խիստ որոշակի հեռուսատաապրանքանիշերի և արտադրանքի հետ», – եզրափակել է նա: