Հայաստանում որևէ արտոնյալ բուժհիմնարկ չի լինելու, իսկ ուղղորդող բժիշկները շառլատաններ են. Առողջապահության նախարար

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվել է՝ տեղյա՞կ է նախարարը, որ հիվանդանոցներին պետական միջոցներով տրամադրվող դեղերն ու բժշկական օգնության համար նախատեսված այլ միջոցները՝ բինտ, յոդ և այլն, հիվանդներին ոչ միայն չեն տրամադրվում, այլ ավելին՝ նրանց հուշում են, թե որտեղից կարող են գնել դրանք:
Պարզվել է, որ նախարարը ոչ միայն տեղյակ էր, այլ նաև բերել է սեփական օրինակները. «Եվս մի արատավոր ուղի նշեմ, դա բժիշկ-դեղատուն, բժիշկ-լաբորատորիա եռանկյունին է: Այսինքն՝ բժիշկն ուղղորդում է հիվանդին՝ գնա ա՛յս լաբորատորիան, պնդելով, թե ինքը միայն դրա տվյալներին է հավատում: Հիվանդը դուրս է գալիս, բժիշկը նրա հետևից զանգում է լաբորատորիա ու պատվիրում, թե այսքան շաքար կգրես: Էս բժիշկները երկուսի հետ էլ աշխատում են և ստիպում կեղծ վճարումներ կատարել»,- ըստ Tert.am-ի՝ ասել է նախարարը:
Դերենիկ Դումանյանը հավաստիացրել է, որ նման արատավոր երևույթի կանխարգելման համար լուրջ աշխատանքներ են կատարում. «Այս հարցով լուրջ ուսումնասիրություններ և հանձնարարություններ են իջեցված, որպեսզի ստուգեն, թե ռեակտիվները ո՞ր թվի են, ի՞նչ ծավալի հետազոտություն են անում: Սրանք հիմնականում ինքնուրույն ձևավորված լաբորատորիաներն են: Զգուշացնում եմ, որ սրա դեմ պայքարելու եմ և բարձրաձայն ասում եմ, որ հիվանդները չենթարկվեն որևէ բժշկի ուղղորդմանը, նրանք շառլատաններ են: Ես դրանց նույնիսկ իրավական պատասխանատվության կենթարկեմ: Սա իմ առաջիկա հիմնական անելիքն է»,- ասել է նա:
Լյուդմիլա Սարգսյանին ուրախացրել է, իհարկե, որ նախարարը նման երևույթներին ծանոթ է և նկատել, որ դրանք ոչ թե առկա են, այլ համատարած բնույթ են կրում: Պատգամավորը միաժամանակ հետաքրքրվել է, թե կոնկրետ կա՞ն գլխավոր բժշկի, կամ այլ բժիշկների պատժման դեպքեր:
«Ավելի լավ կլիներ ներկայացնեիք կոնկրետ փաստեր, որ այսինչ բժշիկը պատժվել է, մինչդեռ առ այսօր կոնկրետ միջոցառումներ ձեռնարկված չեն: Չեմ կարծում, որ դուք չունեք տվյալներ կոնկրետ հիվանդանոցներից: Պետք է մի հիվանդանոցից սկսել և դա դաս կլիներ մյուսների համար»,- ասել է պատգամավորը:

Նախարարը վստահեցրել է, որ նման փաստեր կան, ուղղակի ինքը, եթե իմանար, որ այսօր 2011թ. բյուջեի կատարողականից բացի պատգամավորին կհետաքրքրեր այդ տվյալները, ինքն անպայման իր հետ կբերեր դրանք, թե քանի՞ մարդ է պատժվել:
Նախարարը միաժամանակ նշել է, որ չնայած դեպքեր կան, բայց իրենց նպատակն այն չէ, որ մի քանի բժշկի ձեռքերը ոլորեն, այլ որ կարգի բերեն ոլորտը. «Դրա համար պետք է օրինական դաշտ բերվեն: Մեր նպատակն է պատգամավորների հետ միասին կարգի բերել համակարգը: Օրինակ՝ ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ կան, որոնց դեմ դատ ենք հարուցել, որպեսզի լիցենզիայից զրկենք, սակայն սա էլ դժվար է, քանի որ լիցենզիայից զրկելու համար դեռ դատարան պետք է մտնենք, ինչը երկար գործընթաց է պահանջում»,- բացատրել է Դերենիկ Դումանյանը:
Նա վստահեցրել է, որ Հայաստանում որևէ արտոնյալ բուժհիմնարկ չի լինելու, և չի լինելու որևէ արտոնյալ Բժշկական կենտրոնի տնօրեն. «Ես դա Ձեզ վստահեցնում եմ»:
ՀԱԿ պատգամավորն առաջարկել է, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ կանի, ընդամենը, հայտարարի, որ բոլոր բուժհաստատություններին պետական միջոցներով տրամադրվում են դեղեր և այլ միջոցներ:

 

«Լավ»,- եղել է նախարարի արձագանքը:

 

Պատգամավորների հարցերը շատ էին, որոնց նախարարը հանգամանալից անդրադարձել է: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը կատակել է. «Նախարարը բոլոր հարցերին անդրադարձավ, բացի բյուջեի կատարողականից»:

Տեսանյութեր

Լրահոս