Ադրբեջանական՝ վիրտուալ, հայկական` իրական վնասներ

Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիայի արդյունքում»՝ Ադրբեջանի կրած վնասը կազմել է 431.5 մլրդ դոլար: Այս թիվը հրապարակել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը, որն էլ հաշվարկել է այդ վնասը:

«Այդ հաշվարկները պատրաստվել են առանձին նախարարությունների, այդ թվում` Էկոլոգիայի և Բնական ռեսուրսների, Տնտեսական զարգացման, Փախստականների հարցերով պետհանձնաժողովի տվյալների հիման վրա»,- հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաներից մեկը, ով համակարգել է այդ գործընթացը:

Ադրբեջանցիների հաշվարկներն, իհարկե, ոչ մեկին չեն հետաքրքրում, և ժամանակ առ ժամանակ նրանք նման անհեթեթ թվեր են հրապարակում՝ ներքին սպառման նպատակով: Չնայած, մյուս կողմից՝ ստացվում է, որ կարելի է այդքան գումար վճարել և «թեման» փակված համարել:

Գուցե  այդպիսով ադրբեջանցիները նաև միջազգային կազմակերպություններին են հասկացնում, որ պատրաստ են այլևս չխոսել այդ տարածքների մասին, եթե այդքան վճարեն: Սակայն դա ադրբեջանցիների խնդիրն է, ուզում են՝ թող 431 տրիլիոնի վնասներ հաշվարկեն:

Մեզ` հայերիս համար այս հարցը կարևոր է հակառակ տեսանկյունից: Բնականաբար, այդ տարածքները մեզ համար ազատագրված տարածքներ են, և դրանց նշանակությունը դրամական գնահատման ենթակա չէ: Լեռնային Ղարաբաղը հաղթել է իրեն պարտադրված պատերազմում և ազատագրել է այդ տարածքները, առաջին հերթին՝ որպես անվտանգության գոտի: Դա խնդրի ռազմավարական, քաղաքական կողմն է, որը վիճարկման ենթակա չէ:

Սակայն ադրբեջանցիների նման անհեթեթ հաշվարկների ֆոնին տեղին է զուգահեռներ անցկացնելը` հակառակ տեսանկյունից: Արդյոք հայկական կողմը դրամական արտահայտությամբ շահե՞լ է այնքան, որքան ադրբեջանցիները գնահատում են իրենց «վնասները»:

Ընդ որում, եթե ադրբեջանցիները հաշվարկում են իրենց վիրտուալ կորուստները, ապա մենք կարող ենք, պարտավոր ենք հաշվարկել, գնահատել մեր կողմից տնօրինվող այդ տարածքների օգտագործման իրական արդյունավետությունը:  Խոսքն, իհարկե, 431,5 մլրդ դոլարի մասին չէ: Խոսքն այն վնասների մասին է, որ հայկական կողմն անցած 18 տարիներին ստացել է այդ տարածքները գործնականում չօգտագործելուց:

Ազատագրված տարածքների վերաբնակեցման և զարգացման թեման միշտ մի տեսակ շրջանցվել է թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի քաղաքական օրակարգում` հաշվի առնելով բանակցային գործընթացը: Տարբեր ժամանակներում որոշակի ծրագրեր եղել են, սակայն դրանք կամ չեն իրագործվել, կամ դադարեցվել են՝ դեռևս չսկսած: Իհարկե, բանակցային գործընթացի նրբությունները հաշվի չառնել չի կարելի:

Սակայն, մյուս կողմից՝ անթույլատրելի է նաև ոչինչ չանել` բանակցային գործընթացին հղում անելով, որն, ի դեպ, կարող է շարունակվել ևս 18 կամ 28 տարի: Այն դեպքում, երբ նույն ազատագրված տարածքներ հայկական բանակի մի շարք պանծալի գեներալներ իսկական պլանտացիաների են վերածել,  աճեցնում են տարբեր մշակաբույսեր, ի դեպ, այդ գործում օգտագործելով նաև զինվորների աշխատուժը:

Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում ավելի խորն է, քան մի քանի գեներալների բիզնես գործունեությունն ազատագրված տարածքներում. արդյոք հայկական կողմը վերջնականապես համակերպվե՞լ է ազատագրված տարածքները հանձնելու հետ: Եթե՝ այո, ապա այդ տարածքներում որևէ բան չի՞ արվում`հետագայում դրանք Ադրբեջանին ավելի լավ վիճակում չվերադարձնելու համար: Եթե՝ ոչ, ապա հետաքրքիր է` որքա՞ն են կազմում այդ տարածքների ամայացման ու չբնակեցման վնասները:

 

Տեսանյութեր

Լրահոս