Վարչապետը հրաժարական է տվել. բլոգում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենաքննարկվող նախաձեռնություններից մեկը սեփական բլոգը գործարկելն էր: 2010թ. հունվարի 14-ից սկսեց գործել վարչապետի «կենդանի մատյանը»։
Տիգրան Սարգսյանը պարզաբանել էր, թե ինչու է որոշել բլոգ բացել։ «Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ:
Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ` ինձ: Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»,- գրել էր Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի «բլոգերական» գործունեության մեկնարկը տարբեր կերպ ընդունվեց։ Ոմանք շատ դրական արձագանքեցին` հույս ունենալով, որ դա կարող է իրոք դառնալ լուրջ հարթակ իշխանության հետ անմիջական շփման համար։ Մյուսներն էլ քննադատաբար մոտեցան` նշելով, որ վարչապետն իր ժամանակը պետական գործերի վրա ծախսելու փոխարեն` նվիրում է ինտերնետային շփմանը:
Չնայած դրան` բլոգը սկզբնական շրջանում բավական ակտիվ էր։ Շատ մեկնաբանություններ էին հնչում, ընդ որում` բավականին սուր։ Տ. Սարգսյանն էլ, ի պատիվ իրեն, մեկնաբանում էր դրանք, որոշ դեպքերում` պատասխանի վրա ծախսելով բավական ժամանակ։
Ավելին` Տիգրան Սարգսյանը զետեղում էր նկարներ, ասենք, երաժիշտների հետ իր հանդիպումներից: Կամ` կիսվում էր ընթերցողների հետ այն մասին, որ ընտանիքի հետ այցելել է Տիկնիկային թատրոնի մանկական ներկայացմանը, որին մասնակցել է նաև իր որդին: Այսինքն` վարչապետի կանխատեսումը, որ իր և բլոգի այցելուների շփումը հետաքրքիր է լինելու, կարծես իրականություն էր դառնում։ Սակայն դա երկար չտևեց։
Տիգրան Սարգսյանի բլոգի ակտիվությունն աստիճանաբար սկսեց նվազել։ Նախորդ տարվա ընթացքում ակտիվ գրառում (նկատի ունենք` վարչապետի կողմից որևէ լուրջ թեմայի արծարծում, որին հետևել է ակտիվ քննարկում) եղել է հունիսին, երբ վերջինս իր բլոգում անդրադարձել էր «168 Ժամի» հետ հարցազրույցում իր արտահայտած մտքին` արտագաղթի վերաբերյալ։
Եվս մեկ ակտիվ գրառում եղել է 2011թ. նոյեմբերի 21-ին, երբ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է իր տարօրինակ ելույթը Մարզահամերգային համալիրում (հիշեցնենք, որ տեսանյութից այնպիսի տպավորություն էր, որ վարչապետը հարբած է, սակայն Տիգրան Սարգսյանը դա վերագրեց Հ1-ի տեխնիկական խոտանին): Ինչևէ, վարչապետը վերջին անգամ իր բլոգում գրառում կատարել է այս տարվա հունվարի 5-ին` պատասխանելով athanatoi անունով բլոգերին։ Այդ ժամանակից ի վեր վարչապետի բլոգում լռություն է։
Ի դեպ, այցելուներից մեկը ժամանակին կանխագուշակում էր, որ բլոգը կարող է «մեռնել»։ Պատճառն այն էր, որ Տիգրան Սարգսյանը սկսել էր շատ կարճ պատասխանել գրառումներին, երբեմն` անգամ արհամարհական տոնայնությամբ։ Օրինակ` այցելուներից մեկը երկար մի գրառում էր կատարել` ուշադրություն հրավիրելով կոռուպցիայի, շորթումների և այլ բացասական երևույթների վրա, ինչին վարչապետը բառացիորեն պատասխանել էր. «Ախպո՜ր պես…»:
Դրանից հետո ևս մեկ այցելու ինչ-որ հարցի շուրջ մտահոգություն էր հայտնել, ինչին հետևել էր «Կպարզենք» պատասխանը: Բլոգերներից մեկը, նկատելով այս ամենը, նշել էր. «Նայեցի մեկնաբանությունների քանակը: Դրանք անկում են ապրում: Կա՛մ ժողովուրդը հիասթափվել է, կա՛մ պետք է վերանայեք բովանդակությունը: Ամեն դեպքում` բլոգը կարող է դադարեցնել գոյությունը, եթե չլինեն փոփոխություններ: Հուսով եմ` բլոգի հուղարկավորությունը կհետաձգվի»: Վարչապետն էլ պատասխանել էր. «Հուղարկավորությունը չեղյալ է հայտարարվում»:
Բլոգը ֆիզիկապես դեռ գործում է, սակայն հաշվի առնելով այնտեղ տիրող կատարյալ ամայությունը, կարելի է ասել` եթե չի մահացել, ապա կոմայի մեջ է։
Փոխարենը` գործում է Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջը։ Livejournal-ի համեմատ` այն որոշ չափով ակտիվ է։ Էջն ունի 13589 «հավանող»։ Նյութը գրելու պահին Տիգրան Սարգսյանի ամենաթարմ գրառումը եղել էր երեկ` ժամը 15:00-ի սահմաններում։ Վարչապետը զետեղել էր իր ելույթն Ազգային ժողովում` 2011 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ։
Նշենք, որ Տիգրան Սարգսյանն այստեղ մեծ մասամբ ոչ թե գրառումներ է կատարում, այլ տեղադրում ինտերնետային հղումներ` հիմնականում կառավարության gov.am կայքից։ Սակայն էջի այցելուների գրառումները, որպես կանոն, մնում են անպատասխան: Օրինակ` օգտատերերից մեկը հարց է ուղղել «Նաիրիտ» գործարանի ճակատագրի մասին, մեկ ուրիշը խնդրել է պարզաբանել «Եկամտային հարկի մասին» օրենքը, երրորդն առաջարկել է փոքրացնել ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների չափսերը, քանի որ դրանք սահմանափակում են վարորդի տեսադաշտը: Այս և նման տիպի այլ գրառումներին պատասխան չի տրվել։
Եվս մի հետաքրքիր դիտարկում. Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում խիստ լակոնիկ է ոչ միայն պատասխաններում, այլ` սեփական գրառումներում։ Օրինակ` շնորհավորելով ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականին` օլիմպիական չեմպոն դառնալու կապակցությամբ, վարչապետն ընդամենը գրել է. «Կեցցե՛ն մեր շախմատիստները»: Իսկ անկախության 21-րդ հոբելյանի կապակցությամբ սահմանափակվել է հետևյալ գրառմամբ` «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ»:
Կարծում ենք` կհամաձայնեք, որ սա Տիգրան Սարգսյանի ոճին նման չէ։ Իր «ֆեյսբուքյան պերճախոսությամբ» վարչապետն այսօր զիջում է պաշտոնով իրենից մի քանի աստիճան ցածր կանգնած պետական պաշտոնյաներին, ովքեր նմանատիպ առիթների ժամանակ իսկական մրցության մեջ են մտնում` գեղեցիկ և մեկը մյուսից ճոխ ելույթներ գրելու առումով։
Այս ամենից կարելի է անել երկու եզրակացություն։ Առաջին` Տիգրան Սարգսյանը սկսել է նախապատվությունը տալ կարճ խոսքին։ Եվ երկրորդ` Տիգրան Սարգսյանին ինտերնետը ձանձրացրել է։ Կարծում ենք` երկու դեպքում էլ դրանից շահում է պետությունը` ռեսուրսների արդյունավետ օգտագործման իմաստով։ Եթե, իհարկե, երրորդ պատճառ չկա։