«Հայաստանում ես հանգիստ եմ քնում, գիտեմ, որ պատուհանից թուրքը չի հարձակվի ինձ վրա»
Ասում է կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Ֆելեկյանը
Կիլիկիայի Ադիամա քաղաքում ծնված ծագումով հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Ֆելեկյանը 2006թ. առաջին անգամ այցելելով Հայաստան` որոշել է բնակություն հաստատել մեր երկրում: Բանն այն է, որ նա 1991թ. Թուրքիայում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և 2001թ. ազատություն ստանալուց հետո անմիջապես հեռացել է այդ երկրից, քանի որ անգամ կալանքը կրելուց հետո նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Դեռ ուսանողական տարիներին Թուրքիայում համալսարանի Փիլիսոփայության բաժնում սովորելու ընթացքում նա անդամագրվել է հեղափոխական կազմակերպություններին:
«Այդ ընթացքում ուսանողներից շատերի մեջ ըմբոստություն կար, որովհետև մեզ սովորեցնում էին բացարձակ կեղծիք: Օրինակ` նույնիսկ դպրոցում պատմական դրվագներով սովորում էինք, որ հայերը Թուրքիայի դեմ Ցեղասպանություն են իրագործել, բայց, երբ ուսումնասիրում էինք պատմությունն ու կարդում էինք ոչ իրենց մատնանշած գրքերը` հասկանում էինք, որ մեզ բացարձակ սուտ են մատուցում: Համալսարանում սովորելու տարիներին ես ընդգրկվեցի անարխիստական գաղափարախոսությունը կրող սոցիալիստական հեղափոխական կազմակերպությունների մեջ, որոնք պայքարում էին թուրքական ռեժիմի դեմ, որովհետև Թուրքիայում ֆաշիստական, կապիտալիստական ու ամենավատ սիստեմն է:
Ազատություն չկա: Քրդերի հետ միասին Թուրքիայի դեմ կռվում էի: 1991թ. ինձ ձերբակալեցին` պետական իշխանության դեմ զինված հարձակում գործելու հոդվածով դատապարտեցին 10 տարվա ազատազրկման»,- պատմում է Ս. Ֆելեկյանը` հավելելով, որ ազատություն ստանալուց հետո էլ Թուրքիայում իր կյանքին վտանգ էր սպառնում, քանի որ անունը հեղափոխականների «սև ցուցակում» էր, որոնց իշխանությունները մշտապես հետապնդում են:
Ինչևէ, բանտից դուրս գալուց հետո մի քանի տարի Իրաքում ապրելով` նկարահանել է «Երդ» ֆիլմը, այնուհետև տեղափոխվել է Հայաստան: Այստեղ ապրելու տարիներին գրել է «Արարատը մեզ սպասում է» ֆիլմի սցենարը, որի նկարահանման աշխատանքներն առայժմ չեն սկսվել: 15-16 տարեկանից ներգրավված լինելով հեղափոխական կազմակերպություններում` նա Թուրքիայում մշտապես ապրել է գաղտնի կյանքով և ամեն վայրկյան վտանգների սպառնալիքով:
Ասում է` «Գիտեի, որ հայ եմ, բայց ոչ լեզու գիտեինք, ոչ հայկական մշակույթ ունեինք, ոչ էլ հայի հոգեբանություն ունեինք: Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում: Գիտեմ, որ ինձ վտանգ չի սպառնում, ազատ ու հանգիստ եմ: Քնում եմ և վստահ եմ քնում, չեմ վախենում, որ պատուհանս կբացեն, կհարձակվեն ինձ վրա, ու ես ո՞ւր փախնեմ: Հայաստանում ես վախ չունեմ, ապահով եմ ապրում: Բացի դա` հայի հոգեբանություն մեջս արթնացավ, ճանաչեցի, կապվեցի արմատներիս:
Թուրքիայում ծնողներս չէին խոսում մեր ծագման մասին: Համալսարանում մենք տարբերվում էինք, թուրքերին նման չէինք` ֆիզիկապես, մշակույթով տարբեր էինք: Հիշում եմ` փոքր ժամանակ կռվում էինք, թուրքերը մեզ վիրավորելու համար ասում էին` «գյավուր»` հայի որդի, բայց մենք չէինք հասկանում, թե ինչո՞ւ են դա նրանք որպես վիրավորանք ասում: Մենք չէինք հասկանում, թե թուրքերն ինչո՞ւ էին այդ արտահայտությամբ մեզ վիրավորում, իսկ մեր ծնողները չէին բացատրում, որովհետև Թուրքիայում հայի կյանքը վտանգված էր, նրանք փորձում էին մեզ պաշտպանել, մեր ծագման մասին լռում էին: Հիմա հասկանում եմ, որ անհնար էր իրենց խոստովանությունը, որովհետև վախի մեջ էինք գոյատևում»,- պատմում է Ս. Ֆելեկյանը` հիշելով, որ դպրոցում թուրքերը մշտապես իրենց հալածում էին` հայերին անվանելով «կեղտոտ ազգ, անկրոն, մարդասպան»:
Ընդ որում, նրա խոսքով` եթե փողոցում թուրքը ցանկանում է մեկ այլ թուրքի վիրավորել կամ մեղադրել, նրան անվանում է` հայ:
«Մի քանի տարի առաջ «Մանջութ» անունով ֆիլմի սցենարը գրեցի և նկարահանեցի. կարճամետրաժ ֆիլմ է, որը շուտով ավարտին կհասցնեմ»,- պատմում է նա` հավելելով, որ իր վերջին սցենարի հետ կապված միջադեպն, այնուամենայնիվ, իր համար մեծ հիասթափություն է եղել: Բանն այն է, որ նրա «Մանուկի ճամփորդությունը» ֆիլմի սցենարն այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի: Ֆիլմը հայրենասեր ու բավականին հետաքրքիր մի մարդու` Մանուկ Հարությունյանի մասին է, ով, լինելով երաժիշտ, լարային բոլոր գործիքներով կարողանում է նվագել:
Ս. Ֆելեկյանի հավաստմամբ` Մանուկի յուրահատկությունը նրանում է, որ նա նոր գործիք է պեղել: Օրինակ` նա իր ձեռքով պատրաստել է արևմտյան և արևելյան բոլոր գործիքների ձայնային ելևէջներն արձակող մանջութ անունով մի գործիք, որն արտաքուստ կոնտրաբասի և ջութակի ֆորմա է հիշեցնում: Ընդ որում` մանջութը վերարտադրում է աշխարհի բոլոր ձայները, այն առանձնահատուկ գործիք է: «Մանուկն ինքը շատ արտառոց մարդ է: Նա և՛ տաղանդավոր արվեստագետ, և՛ չափազանց հայրենասեր մարդ է: Ընդհանրապես իր կյանքի պատմությունը շատ հետաքրքիր է ու հուզիչ: Որոշեցի մի սցենար գրել Մանուկի կյանքի մասին, որտեղ մանջութի ստեղծման պատմությունը կա:
Սցենարում Ցեղասպանության ճանաչման թեման է, որը սյուժետային գծով տանում է դեպի Արևմտյան Հայաստան: Այսինքն` մանջութը Մանուկի համար որպես ուղեցույց է ծառայում, քանի որ այդ գործիքի ելևէջների օգնությամբ գտնում է իր արմատներին: Մի խոսքով` ֆիլմը մեծ արձագանք կունենա աշխարհում, քանի որ պատմական, հուզական գիծ ունի: Մանուկի միջոցով Թուրքիային ուզում եմ ցույց տալ, թե ինչպիսի մարդկանց են սպանել, ինչպես են Ցեղասպանություն կատարել, ու ֆիլմի ավարտին թուրք ժողովուրդը զղջալով ներողություն է խնդրում: Ֆիլմը և՛ դոկումենտալ, և՛ գեղարվեստական ժանրում է, որովհետև պատմական ակնարկները Մանուկի միջոցով վերարտադրվելու են»,- պատմում է սցենարիստը` հավելելով, որ ֆիլմի հերոսը` Մանուկն, արդեն մի քանի անգամ համերգներով այցելել է Թուրքիա:
Թուրք ռեժիսորի խաբեությունը
Ինչևէ, Ս. Ֆելեկյանի «Մանուկի ճամփորդությունը» ֆիլմի սցենարը «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին, սակայն, որքան էլ զավեշտալի է` որպես սցենարի հեղինակ` ներկայացել է թուրք կինոռեժիսոր Օզլյամ Սարիելդիզը, ում փառատոնի կազմակերպիչները հանձնել են 10.000 դոլար մրցանակը` ֆիլմը նկարահանելու նպատակով: Որքան էլ տարօրինակ է, բայց սցենարի իրական հեղինակ Ս. Ֆելեկյանը մրցանակաբաշխության օրն է տեղեկացել, որ սցենարը ներկայացվել է ոչ թե իր, այլ` թուրք ռեժիսորի անունով: Սցենարի հետ կապված պատմությունը Ս. Ֆելեկյանն այսպես է ներկայացնում. «Սցենարը, պատմությունն իմն է, բայց ես ցանկանում էի թուրք ռեժիսորի հետ համատեղ նկարահանել, քանի որ Թուրքիայում տեսարանները նկարահանելու խնդիր ունեի, ես չեմ կարող Թուրքիա գնալ, անմիջապես կձերբակալեն: Այնպես ստացվեց, որ Հայաստանում հանդիպեցի Օզլյամ Սարիելդիզի հետ, ով եկել էր այստեղ` հայ կինոյի մասին թեզ գրելու նպատակով: Իր համար դժվար էր, քանի որ լեզու չգիտեր և հայ կինոյի մասին ինֆորմացիա չուներ:
Նա ինձ վստահեցնում էր, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո ճանաչել է Հայերի ցեղասպանությունը և ցանկանում է հայերի համար մի լավ բան անել: Ես առաջարկեցի համատեղ ֆիլմ նկարահանել իմ սցենարի հիման վրա, և նա հաճույքով ընդունեց առաջարկս: Թուրք ռեժիսոր Օզլյամ Սարիելդիզը համաձայնեց Թուրքիայում տեսարանների նկարահանումները կատարել, այսինքն` թուրքական կողմն` ինքը, իսկ պատմության հայաստանյան տեսարանները` ես:
Բացի դա, մեծ նշանակություն կարող էր ունենալ այն փաստը, որ Ցեղասպանության ճանաչման մասին ֆիլմի համահեղինակն ազգությամբ թուրք կլիներ»: Թուրք ռեժիսորը ֆիլմի սցենարիստին առաջարկել է սցենարը ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոփառատոն, ով համաձայնել է, սակայն այդ ընթացքում ինքը երկրից բացակայել է. «Վերջին օրը բացահայտեցի, որ սցենարն իր անունով է ներկայացրել, իսկ իմ անունն ընդհանրապես չի շոշափվել: Սցենարը գլխավոր մրցանակ է ստացել, նրան հատկացրել են 10.000 դոլար իմ սցենարի համար: Հայաստան վերադառնալուն պես փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվել: Նա անհիմն պատճառաբանություններ ներկայացրեց, թե իբր ես Թուրքիայի հետ խնդիրներ ունեմ, և նա այդպես արել է, որ ֆիլմը կարողանանք նկարահանել: Մի խոսքով` աբսուրդ հիմնավորումներ. դա սովորական խաբեություն էր, որով նա փորձել է իմ սցենարի շնորհիվ հեղինակություն ձեռք բերել: Հետագայում նույնիսկ պարզեցի, որ նա գտել է Մանուկին, նրան փող է առաջարկել, որպեսզի ֆիլմը նկարահանի, չէ՞ որ Մանուկը ֆիլմի գլխավոր հերոսն է: Նա իր շահի համար փորձել էր Մանուկին գնել, բայց Մանուկը չի վստահում թուրքերին և շատ հայրենասեր մարդ է: Վերջինս հրաժարվել է, և Օզլյամ Սարիելդիզը հասկանալով, որ առանց ինձ ոչինչ չի կարող անել` ներողություն խնդրեց: Փաստորեն, նա դավաճանեց ինձ, և հիմա եմ հասկանում, որ նա կարող էր իմ սցենարի ամբողջ նպատակն իր շահի համար խեղաթյուրել»:
Այնուամենայնիվ, Ս. Ֆելեկյանը` հանդիպելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների և ժյուրիի անդամների հետ, իր սցենարի հետ կապված թուրք կինոռեժիսորի «մախինացիաների» մասին պատմել է` փաստերը ներկայացնելով նրանց: Ամբողջ պատմությունն իմանալուն պես` կինոփառատոնի կազմակերպիչները, պատժելով թուրք կինոռեժիսորին` ոչ միայն գլխավոր մրցանակի անվանակարգն են չեղյալ հայտարարել, այլև գումարն են ետ պահանջել: «Գլխավոր մրցանակ» անվանակարգը շնորհել են երկրորդ տեղը զբաղեցրած սցենարին, գումարը նույնպես հատկացրել են երկրորդ տեղը զբաղեցրած սցենարի հեղինակին. «Այսինքն` նրա սխալ արարքների պատճառով, իբրև պատիժ` իմ սցենարն ուղղակիորեն հանվեց կինոփառատոնի մրցանակաբաշխությունից: Չնայած այս տհաճ պատմությանը, այնուամենայնիվ, ես այդ ֆիլմը նկարահանելու եմ, որովհետև լավ սցենար է, ի վերջո, Ցեղասպանությունն է կոնտեքստում: Իհարկե, ֆինանսական միջոցներ պիտի հայթայթեմ, բայց կարծում եմ` կգտնվեն հայրենասեր մարդիկ, հովանավորներ, ովքեր կաջակցեն` ֆիլմը նկարահանելու համար»: