«Ես իմ աշակերտների առաջ սխալվելու հնարավորություն չունեմ»

Հարցազրույց դերասան, ռեժիսոր Աբել Աբելյանի հետ

– Ինչո՞ւ ստեղծեցիր հեռուստահաղորդավարների դպրոց-ստուդիան:

– Այդ միտքն ինձ մոտ ծագեց 5 տարի առաջ: Հեռուստատեսությունն, իհարկե, ունի թե՛ լավ լրագրողներ, թե՛ լավ հաղորդավարներ: Մենք մեր աշակերտներին չենք սովորեցնում լրագրություն, քանի որ 7 ամիս տևող դասընթացների արդյունքում որակյալ լրագրողներ դժվար է ստանալ: Մենք սովորեցնում ենք լրատվական հիմունքներ, մենք հաղորդավարներին տալիս ենք գիտելիքի բազա: Այդ ամենի հետ մեկտեղ, մենք հասկանում ենք, որ այս ոլորտի մասնագետն աճում և զարգանում է շարժման, պրակտիկայի, աշխատանքի մեջ: Մենք մեր առաջ գերխնդիրներ չենք դրել, մենք մեր առաջ դրել ենք մինիմալ խնդիրներ և մեծ աշխատանքների միջոցով փորձում ենք հասնել մաքսիմումի: Փառք Աստծո, գրեթե բոլոր հեռուստաընկերություններում կան մեր ժպտերես երեխաները, ովքեր առանձնանում են իրենց գիտելիքներով:

– Դուք նաև դերասանական դպրոց եք բացել, այդ գաղափարն ո՞ւմն է եղել: Ունենք Թատերական ինստիտուտը, որը զբաղվում է այդ հարցով, ինչո՞ւ որոշեցիք դուք ևս կրթել դերասաններ:

– Ես մասնագիտությամբ դերասան, ռեժիսոր եմ: Դա իմ աշխարհն էր, իմ բնագավառը, ես այն սիրում եմ : Մի օր ինձ մոտ մի խնդիր ծագեց. ինչո՞ւ չստեղծել մի համակարգ, որ կիրականացներ իմ բոլոր երազանքները: Ես երազում էի ձի քշել սովորել, զենքի տիրապետել, ինչո՞ւ չէ` նաև սուսերամարտին կամ կասկադյորական արվեստին տիրապետել: Այդ բոլորը դերասանին անհրաժեշտ են: Դերասանը պետք է գիտակցի, որ ցանկացած ասպարեզում պետք է լուծում գտնի, կարողանա ստեղծված խնդրի տակից պատվով դուրս գալ: Իմ երազանքներն ինձ հնարավորություն տվեցին դասընթացների համար կազմել 9 առարկայից բաղկացած դասացուցակ: Համոզված եմ, որ բոլոր առարկաներն էլ պետք են դերասաններին, բնականաբար, կարևորությունը տրվում է դերասանի վարպետությանն ու խոսքի տեխնիկային: Դրանք մասնագիտական առարկաներ են, իսկ մնացածը բաշխվում է ըստ ժամանակացույցի: Հիմա ցանկանում ենք մեքենա ձեռք բերել, որպեսզի մեր երեխաները սովորեն նաև մեքենա վարել: Մի խոսքով, այն բոլոր երազանքները, որ ես ժամանակին ունեի, և այդպես էլ ուսումնառության ընթացքում իրականություն չդարձան, հիմա փորձում եմ իրականացնել:

– Ունե՞ս աշակերտներ, որոնց համար կարող ես ասել, որ մասնագետներ են, կարող են շատ լավ խաղալ:

– Անուններ չեմ ցանկանա տալ: Մեր մասնագիտության մեջ մտավոր կարողությունները գտնվում են առաջին և երկրորդ պլանում: Իհարկե, ի վերուստ տրված դերասանական շնորհքն ու քրտնաջան աշխատանքն է, որ հաջողություն է ապահովում: Հետո միանգամից գալիս են մտավոր կարողություններն ու այդ նույն նժարին՝ նաև բախտը: Լինում են նաև դեպքեր, երբ ամենատաղանդավոր, շնորհալի երեխաները մնում են կադրից դուրս, կոտրվում են և հաճախ չեն շարունակում իրենց մասնագիտությունը:

– Ձեր ստուդիայի սաներից ինչպե՞ս են ընտրում դերասանների` սերիալների կամ ֆիլմերի համար:

– Մենք ունենք դերասանական բազա, համագործակցում ենք բազմաթիվ ստուդիաների հետ, տրամադրում ենք մեր երեխաների տվյալները, և, եթե ինչ-որ սերիալ կամ ֆիլմ է նկարահանվում, զանգահարում են մեզ և ավելի մանրամասն տեղեկություն են խնդրում իրենց դուր եկած կադրի մասին: Ես միշտ խնդրում եմ, որ նկարով չնայեն: Ես տրամադրում եմ անհրաժեշտ տեղեկությունն, ու արդեն դերասանը գնում է փորձնական նկարահանումների, եթե ամեն բան լավ է ստացվում, սկսում է իր աշխատանքը:

– Ձեր ստուդիաներից հետո բացվեցին նորերը: Մրցակցություն կա՞ ձեր մեջ:

– Ես անկեղծ եմ ասում, ես իրենց ոչ մեկին չեմ համարում մրցակից: Կցանկանամ, որ մենք մեր աշխատանքում մեկս մյուսին որպես մրցակից չդիտարկենք, քանի որ անում ենք շատ լավ գործ: Մեկս՝ մի քիչ ուժեղ, մեկս՝ մի քիչ թույլ, բայց այսօր այդ բոլոր կազմակերպություններում, դպրոց-ստուդիաներում աշխատում են իրենց գործին տիրապետող ներկայիս մասնագետները: Այսպես թե այնպես, բոլորը պատրաստում են կադրեր: Տալիս ենք ընտրության հնարավորություն: Մի ժամանակ կային հաղորդավարներ, ովքեր հանդիսատեսի նյարդերի հաշվին՝ կադրում խոսել, իրենց դրսևորել էին սովորում: Հիմա կան այս տեսակ ստուդիաներ, որոնք սովորեցնում են: Եթե որևէ մեկն իր գործն անի ինձանից լավ, ես մենակ կուրախանամ և կմտածեմ իմ բացթողումները շտկելու մասին:

– Նախկինում քեզ կարելի էր տեսնել սերիալներում` դերասանի կարգավիճակում, հիմա չես խաղում, ինչո՞ւ:

– Նախ` ժամանակը չի հերիքում: Սերիալը, ժամանակատարության առումով, լուրջ մեխանիզմ է, հնարավոր է, որ չտեղավորվես այդ ժամանակացույցում: Շատ ու շատ բաներ դու զոհաբերում ես ուղղակի հանուն սերիալի: Բացի դա էլ, հաճախ, ինչ-ինչ պատճառներով՝ դու ստիպված ես լինում կադրում լինել և անկախ քո ցանկությունից՝ անել բաներ, որոնք նախորդ օրը քո աշակերտներին արգելել ես անել: Հիմա էլ կան առաջարկներ, որոնց շուրջ ես դեռ մտածում եմ: Իրականում այդ ոլորտը բավական ծանր ոլորտ է: Օրեր էին լինում, երբ նկարահանումները տևում էին 48 ժամ և կանգնեցվում էին այն ժամանակ, երբ ես անկախ ինձանից՝ քնում էի: Այդ տեմպով հիմա չեմ կարող աշխատել:

– Դու քո աշակերտներին ի՞նչ առարկա ես դասավանդում:

– Ես դասավանդում եմ դերասանի վարպետություն: Լեկցիա չեմ թելադրում, չկա մի բան, որ ես թելադրեմ, և իրենք գրեն: Ես այդ մեթոդիկայի վրա մոտավորապես 2-3 տարի աշխատել եմ: Ամբողջ աշխարհից հավաքել եմ լավագույն դպրոցների լավագույն ուսումնական փորձերը: Դրա հիմքում եմ կառուցել իմ աշխատանքային պլանը: Այդ ամենն արվում է պրակտիկ աշխատանքի տեսքով: Մենք շատ լուրջ աշխատանք ենք տանում երեխաների հետ, որովհետև թղթի վրա գրված տառերը կերպարի փոխարինելը լուրջ խնդիր է: Քանդակագործի աշխատանքից ավելի բարդ աշխատանք է պահանջվում դերասանից: Դու պետք է ամբողջ մարմնով զգաս դա, զգալը դեռ քիչ է, պետք է կարողանաս զգացածդ ճիշտ վերարտադրել: Ես չեմ կարող ասել, որ դերասանը կատարելության կարող է հասնել որևէ դերի ժամանակ: Ո՛չ, մեր մասնագիտությունն այն մասնագիտությունն է, որտեղ 5X5-ը չի կարող լինել 25: Այն ամեն ինչ կարող է լինել, բացի 25-ից:

– Ինչպե՞ս եք սովորեցնում երեխաներին իրենց մարմինը կառավարել:

– Դրանով զբաղվում է պարի դասատուն: Մարմնի լեզվին, ժեստերին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, քանի որ հաճախ` չտեսնելով մեր մարմինը, մենք չենք կարողանում պատկերացնել, թե որ պարագայում մեր մարմինն ինչ արձագանք է տալիս: Դրա պատճառով հնարավոր է` դերասանը հանդիսատեսի վրա սխալ տպավորություն թողնի: Դա գալիս է անձի սեփական մարմինը չճանաչելուց:

– Հիմա որևէ սերիալում աշխատելու առաջարկ ունե՞ս:

– Դեռ աշխատանքի առաջարկները մերժում եմ նրա համար, որ չգիտեմ` մոնտաժից հետո ի՞նչ կստացվի: Ֆիլմն այնպիսի արտադրանք է, որ չգիտես՝ վերջնական տարբերակում դու ի՞նչ կստանաս: Թվում է` նկարահանումները շատ լավ են ստացվել, դու լավ ես խաղացել, ամեն բան լավ էր, բայց ֆիլմի լավ կամ վատ լինելը վերջում` կախված է մոնտաժողից: Եթե լավ առաջարկ լինի, որը լինի կոնկրետ և ավարտուն, միգուցե համաձայնվեմ: Կապրենք` կտեսնենք: Անկեղծ ասած, ես պատասխանատու եմ իմ աշակերտների առաջ և սխալվելու հնարավորություն չունեմ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս