1.5 երնեկ` մի տեղում
Նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նվազագույն աշխատավարձը ավելի քան երկու անգամ բարձրացնելու առաջարկն այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետը օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել է նվազագույն աշխատավարձը ներկայիս 32.5 հազ. դրամի փոխարեն սահմանել 72.5 հազ. դրամ: Հրանտ Բագրատյանն իր առաջարկությունը հիմնավորում է նրանով, որ դա թույլ կտա նվազագույն և միջին աշխատավարձերի միջև առկա տարբերությունը 4 անգամից կրճատել մինչև 1.8 անգամի։ Բացի այդ, ըստ Բագրատյանի, այդ քայլի արդյունքում շեշտակի կկրճատվի ստվերային տնտեսությունը՝ առանց հավելյալ բյուջետային ծախսեր առաջացնելու։
Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ այս առաջարկին։ Ինչպես նշված է ԱԺ նախագահին ուղղված՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական պատասխանում, նվազագույն աշխատավարձի բարձրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը: «Ավելին, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/ աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում: Նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով, 2013 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով»,- ասվում է փաստաթղթում:
Սակայն այնպես չէ, որ կառավարությունը Հրանտ Բագրատյանի հետ ամեն ինչում համաձայն է։
Նախ, Ֆինանսների նախարարությունը չի կիսում Բագրատյանի այն կարծիքը, որ փոփոխությունը հավելյալ բյուջետային ծախսեր չի առաջացնի։ Մասնավորապես, երբ բարձրացվում են միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվող մինչև 72.500 դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձերը, ապա լրացուցիչ հատկացման պահանջի չափը կազմում է 28.4 մլրդ դրամ: Այսինքն՝ բյուջեի ծախսային մասն այդքանով կավելանա։ Սակայն Ֆինանսների նախարարությունը հակված չէ նման փոփոխության, քանի որ դա անարդար է համարվում։ «Այս դեպքում խախտվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված արդարացի վարձատրության իրավունքի սկզբունքը, չի ապահովվում աշխատավարձի կախվածությունը աշխատանքի քանակից և որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից և աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկից»,- նշում է նախարարությունը իր եզրակացության մեջ՝ ավելացնելով, որ այդ դեպքում անտեսվում են նաև «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները։ Այսինքն՝ ճիշտ չէ, որ մի պետական ծառայողի աշխատավարձը բարձրացվի 40%-ով՝ 52 հազարից հասնելով 72 հազար դրամի, իսկ, օրինակ, 80 հազար դրամ ստացողինը մնա անփոփոխ։
Իսկ ի՞նչ անել, որ և արդարացի լինի, և օրենքի տառը չխախտվի։ Կառավարությունը դիտարկել է նաև երկրորդ տարբերակը՝ համամասնորեն բարձրացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվող բոլոր աշխատավարձերը և նվազագույն աշխատավարձի հետ կապված այլ ծախսերը: Այս դեպքում` 52 հազար ստացողը կստանա 72 հազար, իսկ 80 հազար ստացողը՝ 112 հազար։ Թվում է՝ ամեն ինչ արդար է, սակայն այստեղ էլ մեկ այլ լուրջ խնդիր է առաջ գալիս՝ բյուջեն ընկնում է լուրջ բեռի տակ։ Ըստ Ֆինանսների նախարարության հաշվարկների, այս դեպքում բյուջետային ծախսերը կավելանան 360 միլիարդ դրամով, ինչն ահռելի մեծ ցուցանիշ է մեր երկրի համար։
Այսինքն՝ երկու երնեկը մեկ տեղում համատեղել չի ստացվում. կամ խախտվում է արդարացի վարձատրության սկզբունքը, կամ՝ պետք է հրաշքով հայթայթել լրացուցիչ 360 միլիարդ դրամ։ Այդ իսկ պատճառով, սկզբունքորեն դեմ չլինելով աշխատավարձի բարձրացմանը, կառավարությունը նպատակահարմար է գտնում լրացուցիչ քննարկել դրա չափը։
Երկրորդ հակասությունը վերաբերում է ստվերային տնտեսությանը։ Բագրատյանը նշել էր, որ օրենսդրական փոփոխությունը շեշտակիորեն կկրճատի ստվերային տնտեսությունը։ Սակայն կառավարությունը գտնում է, որ առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը։ Հիմնավորումների թվում նշված է նաև այն տարբերակը, որ գործատուները չեն գրանցի վարձու աշխատողներին` խուսափելով ինչպես աշխատավարձի բարձրացման հետևանքով առաջացող լրացուցիչ ծախսերից, այնպես էլ նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից:
«Հետևաբար, գործատուները, որոնք ցածր որակավորում ունեցող անձանց կողմից իրականացվող, մասնագիտական գիտելիքներ ու պատրաստվածություն չպահանջող աշխատանքների համար ներկայումս 72.500 դրամից պակաս աշխատավարձ են վճարում իրենց վարձու աշխատողներին, առաջարկվող օրենսդրական փոփոխության իրականացման պարագայում ավելի շատ հակված կլինեն նշյալ վարձու աշխատողներին չգրանցելու օրենքով սահմանված կարգով»,- նշված է Ֆինանսների նախարարության պաշտոնական եզրակացության մեջ։
Կան նաև որոշ մանր-մունր դիտարկումներ՝ կապված զուտ իրավական ձևակերպումների հետ, սակայն դրանք էական նշանակություն չունեն։
Այնուամենայնիվ, կա ևս մի գործոն, որը կարող է ազդել կառավարության դրական եզրակացության վրա։ Այն ավելացնելու է բյուջետային մուտքերը։ Որքան բարձր լինի աշխատավարձը, այնքան ավելի շատ սոցվճար և եկամտահարկ է մտնելու պետական գանձարան։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործող մի քանի տասնյակ հազար անհատ ձեռներեցներն ու հազարավոր ՍՊԸ-ները տնօրենի ու մյուս աշխատողների աշխատավարձը սահմանում են հենց թույլատրելի նվազագույնի չափով կամ դրանից փոքր-ինչ բարձր։ Օրենքի ընդունման դեպքում նրանք արդեն պարտադրված են լինելու բարձրացնել ցույց տրվող աշխատավարձի չափն ու ավելի շատ հարկեր վճարել։ Այդ հանգամանքն, ի դեպ, կառավարությունն ինքն էլ չի թաքցնում և իր պաշտոնական եզրակացության մեջ նշել է.
«2013 թվականի հունվարի 1-ից, այլ հավասար պայմաններում, կավելանա ներկայումս 72.500 դրամից պակաս աշխատավարձ ստացող վարձու աշխատողների` եկամտային հարկով հարկվող եկամտի չափը` հանգեցնելով պետական բյուջե հավաքագրվող եկամտային հարկի գումարների ավելացման: Այսինքն` նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն, որի չափը որոշել հնարավոր չէ, պայմանավորված ամբողջական տեղեկատվության բացակայությամբ»:
Թե ինչ ճակատագիր կունենա Հրանտ Բագրատյանի առաջարկը, պարզ կդառնա ժամեր անց՝ կառավարության նիստի ընթացքում։ Ինչպես արդեն նշեցինք՝ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է նվազագույն աշխատավարձի բարձրացման գաղափարին, և քննարկման առարկա կարող են դառնալ միայն կոնկրետ չափն ու ժամկետները։