Ո՞ւմ հետ և ի՞նչ հեռախոսազրույցներ է ունցել Էդվարդ Նալբանդյանը

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

– Կառավարության խորհդրակցության ժամանակ Սերժ Սարգսյանի քննադատություններից հետո ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի փոփոխության հնարավորությանը: Ձեր կարծիքով` զուտ վարչապետի փոփոխությունը որևէ էական բարեփոխման կբերի՞:

– Նայած, թե ով կփոխարինի նրան: Եթե իհարկե Սերժ Սարգսյանը լուրջ փոփոխությունների փորձի գնալ, դա մի բան է, բայց, իմ տպավորությամբ, դեռ հիմա չէ, մինչև տարվա վերջ ինչ-որ փոփոխությունների պարագայում պարզ կդառնա այդ ամենը: Հիմա դա շոու է: Լուրջ խոսակցություններն ավելի ուշ կսկսվեն:

– Դուք քննադատում եք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները` կապված Եվրասիական Միության նախագծի հետ: Կարծում եք, որ նա սեփական նախաձեռնությա՞մբ է դա արել, առանց ղեկավարության իմացությա՞ն:

– Եթե նույնիսկ ինքնագլուխ չի արել, եթե նույնիսկ այդպես չի եղել, ես դա չգիտեմ: Ես գիտեմ մի բան, որ չի կարող ինստիտուտ ավարտած մարդը, առավել ևս վարչապետը, ասել մի բան, որը անգրագիտություն ցույց տա, առավել ևս որ նա գրագետ մարդ է: Այսինքն նա ասում է մի բան, որ գոյություն չունի. ասում է «Եվրասիական Միությունը մեզ չի հրավիրել»: Եվրասիական Միությունը չկա էլ, որ մեզ հրավիրի, դա 2015 թ. կլինի կամ չի լինի: Վարչապետն իրավունք չունի նմանատիպ արտահայտություններ անել կամ ասել. «եթե մենք մտնենք Մաքսային միություն, Վրաստանի տարածքում երկու անգամ պետք է մաքսազերծվենք»:

Այսինքն ո՞ր մի հիմարը կհավատա դրան: Այսինքն ու՞մ նկատմամբ է նա այդպես տրամադրված, ներողություն, մե՞զ է էշի տեղ դնում, թե՞ նրանց: Պարզ չէ՞, որ երկու անգամ ոչինչ չի մաքսազերծվում: Ինչի՞ համար է նա այս ամենն ասում: Եթե փաստարկներ չի գտնում, ուրեմն պետք է այլ փաստարկներ գտնել: Ավելին ասեմ, թե Մաքսային միության, թե «ընդհանուր տնտեսական տարածքի»  մասին կնքված համաձայնագրի 63-րդ հոդվածում, եթե չգիտի, թող բացի և կարդա, բացահայտ գրված է, որ պայմանագիրը բաց է բոլորի համար, ով ուզում է կարող է գալ և միանալ, ոչ մի հրավեր պետք չէ:

Սաֆարովի արտահանձնումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը տեղյակ է եղել, որ արտահանձնումը տեղի է ունենալու: Ըստ Ձեզ` Հունգարիայի իշխանությունները իսկապես խաբել են Հայաստանին, թե՞ ՀՀ իշխանությունները չեն կարողացել կանխել արտահանձնումը:

– Որքան ես գիտեմ, գերտերություններից մեկը Հայաստանի իշխանություններին խոսք էր տվել, որ արտահանձնում չի լինի:

– Դուք նկատի ունեք Ռուսաստանի՞ն:

– Ոչ, դա Ռուսաստանը չի եղել: Գերտերություններից մեկը խոսք է տվել, որ ինքը տեղյակ է այդ գործընթացի մասին, և այդպիսի բան չի լինի: Այդ ամենը եղավ: Հիմա թե դրանից հետո ի՞նչ իրավիճակ ստեղծվեց…: Եղավ այն, ինչ եղավ. մեզ հաջողվեց շատ դժվարությամբ հետ քաշել պատերազմի սկիզբը: Ի միջայլոց ասեմ, եթե Էդվարդ Նալբանդյանն ուզում է, թող հերքի, Ռուսաստանի արտգործնախարարության և որոշակի ուժերի շատ գործուն մասնակցությամբ հաջողվեց այդ իրավիճակը չհասցնել պատերազմի, որովհետև այն մարդիկ, ովքեր գծել էին Ռամիլ Սաֆարովի արտահանձման սցենարը, նրանք դա արել էին պատերազմ հրահրելու համար:

– Բայց Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքեց Սաֆարովի դեպքին բավական ուշ` միայն երբ Ռուսաստանի հայ համայնքը դիմեց ՌԴ արտգործնախարարությանը` կոչ անելով դատապարտել արտահանձնումը, և հանդես եկավ ոչ այնքան կոշտ հայտարարությամբ: 

– Ես Ձեզ մի խորհուրդ տամ. դիվանագիտության մեջ պետք է հետևել ոչ թե հայտարարություններին, այլ հեռախոսային խոսակցություններին: Հարցրե´ք արտգործնախարարությանը` այդ ընթացքում Է.Նալբանդյանը քանի՞ հեռախոսազրույց է ունեցել, ու՞մ հետ և ի՞նչ հաճախականությամբ, և ամեն ինչ կիմանաք:

 

 

Տեսանյութեր

Լրահոս