«Մենք շան բախտ ունենք` Սովետ ենք տեսել»

Ասում է ՍԷվ Հենդոն (Հենրիկ Խաչատրյան)

Այս օրերին «Շուշի Արթ-փրոջեքթ» անկախ արտիստական նախաձեռնության հրավերով (շուտով Շուշիում ժամանակակից արվեստի նախագիծ կիրականացնի) Հայաստան է հրավիրվել հայտնի ավանգարդիստ Սէվը, ով 1999-ից բնակվում է ԱՄՆ-ում և հարցազրույցի հրավերն ընդունում է մի պայմանով` «Հարցազրույց կտամ, բայց հարցերիդ չեմ պատասխանի»:

Այդպես էլ անում է, խոսում է իր ուզած թեմայի մասին, անվերջ ու հավասարակշռված ձևով արտահայտում է մտքեր, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում նախապես «կառուցված» հարցադրումների պատասխանների մեջ: Ընդհանրապես զարմանալի երևույթ կա. մեր կյանքում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, քանի որ մարդը երկատվում է: Մարդն ունի երկու ես` վիրտուալ ու իրական: Մարդն իր իրական ես-ով վիրտուալ ես-ի պատրանքներ է ստեղծում, խաղում է աշխարհի, ինքն իր հետ ու այդ խաղով փորձում է ավելի ինքնաբավ դառնալ: Մարդը փորձում է վիրտուալ ես-ով պաշտպանել ինքն իրեն: Հաճախ մենք վիրտուալ տարածքում վիրտուալ ես-երի կոնտակտ ենք ստեղծում, տարիներով «ճանաչողական» շերտեր ենք բացահայտում, բայցգ Իրական շփման «գործողությունը» շփոթեցնելու աստիճան մեզ բացահայտում է այն նոր մարդուն, որի վիրտուալ ես-ը, պարզվում է` կա, բայց ինքը չէ:
Սէվն ինքնատիպ արվեստագետ է: Նա այն աստիճան չի կարևորում իր գործերը, որ դրանք, ի հակառակ հեղինակի` կարևորվում են մյուսների կողմից: Բոլորին է հայտնի, որ նրա ստեղծագործությունները «կյանք» են ստանում աղբից: 10 տարուց ավելի բնակվելով ԱՄՆ-ում` Սէվը սոցիալական ցանցերի միջոցով բավական շատ տեղեկացված է հայաստանյան իրադարձություններից: Ասում է` տպավորություն ունի, թե կարծես չի էլ հեռացել Հայաստանից: «Արվեստը սուտ է»,- ասում է նա:

Այսինքն` այն, ինչ արել ես, սո՞ւտ է: Մարդկանց խաբե՞լ ես:

Կարդացեք նաև

– Այո՛, բա ի՞նչ է, բայց ես չեմ թաքցրել, որ` խաբում են: Իմ խաբելը պատճառ չունի. դե հիմա ես էլ էսպես եմ անում: Մարդ ենք, ինչ-որ բան պիտի անենք, ձեռքներս քոր են գալիս:

Այսքան տարի խաբեությա՞մբ ես զբաղվել:

– Սուտ է, էն, ինչ ես արել եմ, սուտ, իլյուզիա է: Պատրանք է, որը դիտավորություն չունի: Ինքը հենց էնպես է առաջանում, որովհետև դու էլ չգիտես` ինչի՞ է առաջանում: Հենց զգում ես, որ ստիդ մեջ մի քիչ դիտավորություն կա, ասում ես` լսի, կներես:

Այ քեզ զարմանալի բան: Նկարիչ ընկերներդ էլ ասում են` արվեստը մաքուր, բարձր բան է: Մարդուն մաքրելու, ազնիվ դարձնելու հատկություն ունի: Դուք գաղափարակիցներ եք, բայց հակասում եք իրար:

– Ես ինձ էսպես ավելի պաշտպանված եմ զգում: Մի փուլ եկավ, որ սովորեցի աշխարհի հետ հարաբերվել, ոնց ապրել, մնալ ջրի երես, ոնց գլխիդ չնստեն, բռնությունից խուսափել: 1984թ. որոշեցի, որ` լավ, կարող եմ, բայց ուրիշներին չեմ խաբում, իսկ ինձ հանուն ինչի՞ եմ խաբում: Ուրիշներին խաբեցի, որ ինձ ձեռք չտան, ես փակվեցի իմ մեջ: 30 տարեկան տղա, ասում են` ոչինչ չունես, ալկաշի մեկն ես: Հասարակությունը սկսեց մեզ ուղղորդել` մամա, պապա, քեռի, ազնվություն և այլն: Էնքան պրիմիտիվ էր, նայում էիր ու էս պատից էն պատ երևում էր, թե պատի էն կողմում ինչ են անում:

Ու ի՞նչ, փորձեցիր հակադրվել` մամա, պապա, քեռի, ազնվություն ավանդական կեցությա՞նը:

– Չէ, չէ, ուզեցի դուրս գալ էս ստից: Լավ, սուտասան եմ, կարողանում եմ լավ «ֆռռցնել», օրիգինալ բաներ եմ գրում, բոլորն ասում են` էս ինչ զիլ ագ Շատերն են ասում` արվեստը մի պատրանք է, որն ուղղորդում է դեպի ճշմարտություն: Ճշմարտություն չկա, բայց արվեստի գործն իր մասին չէ: Ինքն ուղղորդում է, օգնող է: Մարդն իր բնույթով հաշմանդամ է, կիսատ բաներ ունի, դրա համար արվեստը գալիս է օգնելու:

30 տարեկանում ունեցած-չունեցածս, գիրք, գրառում լցրեցի մի տեղ, վառեցի, նստեցի կողքը, սկսեցի կրակի միջից մի երկու բան հանել` հասկանալու համար, թե կարո՞ղ է սխալ եմ անում, կամ կապվածություն ունեմ: Բայց չէ, հեչ պետքս չէր, ոչ մի բան, դատարկությունգ Էդ տրավման ինձ բերեց մի վիճակի, որ սկսեցի մտածել` լավ, բա ի՞նչ անեմ, ինքնասպանությո՞ւն գործեմ: Ինքնասպանություն գործեցիր, բայց քո գոյության փաստի հարցերը ո՞նց լուծես: Էդ որ ասում են` հավերժություն, եսիմինչգ Ի՞նչ հավերժություն, հավերժ մնաս էս դատարկության մե՞ջ: Մահը դառնում է «ամենակայֆ» բանը: Գոյության հերն էլ անիծած, թող ինքն իր դարդը քաշի: Պիտի նստեմ գոյության համար մտածե՞մ:

Լավ, բայց մարդն իր գոյությունը պիտի իմաստավորի՞, թե՞ պիտի թողնի` գոյությունն իր դարդը քաշի:

– Երիտասարդությունն ի՞նչ է` հեղափոխական, իր դոշը տալիս է, ինքը գնում է մեռնելու: Երիտասարդությունն իր դոշը տալիս է, որ ասի` հերիք ա, արա, էսպես ապրել հնարավոր չի: Հիմա քաղաքակրթության հարցն է մեյդան եկել: Ամեն տեղ ինձ բլանկ են տալիս, որ լրացնեմ: Պիտի գրես սև՞ ես, թե՞ սպիտակ: Չես պատկերացնում` ինձ համար ինչ մեծ հարված էր, որ պիտի լրացնեի` սպիտակ: Այ, ազատ երկիր, ի՞նչ ա նշանակում` ռասա, մաշկի գույնի տակ պտիչկա դնել: Կրթությունը հարցնում ես` հասկացանք, ուզում ես իմանալ` ես տառաճանա՞չ եմ, թե՞ ոչ, ինձ նստեցնես համակարգչի՞ մոտ, թե՞ ձեռքս մուրճ տաս: Բա ռասան ինչի՞ համար է, եթե հայտարարում ես, որ Ամերիկայից ռասիզմը վերացել է: Դու ամեն վայրկյան ռասիզմը մտցնում ես աչքներս` դու սպիտակ ես, դու, սև, էն մյուսն էլ ասում է` ես հրեա եմ, բայց տատս չինացի է, իսկ հարևանի կնիկն էլ` եսիմ` ով:

Ամերիկայում ազատությունը մի՞ֆ է: ԱՄՆ-ը հարգո՞ւմ է մարդու արժանապատվությունը:

– Ի՞նչ ազատություն, Ամերիկան հարգում է ազատության գաղափարը, որը մի քանիգ տղաներին է հարմար: Ազատություն է` ստրկատերին ստրուկ ունենալու, որովհետև Ամերիկան դրա վրա է ստեղծվել: Հիմա մոլորակի վրա ձախ դիսկուրս գոյություն չունի: Ասում են` սոցիալիզմ են ստեղծում, ի՞նչ սոցիալիզմ, Սովետական Միությունը սոցիալի՞զմ էր` պետական կապիտալիզմ, մասնավոր սեփականատիրական կապիտալիզմ, դա է տարբերությունը:

Բայց Հայաստանում դու քեզ քո «ափսեի» մեջ ես զգում:

– Իմ ափսեն վաղուց կոտրվել է: Ես ամեն տեղ իմ ափսեի մեջ եմ, որովհետև չգիտեմ` որտեղ եմ: Էն, ինչ ես արել եմ, ինձ օգնում է, որ ինքնափնտրտուքների, ինքնափորփրումների դաշտ չմտնեմ: Ոչինչ չկա, դատարկություն է, որը չի էլ զրնգում: Դատարկություն կա, որը սիրուն արձագանքներ է տալիս: Մեր սերունդը շան բախտ ունի` Սովետ ենք տեսել:

Ինձ թվում է` քեզ համար հերոսներ էլ չկան:

– Ի՞նչ հերոսգ Հերոսն ի՞նչ անի: 4000 տարի առաջվա գիրք ես կարդում` հերոսդ խեղճացած, արդեն աստվածների հետ էլ է հարցերը լուծել: Մեռավ, ու դատարկություն: Բոլորը հիացած են, իսկ ինքը` խեղճ ու կրակ, ոչնչացած:

Այդ դեպքում ինչո՞ւ ենք հերոս կերտում:

– Որ մեր պատրանքները սնենք, որ հույսեր ունենանք: Մենք ենք անուն դնում, անուն դնողներ ենք: Կարեն Անթաշյանը լավ է ասել` գրողի զիլն էն է, որ ինքը անուն դնող է: Երբ գորիլան ջղայնանում է` փքվում, բրդերը ցցվում են, բայց ինքը վախից է էդպես անում: Եթե մյուսները հարձակվեն` գորիլային չորս կտոր կանեն, բայց չեն հարձակվում, որովհետև անունը գորիլա է:

Հայաստանում անիշխանությո՞ւն է:

– Չէ՜, հենց իշխանություն է: Հայաստանում անիշխանություն եղել է 1990-1991թթ.: Երևանում էնքան «կայֆ» էր, մի հատ ոստիկան կամ փողկապով մարդ չկար, որովհետև ուրիշ աչքով էին նայում փողկապավորին: Վթար չէր լինում, բայց հազվադեպ պատահարներ լինում էին, լույս չկար, մթություն էր, բայց իրար ճանապարհ էին տալիս: Երևի մեկ տարի էդպես ապրեցինք: Մի քանի հարյուր հազար մարդ հավաքվում էր Օպերայի մոտ` մեկ էլ մի տեղից ուտելիք էին հասցնում, մի տեղից կանչում էին, արագ շտապօգնություն էին բերումգ Հիմա մարդիկ իրենց են պաշտպանում, ռեստորանն են պաշտպանում, ասում են` ինչո՞ւ են եկել տանս վրա: Դու որ ուզում ես ընտանիքիդ պաշտպանել` մյուսների ընտանիքի մասին մտածո՞ւմ ես: Այսինքն` իշխանություն է, բայց ինձ ի՞նչ, որ իշխանություն է: Թե՞ պիտի ասեմ` ցավդ տանեմ, բա ոնց, բա դու իշխանություն ես:

Պրն Տեր-Պետրոսյանը սահմանադրական կարգ էր վերականգնում, որտեղ գրված է, թե պարտադիր պետք է պրեզիդենտական իշխանություն լինի. ինչի՞ համար, արդեն պարզ էր, որ էսքան փոքր երկիրը միանգամից դառնալու է դիկտատուրա, քայքայվելու է: Երբ պառլամենտական երկիր ունենալու մասին խոսում էին` չէ, մենք պատերազմող երկիր ենք: Բայց բանակի գլխավոր հրամանատար ունես, որը կարող է ուղղակի զինվորական լինել: 1993թ. օգոստոսին Դիլիջանի Կոմպոզիտորների միության տանը Ներքին գործերի նախարարը` լինելով գրող, եկել է բեզոարյան այծերին ետևից գցած` սիմպոզիումի մասնակցելու: Հայ մշակույթի գործիչները` գրողներ, նկարիչներ, հավաքվել էին, որ Վանոն ասի` էդ թիթիզ բաների (արվեստի) ժամանակը չէ, մենք պատերազմի մեջ ենք, երկիր ենք կառուցում: Այսինքն` իշխանություն են սարքում: Ո՞ւմ համար ես սարքում, քո համա՞ր, բա ինձ ի՞նչ: 1993թ. երկիրն ավերակների մեջ էր` սեղաններին վիսկին, լիմոնը, զեյթունը դրած էր: Չես կարողանում օգտվել, էլ ուր մնաց` մասնակցել: Նայում, մտածում ես` երեխադ տանը մի պեչենի չունի ուտելու, չգիտես ոնց հաց առնես:

Բայց նստել ես ու… Սիմպոզիումի ամբողջ ռեզյումեն դա էր` կուլտուրա, արվեստ` էդ թիթիզ բաները մի կողմ թողնենք, իշխանություն ենք կառուցում: Ցուցադրական 200 դոլարանոցն էլ հանեց, տվեց մի նկարչի, նկար գնեց: Այսպես ասած` մշակութային գործիչների «դաբրոն» էր պետք:

Բայց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին ստորագրահավաքին միացել ես:

– Երբ ինձ հրավիրեցին, ասացի` ժողովուրդ, ես էսպիսի նեղ ցուցակներումգ քաղաքական անձնականացում, նման բաներն ինձ դուր չեն գալիս: Մարդկանց վերադարձի հնարավորության համար եմ ստորագրել` լինի դա մշակութային գործիչ, արհեստավոր, որոնք գնացել են` քաղաքական կամ տնտեսական որոշակի իրավիճակից ելնելով: Բայց հարցրեցի, թե արդյո՞ք երաշխիք կա, որ վերադարձից հետո հին հաշիվներ չեն մաքրի կամ նրան կպնող չի լինի:

Չե՞ս կարծում, որ Լ. Տեր-Պետրոսյանն այս ընթացքում` չունենալով իշխանություն, հասարակության մեջ ավելի շատ իշխանություն ուներ, քան նրանք, ովքեր ի պաշտոնե իշխանություն են կազմում:

– Խոսում ենք կոնցեպտուալ իշխանության մասին: Գոյություն ունեն պոզահարողներ և հասարակություն: Մենք իրար չենք տեսնում, չենք զգում, վախեցած ենք: Երկրաշարժը` մի կողմից, Սովետի փլուզումը` մյուս կողմից, պատերազմ ենք անում, չգիտես ինչ ենք անում: Ինչո՞ւ թոթափենք էդ վախը, վախից դուրս գալը մեզ ձեռնտու չի: Վախեցած ապրելը հարմար է:

Տեսանյութեր

Լրահոս