Բաժիններ՝

Վերահսկիչը ստուգումներ է իրականացրել Պետական սեփականության կառավարման ոլորտում

«Պետական սեփականության օգտագործման ուղղությամբ  տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ, թերություններ և ռիսկեր, որոնցից առավել բնութագրական և ընդհանրական են հետևյալ դեպքերը»,- ասված է Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվության մեջ:

Ըստ Վերահսկիչ պալատի` պետական գույքը  վարձակալության է տրամադրվում շուկայական գներից զգալիորեն ցածր գնով: Օրինակ՝  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախկինում կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարները, ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, չեն վերանայվել: Արդյունքում չի ստացվել 203,205.8 հազար դրամի լրացուցիչ եկամուտ, պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) ընթացքում գնորդի ներդրումային և աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ տիպային պայմանագրով հստակ պարտավորություններ չեն սահմանվում, մասնավորեցված առանձին օբյեկտներ փաստացի օգտագործվում են ոչ նպատակային: Պետական մասնակցությամբ  կազմակերպություններում առկա են անշարժ գույքի անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր, շենք-շինություններ և տարածքներ փաստացի չեն շահագործվում, պետական մասնակցությամբ մի շարք ընկերությունների կառավարումը արդյունավետ չի իրականացվում, շահաբաժիններ չեն վճարում, դրանք մշտապես աշխատում են վնասով:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տարբեր հողօգտագործողների միջև վարչական սահմանների կապակցությամբ ծագած վեճերի չլուծման հետևանքով դեռևս որոշ հողային պաշարներ բացարձակապես հսկողությունից դուրս են. թեև դրանք փաստացի օգտագործվում են, սակայն ո՛չ պետական, ո՛չ էլ համայնքային բյուջե գումարներ չեն գանձվում:

Անշարժ գույքի պետական գրանցման ոլորտում նույնպես արձանագրվել են խախտումներ և թերություններ: Մասնավորապես՝ կադաստրային գրանցման տվյալներում առկա անհամապատասխանության արդյունքում նպատակային նշանակության որոշակի տարածքներում իրականացվում է այլ բնույթի գործառնական նշանակության գործունեություն, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ կիրառվում են երկակի ստանդարտներ. եթե մի դեպքում ներկայացված փաստաթղթերով կատարվում է պետական գրանցում, ապա մեկ այլ դեպքում, նույն պայմաններում, գույքի գրանցումը մերժվում է: Կադաստրային գնահատման աշխատանքներում թույլ տրված արհեստական սխալների արդյունքում՝ շենք և շինությունների գծով հաշվարկվող գույքահարկի բազաները պատշաճ կերպով չեն համալրվում, որի հետևանքով համայնքների բյուջեներ ավելի քիչ գումար է գանձվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս