Վազրիկը, Երևանը, քանդակը, բարձրակրունկ կոշիկներն ու մոդան

Այս օրերին Հայաստան է այցելել 2004 թվականից Հոլանդիայում ստեղծված  «Kandak» ավազի արձանագործությամբ զբաղվող ընկերության հիմնադիր-նախագահ, քանդակագործ  Վազրիկ Մանասսիանը: Նա ծնվել է Թեհրանում, սակայն ապրում և ստեղծագործում է Հոլանդիայում: Նաև քանդակագործության դասընթացներ է անցկացնում:

Աշխարհի տարբեր երկրների արվեստի կենտրոնների, խոշոր ընկերությունների և քաղաքային իշխանությունների առաջարկով՝ «Քանդակ» ընկերությունն  ավազով, աղով, բրոնզով, բետոնով, գիպսով և այլ նյութերով ծավալային հսկա քանդակներ է պատրաստում: 2004թ. Հոլանդիայում «Stichting Kip Artistique Barneveld» նախագիծն իրականացվեց, որի ընթացքում ավազից 92 հավերի քանդակներ ստեղծեցին, յուրաքանչյուրը` 2 մետր բարձրությամբ, որոնց վրա նկարիչներն, իրենց ոճին համապատասխան` նկարեցին: Նախագծի ավարտից հետո թռչնաբուծական և ձվի արտադրությամբ զբաղվող աշխարհի տարբեր երկրների ընկերություններ գնեցին այդ քանդակներից: Քանդակների վաճառքից ստացված ողջ հասույթը մինչ օրս փոխանցվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց: Վազրիկ Մանասսիանն ավազե քանդակների հետաքրքիր նախագիծ է պատրաստել Հայաստանի համար: Նա առաջարկում է ծավալային, պատմական, քրիստոնեական թեմաներով ծավալային քանդակների ցուցադրություն կազմակերպել հենց Գառնու տաճարում:

Ի դեպ, քանդակագործը նաև մի նախագիծ է պատրաստել, ըստ որի` քանդակները պատրաստվում են աղաքարերով: Այդպիսով, տան մեջ այդ քանդակը կլանում է օդի խոնավությունը և ունենալով օդը զտելու բնական ֆունկցիա` առողջ էկոլոգիա է ստեղծում տան միջավայրում:

Հարցազրույց Վազրիկ Մանասսիանի հետ

Կարդացեք նաև

– Անցյալ տարվա ամռանն էիք այստեղ: Արդեն քանի օր է` կրկին այցելել եք հայրենիք, ի՞նչ է փոխվել քաղաքում:

– Դեռևս մի քանի օր է, ինչ այստեղ եմ, բայց ամենանկատելին բանկոմատների առկայությունն է: Անցյալ տարի այդքան շատ չէին, հետաքրքիր է, թե մեկ տարվա ընթացքում ինչո՞ւ է դրամի ավտոմատ շրջանառության այդ սարքերից այդքան տեղադրվել: Արտաքուստ թվում է` բնակչությունը չի հարստացել, բայց, փաստորեն, դրամը սկսել է ավելի շատ խաղալ: Թե որտեղի՞ց է փողը գալիս ու ո՞ւր է գնում` չգիտեմ, բայց բանկոմատների շատանալը վկայում է, որ դրամն ակտիվ շրջապտույտ է կատարում: Հավանաբար ամեն ինչ վերածվում է դրամի, կամ էլ եկամուտներն ու վճարումները տեղափոխվել են նոր տեխնոլոգիաների դաշտ, ինչպես Եվրոպայում է: Անցյալ տարի շատ էի նեղվում Հյուսիսային պողոտայի բլոկ-բլոկ, դատարկ, մութ պատուհաններով տներից: Այս անգամ մի քանի լույս եմ տեսել (ծիծաղում է.- Լ.Ս.): Հսկայական այդ շենքերը բանտի կառուցվածքով են կառուցել ու այնպիսի գներ են սահմանել, որ տարիներով դատարկ են: Ես այդ շենքերի մեջ ոչ մի գեղեցկություն չեմ տեսնում: Բլոկ, քառակուսի մեծ շենքեր են, որոնց ներքնամասում «շիկ» խանութներ են, և մարդիկ իրենց լավ են զգում այդ փողոցով զբոսնելիս…

– Այդ տարածքում զբոսնողների մեծ մասը ոչ այդ բնակարաններից է օգտվում, ոչ էլ ֆիրմային խանութներից:

– Խաղ կա կոնտեքստում, որովհետև ժողովուրդն այդ ամենը զգալով՝ ավելի է գրգռվում: Ուզում է ինքն էլ օգտվել այդ ամենից, բայց քանի որ իր համար անհասանելի է` ափերից դուրս է գալիս, ինքնությունից է դուրս գալիս:

– Փաստորեն քաղաքն արտաքուստ փոխվել է, իսկ մարդի՞կ:

– Մարդիկ փոխվել են, բայց հագուստով (ծիծաղում է.- Լ.Ս.): Բոլորը մոդայիկ են հագնվում, և տպավորություն է, որ մոդան է իրենց ղեկավարում: Մարդը կորցնում է իր մարդկային տեսակը, էությունն ու ազգությունը, որն ինձ համար շատ ցավալի է: Աղջիկները շատ բարձր կրունկներով կոշիկներ են հագնում, «զոռով» քայլում են` առանց մտածելու, որ մատների վրա այդքան ուղիղ քայլելով՝ ոսկորները ձևախեղվելու են, հազար հիվանդություն են ստանալու: Եվ հետո, տանջանք է դրանց վրա քայլելը: Մոդան ստեղծվել է նրա համար, որ որևէ արտադրանք մեծ փողեր բերի, իսկ ժողովուրդն իր ունեցածն այդ կերպ նվիրում է դրսի կուտյուրեներին: Ամբողջ աշխարհում մոդան մասսաներին քնացրել, դարձրել է ոչխար: Մարդիկ հագուստը դարձրել են արժեք: Աշխատում-աշխատում են ու փողը ստանալով` վազում են մի ճանաչված ֆիրմայի պիտակով զգեստ կամ կոշիկ գնելու: Դա բացարձակ դատարկություն է: Ամբողջ աշխարհում է այդպես:

– Այսինքն` մարդիկ դառնում են նյութապաշտ, և իրական արժեքները դառնում են երկրորդական:

– Այո, փաստորեն, մոդային հետևելիս` ակամայից հետևում ես դրսից ինչ-որ մեկի երևակայությանը, որը փուչիկ է ու անընդհատ պայթելու սովորություն ունի: Իսկ որտե՞ղ է քո ստեղծագործությունը. պարզվում է` չկա, որովհետև դու քո ողջ ներուժը վատնում ես ուրիշի ստեղծածը գնելու վրա, որը նաև ինչ-որ չափով արժեք ես դարձրել քեզ համար: Ժողովրդին դարձրել են լսող ու կառավարվող: Անկարևոր բաները դառնում են կարևոր, ինչպիսին մարդու հագուստն է, իսկ կարևորները մոռացվում են: Երևանը մշակութային քաղաք է, և մարդիկ իրենց ինտելեկտը, ներքին արժեքներն ամրապնդելու հնարավորություն ունեն: Օրինակ, տեսնելով՝ զարմանում եմ, թե այս փոքրիկ քաղաքում որքան թանգարաններ, ակադեմիաներ, համալսարանական շենքեր, մշակույթի կենտրոններ կան: Այդ պարզ բանը վկայում է, որ փոքրիկ այս պետության մեջ հսկայական գիտելիքի պաշար և մշակութային արժեքներ կան: Մեր ժամանակաշրջանն ապշելու բան է: Բոլորը խոսում են բջջային հեռախոսով: Զարմանալի բան է, ում տեսնում ես` զբաղված է բջջային հեռախոսով խոսելով: Չգիտեմ՝ առաջ, երբ այդ հեռախոսը չկար, ինչպե՞ս էր, դժբա՞խտ էին մարդիկ: Հիմա մարդիկ արագ իրար գտնում են, բայց, որ գտնում  են՝ ի՞նչ: Իրար գտնում են ու սկսում են բջջային հեռախոսներով խոսել:

– Կապրեի՞ք Հայաստանում:

– Այո՛, մեծ սիրով կապրեի: Չգիտեմ` ինձ ի՞նչն է խանգարում: Բոլորն ասում են` այստեղ աշխատանքի խնդիր կա, մարդիկ վատ են ապրում: Այդ խոսակցություններն անհանգստություն են պատճառում: Մյուս կողմից էլ` աշխատանք չկա, դրամ չկա, ահավոր վիճակ է, բայց բոլորն ունեն բջջային հեռախոսներ, շքեղ մեքենաներ, սիգար են ծխում, և այլն:

– Երևանի ծայրամասերում եղե՞լ եք:

– Գյուղերում եմ եղել, ահավոր էր վիճակը, դա ինձ վրա շատ ազդեց: Նորակերտը, որը քաղաքին մոտ գյուղերից է, նման էր Կուբայի ամենավատ ժամանակների տեսարանին: Բոլոր տղամարդիկ պատերի տակ կանգնած` չսափրված, հնամաշ, կծկված ծխում էին: Փլված տների մեջ մարդիկ են ապրում: Այդ տեսարանն ինձ շատ տանջեց, կարող եմ ասել` շոկ ապրեցի: Հեռանալուց հետո մտածում էի` ե՞ս ինչ կարող եմ անել Հայաստանի համար: Լինելով նկարիչ-քանդակագործ, կարող եմ իմ նախագիծը բերել, որը Հայաստանին բացի ճանաչումից՝ նաև ֆինանսական ռեսուրսներ կբերի: Գառնիի դռան առաջ գառնեցիները սեղաններ են տեղադրել, ինչ-որ բաներ են վաճառում ու իրար «քրֆում»: Եթե ուզում ես մեկից մի բան գնել` մյուսը բղավում է, թե` դրանից չգնես, դա կեղտոտ է, մյուսը, թե` «Շուն-շանորդի, դու սո՛ւս, քո ապրանքները թունավոր են, դրանից բան չառնես»: Մի գյուղի բնակիչներ, իրար կողք կողքի կանգնած` մի ապրանք վաճառելու համար ծայրահեղ ձևով իրար խայթում, հայհոյում են: Դա ինձ մեծ ցավ է պատճառում:

Մեկ էլ մի բանից եմ նեղվում: Դրսից հետում էի բնապահպանական ակտիվիստների ակցիաներին, ովքեր բնության տարածքում աշխատող արտադրությունների դեմ են դուրս գալիս: Սակայն անցյալ տարի քաղաքի կենտրոնում հանգրվանելով` առավոտյան դուռը բացում էի` մարդաչափ առնետներն էնպես ջղային նայում էին ինձ, կարծես ուր որ է՝  հարձակվելու են: Ահավոր էր` հսկա առնետներ էին: Դա հիվանդության բուն է և փոքր երեխաների համար ռեալ վտանգ է ներկայացնում: Բնապահպան ակտիվիստներն արդյո՞ք նման բաները չեն նկատում:

Լուսինե Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս