Բաժիններ՝

Արտագաղթում են` չդիմանալով բարեկեցիկ կյանքին

Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, թե ինչի նկատմամբ են ամենաշատը զգայուն Հայաստանի իշխանությունները: Ցուցանիշների: Դա, ի դեպ, հերթական անգամ ապացուցվեց նախորդ շաբաթ: Հիշեցնենք, որ Մրցունակության համաշխարհային զեկույցում 100 մարդու հաշվով ինտերնետ օգտագործողների թվով Հայաստանը զբաղեցրել էր 106-րդ տեղը (144 երկրների շարքում)` նախորդ տարվա համեմատ նահանջելով 38 հորիզոնականով։

Սա այնքան էր զայրացրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ կառավարության վերջին նիստի ժամանակ նա ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել և պարզել, թե ո՞վ է սխալ ցուցանիշ տրամադրել հետազոտող կազմակերպությանը: Հայաստանի նման երկրում, որտեղ պաշտոնական վիճակագրության դերն առաջին հերթին ոչ թե իրականությունը ներկայացնելն է, այլ` «սրբագրելը», այս բացթողումը հանցագործության պես է ընդունվում:
Ինչևէ, Ազգային վիճակագրական ծառայությունը նախորդ շաբաթվա վերջին գնաճին վերաբերող մի զեկույց հրապարակեց, որն, անկասկած, կարող է դարմանել ինտերնետի ցուցանիշի պատճառով մնացած մեր իշխանությունների մոտ մնացած սպին:

Ըստ մեր վիճակագիրների` 2000 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 66%-ով։ Ցածր գնաճի այս ցուցանիշով Հայաստանը բացարձակ առաջատար է ԱՊՀ երկրների շարքում: Դրական իմաստով. գներն ամենից քիչ աճել են Հայաստանում։

Ինչ է արել ԱՎԾ-ն. 2000թ. սպառողական գների ինդեքսը վերցրել է որպես բազային ցուցանիշ (100 տոկոսային կետ), և դրա հիման վրա ներկայացրել 2011-ի ցուցանիշները: Հայաստանի ցուցանիշը 2011-ին կազմել է 166 տոկոսային կետ: Սա` այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում միջին գնաճն ԱՊՀ երկրներում կազմել է 342։ Այսինքն` ԱՊՀ երկրներում գներն աճել են 3.4 անգամ, Հայաստանում` 1.6 անգամ։
Նշենք, որ ցածր գնաճի ցուցանիշով երկրորդ տեղում Ադրբեջանն է (գներն աճել են 2.2 անգամ), երրորդ տեղում` Ղրղըզստանը (2.38 անգամ)։ 2000-2011թթ. ընկած ժամանակահատվածում գներն ամենից շատ աճել են Բելառուսում` 9.5 անգամ։
Սպառողական գների ինդեքսներն ԱՊՀ երկրներում
2000=100
Հայաստան 166
Բելառուս 955
Ղազախստան 246
Ղրղըզստան 238
Մոլդովա 267
Ռուսաստան 353
Տաջիկստան 423
Ուկրաինա 310
Ադրբեջան 221
ԱՊՀ, ընդամենը 342

Կարդացեք նաև

Ամիսը մեկ անգամ գնում կատարող ցանկացած հայաստանցու այս ցուցանիշը կարող է իսկական շոկի մեջ գցել: Մարդիկ գների փոփոխությունն իրենց մաշկի վրա զգում են ոչ թե տարվա, այլ ամսվա, շաբաթվա, անգամ` օրվա կտրվածքով։ Իսկ հիմա պարզվում է, որ ապրելն իրականում ավելի էժան է, քան մեզ թվում է։

Ներկայացնենք մեկ այլ ցուցանիշ, որպեսզի համեմատությունն ավելի լիարժեք դառնա։ Նույն ԱՎԾ-ի նախկին հրապարակումներից մեկի համաձայն, 2000թ. Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում էր 21.001 դրամ: 2011 թվականին, ըստ ԱՎԾ-ի` միջին աշխատավարձը կազմել է 144.285 դրամ։ Այսինքն` աշխատավարձը 11 տարվա ընթացքում աճել է 6.8 անգամ, իսկ գները` ընդամենը 1.6 անգամ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` գնողունակության աճ. մարդկանց եկամուտները մի քանի անգամ ավելի արագ են աճել, քան գները։ Սա էլ իր հերթին` նշանակում է, որ բնակչության կենսամակարդակը պետք է նկատելիորեն բարձրացած լիներ, դժգոհների թիվը` նվազած, աղքատության մակարդակը` ցածր, արտագաղթը` զրոյականին մոտ։ Մինչդեռ աղքատության մակարդակն այսօր պաշտոնական տվյալներով մոտենում է 36%-ին։ 2000թ. այն 48%-ի շրջակայքում էր։ Այսինքն` աղքատության մակարդակը նվազել է 13 տոկոսային կետով։

Սակայն գնողունակության այնպիսի աճի պարագայում, որի մասին կարելի է պատկերացում կազմել վերևում նշվածից, աղքատության մակարդակը պետք է առնվազն կրկնակի կրճատված լիներ։
Իսկ արտագաղթի թեման ցածր գների ու բարձր աշխատավարձի սխեմայի մեջ ընդհանրապես չի տեղավորվում։ Մարդիկ արտագաղթում են, և ամեն տարի` ավելի մեծ ծավալով։ Մինչդեռ զարգացող երկրում, որտեղ տնտեսությունն աճում է զուսպ գնաճի ուղեկցությամբ, պետք է հակառակը լիներ` ներհոսք։ Ընդ որում, եթե ենթադրենք, որ արտագաղթել են հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ, ապա աղքատության մակարդակի նվազումն ավելի զգալի պետք է լիներ (նշենք, որ որոշ փորձագետների կարծիքով` այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված գործազրկության նվազումը պայմանավորված է ավելի քան 80 հազար մարդու արտագաղթով):

Սակայն այդպես չէ, ինչը բերում է առաջին հայացքից մի զարմանալի եզրակացության` Հայաստանից արտագաղթել և արտագաղթում են հիմնականում սոցիալապես ապահովված մարդիկ, այդ պատճառով էլ աղքատների տեսակարար կշիռը բնակչության մեջ չի նվազում։
Իսկ դա արդեն շատ ավելի լուրջ և խորքային խնդիր է` տնտեսական հարթությունից դուրս և ավելի շատ պայմանավորված քաղաքական, սոցիալական և հոգեբանական գործոններով։
Ի դեպ, ավելացնենք, որ գնաճի միջազգային համադրման ԱՎԾ-ի այս ցուցանիշները համեմատել ենք նաև Համաշխարհային բանկի տվյալների հետ։

Ամեն ինչ ճիշտ է: Ավելին, ՀԲ-ի տվյալներից ստացվում է, որ 11 տարվա կտրվածքով Հայաստանի գնաճը ոչ թե 66% է, այլ 65.5%: Նշենք, սակայն, որ ՀԲ-ն առանձին երկրներում գների ինքնուրույն մոնիտորինգ չի անցկացնում և հիմնվում է կոնկրետ երկրների վիճակագրական կառույցների ցուցանիշների վրա։ Իսկ թե Հայաստանում պաշտոնական վիճակագրությունը ինչպես է ներկայացնում գնաճի և մյուս ցուցանիշները, հայտնի է բոլորին: Օրինակ` ժամանակին, երբ պանրի գինը մեկ օրում բարձրացավ 20-25%-ով, դա ԱՎԾ-ի զեկույցներում տեղ չգտավ, իսկ հետո սահուն կերպով «լղոզվեց»։ Նույնը` շաքարավազի դեպքում։ Կան նաև այլ, անբացատրելի ցուցանիշներ։

Օրինակ, ԱՎԾ սպառողական գների վերջին զեկույցի համաձայն, Երևանում բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ն արժե 405.5 դրամ, իսկ Երևանից ոչ հեռու գտնվող Վաղարշապատում` 286.9 դրամ։ Գների այսպիսի տարբերություն լինում է միայն միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող բնակավայրերում։ Կամ, օրինակ, մեկ լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղի գինը Երևանում նշված է 1242 դրամ, Արտաշատում` 752 դրամ։ Եթե խոսքը վերաբերում է նույն յուղին (իսկ համեմատության համար ԱՎԾ-ն պարտավոր է վերցնել նույնական ապրանքներ` նույն մակնիշի, նույն որակի), ապա նման տարբերության դեպքում կարելի է նոր բիզնեսով զբաղվել` Արտաշատից Երևան մեքենայի յուղ ներմուծել։

Նման օրինակները կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե ինչ հաշվարկների հիման վրա է ներկայացվում գնաճի ցուցանիշը: Մյուս կողմից, այս ամենը ծանր տանել պետք չէ: Ինչպես արդեն նշվեց, ԱՎԾ-ն ոչ թե իրականությունն է արտացոլում, այլ` իրականության նպատակահարմար պատկերը` դրական ցուցանիշների տեսքով։ Իսկ ցուցանիշներն էլ ոչ մեկին հետաքրքիր չեն, բացի իշխանություններից ու միջազգային կառույցներից։ Զարմանալին միայն այն է, թե Հայաստանի վիճակագիրներն ինչո՞ւ չեն հրավիրվում իրենց ԱՊՀ գործընկերների կողմից` master-class անցկացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս