Բաժիններ՝

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «մաքսային հեղափոխության» վերաբերյալ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է ԶԼՄ-ներից մեկի այն հրապարակմանը, որ կառավարությունը մաքսային հեղափոխություն է նախապատրաստում, իսկ ՊԵԿ-ն ընդդիմանում է։

Հրապարակումն այն մասին էր, որ կառավարությունը ցանկանում է օրենքի փոփոխության միջոցով զգալիորեն հեշտացնել ներմուծվող ապրանքների մաքսազերծման կարգը, վերջ տալ մաքսային սահմանին մաքսային արժեքի որոշման հետ կապված անորոշություններին և ինվոյսի գինը պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում ընդունել հիմք՝ մաքսային արժեքի որոշման համար։ Հրապարակման հեղինակը նշել էր, որ ՊԵԿ-ը ներկայացրել է առաջարկներ` ցանկանալով կրկին բարդացնել գործարքի գնով մաքսային արժեքի որոշման ընթացակարգը, սակայն Ֆինանսների նախարարության կողմից սույն առաջարկները մերժվել են` Առևտրի համաշխարհային կազմակերպության դրույթներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

Վերը նշվածի առնչությամբ ՊԵԿ-ն իր պարզաբանման մեջ նշում է, որ հեղինակը հրապարակման մեջ սխալ հետևություն է արել` նշելով, որ Պետական եկամուտների կոմիտեն իբրև թե ընդդիմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատրաստած ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է վերացնել մաքսային սահմանին մաքսային արժեքի որոշման հետ կապված անորոշությունները:

«Նախքան նախագծի բովանդակային կողմին անդրադառնալն՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հրապարակման մեջ բերված մեկնաբանություններն իրականության հետ առնչություն չունեն և առնվազն անհասկանալի են, քանի որ, լինելով կառավարությանն առընթեր մարմին, ՊԵԿ-ը նախ և առաջ ինքն է նախաձեռնել, անմիջականորեն մասնակցել և այլ պետական մարմինների հետ համագործակցության եղանակով նպաստել նշված նախագծի ներկայացմանը և ՀՀ կառավարության քննարկմանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նախագծի բովանդակային կողմին, ապա նշենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով մաքսային արժեքի որոշման նպատակով ՊԵԿ-ը ոչ թե առաջարկել է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, այլ ճիշտ հակառակը` վերացնել օրենքի նախագծի 2-րդ հոդվածում տեղ գտած երկիմաստությունը և անհստակությունը, որպեսզի այդ դրույթը հերթական անորոշությունների պատճառ չհանդիսանա: Ավելի պատկերավոր լինելու համար՝ նշենք, որ նախագծում հաշիվ-ապրանքագիրը հավասարեցված է վճարման փաստաթղթին, մինչդեռ հաշիվ-ապրանքագիրը հիմնական դեպքերում վճարային փաստաթուղթ չի հանդիսանում:

Հավելենք նաև, որ առաջարկը ոչ թե մերժվել է, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել, և հանձնարարվել է երկօրյա ժամկետում համատեղ լրամշակել` հնարավոր անորոշություններից խուսափելու համար»,- նշված է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած հաղորդագրության մեջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս