Հայաստան – Ուզբեկստան, Հայաստան – Ռումինիա` 8-րդ տուրում. Ստամբուլ 2012
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրը: Քիչ առաջ մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակեց մրցաշարային աղյուսակն ու 8-րդ տուրի զույգերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որ այսօր պարտություն կրեց (2.5:1.5) Չինաստանից, նահանջել է 4-րդ հորիզոնական: Վաղը մեր տղաներն ուժերը կչափեն օլիմպիադայի 33-րդ վարկանիշն ունեցող Ուզբեկստանի ընտրանու հետ:
Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի հավաքականը վաստակած 13 միավորով ստանձնել է միանձնյա առաջատարի դերը, 2-րդ տեղում Չինաստանն է` 12 միավոր: Ադրբեջանը նույնքան միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանն ունի 11 միավոր: 8-րդ տուրում առաջատարները կխաղան հետևյալ զույգերով` Ռուսաստան – Ուկրաինա, Չինաստան – Ադրբեջան:
Հայաստանի կանանց հավաքականն իտալուհիներին հաղթելուց (2.5:1.5) հետո բարձրացել է 15-րդ տեղ և հաջորդ տուրում կմրցի մրցաշարի 10-րդ վարկանիշն ունեցող Ռումինիայի թիմի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը