Հայաստանում կա գենոմիկայի ոլորտը զարգացնելու անհրաժեշտություն
Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում կատարվող հետազոտությունների զարգացման նպատակով 1966թ. հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ): ՄԿԻ-ում կատարվող հետազոտություններն ուղղված են ժամանակակից աշխարհում ծառացած առողջապահական, գյուղատնտեսական, տեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական կարևորագույն հիմնախնդիրների լուծմանը:
ՀՀ ԳԱԱ ՄԿԻ-ի ավագ գիտաշխատող Արսեն Առաքելյանը 168.am–ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանում գենոմիկայի ոլորտում տարվող հետազոտությունների և ԴՆԹ-մոլեկուլների ուսումնասիրության կիրառական նշանակության մասին:
Ըստ Ա. Առաքելյանի՝ ԴՆԹ-ն կարելի է հետազոտել տարբեր տեսանկյուններից. կարելի է ուսումնասիրել այդ մոլեկուլի ֆիզիկաքիմիական պարամետրերը, ինչպես նաև նրա փոխազդեցությունն այլ մոլեկուլների հետ, ինչը թույլ է տալիս պարզաբանել ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Մյուս կողմից՝ մոլեկուլային կենսաբանությունը և գենետիկան փորձում են պարզաբանել, թե ինչպես է տվյալ օրգանիզմի զարգացման և աճի առանձնահատկությունների մասին ինֆորմացիան պահպանվում ԴՆԹ-ի մոլեկուլում, ինչպիսի մեխանիզմներ գոյություն ունեն այդ ինֆորմացիայի դրսևորման և սերնդից սերունդ փոխանցման համար: ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք պարունակում են նշված տեղեկությունները, կոչվում են գեներ:
Բացի ակնհայտ հիմնարար գիտական արժեքից, ԴՆԹ-ի և գեների ուսումնասիրությունն ունի նաև կարևոր կիրառական նշանակություն:
Այն լայնորեն կիրառվում է մոլեկուլային ախտորոշման, դատաբժշկական փորձաքննության, սննդի անվտանգության վերահսկման (հատկապես գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման), բժշկության,կենսատեխնոլոգիայի և գյուղատնտեսության ոլորտներում: Վերջին տասնամյակում գենոմիկայի մեթոդները լայնորեն կիրառվում են նաև հնէաբանության և էթնաբանության ոլորտներում:
1990թ. ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Գերմանիայի և Չինաստանի գիտական կենտրոնները սկսեցին «Մարդու գենոմ» ծրագիրը, որի իրականացումը 2003թ.-ին թույլ տվեց ապակոդավորել մարդու ԴՆԹ-ի ամբողջ հաջորդականությունը: Այս ծրագրի բարեհաջող իրագործման շնորհիվ հնարավոր դարձավ հասկանալ մարդու գեների կառուցվածքը, բացահայտել նոր գեներ և դրանց էքսպրեսիան կարգավորող գենետիկական հաջորդականություններ, ինչպես նաև հայտնաբերել գենետիկական տարբեր հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ կապված գործոններ: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ տարբեր ազգություններ օժտված են գենետիկական յուրահատկություններով, ինչը հանգեցրեց նրան, որ ներկայումս շատ պետություններում լայնածավալ պետական աջակցության ներքո «Ազգային գենոմ» ծրագրերի իրագործումը դարձավ գերակա ուղղություն: Բավական է միայն նշել, որ վերջերս նույնիսկ Ադրբեջանը մոտ կես միլիոն դոլար գումար է ներդրել գենոմիկայի ոլորտի զարգացման նպատակով անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ստեղծելու համար:
Հայաստանում նույնպես իրագործվում են գենոմի հետազոտության հետ կապված աշխատանքներ: Մասնավորապես, ՄԿԻ-ում ակտիվորեն կատարվում են հետազոտություններ` ուղղված հայկական պոպուլյացիային բնորոշ ժառանգական և շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված օրգանիզմի պաթոլոգիկ վիճակների (պարբերական հիվանդություն, հետվնասվածքային սթրես համախտանիշ) ծագման և զարգացման գործընթացների վրա: Հետազոտությունների առավել կարևոր ուղղություն է հանդիսանում հայկական գենոմի էթնիկ և պոպուլյացիոն առանձնահատկությունների ուսումնասիրությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս բացահայտել հայերի ծագումնաբանությանը վերաբերող կարևոր հարցեր:
Վերը նշված ծրագրերի իրականացման նպատակով 2008թ. ինստիտուտում հիմնադրվել է առավել կարևորություն և անհապաղ լուծում պահանջող տարբեր հիվանդություններով տառապող և առողջ մարդկանց ԴՆԹ-ի նմուշների բանկ, որն անընդհատ համալրվում է նոր նմուշներով: Բացի այդ, 2012թ. ինստիտուտում սկսեց գործել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և միկոտոքսինների փորձագիտական լաբորատորիա, ինչը ԴՆԹ-ի ուսումնասիրության մեթոդների կիրառական օգտագործման վառ օրինակ է հանդիսանում:
Ցավոք, գենոմիկայի ոլորտում հետազոտությունները դեռևս չեն գրավում պետական պաշտոնյաների ուշադրությունը: Ներկայումս հետազոտությունները կատարվում են ժամանակակից, բայց ցածր արտադրողականությամբ օժտված մեթոդներով, ինչպիսին է, օրինակ, պոլիմերազային շղթայական ռեակցիան: Այս մեթոդն ունի շատ առավելություններ, սակայն նախատեսված չէ լայնածավալ գենետիկական հետազոտություններ կատարելու համար: Մինչ օրս Հայաստանում բացակայում է ԴՆԹ-ի հաջորդականության ուսումնասիրության համար նախատեսված հիմնական սարքավորումը՝ ԴՆԹ-սեկվենատորը: Պատճառն այն է, որ սեկվենատորը և հարակից պարագաները չափազանց թանկ են, և անհնար է դրանք ձեռք բերել՝ առանց պետական աջակցության ծրագրի: