Բումերանգի էֆեկտը

Դավադրությունների տեսությանը տուրք տալն՝ ընդհանրապես, քաղաքականության մեջ՝ մասնավորապես, անշնորհակալ զբաղմունք է: Սակայն «քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում» աքսիոմատիկ բանաձևը ստիպում է առնվազն քննարկել վարկածներ, որոնք առաջին հայացքից դավադրության տեսություն են հիշեցնում: Հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, մասնավորապես` երբ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և դրան հետևած իրադարձությունները դիտարկում ենք Հայաստանի շուրջ վերջին ամիսներին կատարվող զարգացումների համատեքստում:

Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու մասին տեղեկություններին զուգահեռ` ադրբեջանական մամուլը հետևողականորեն նշում էր, որ այդ գործում մեծ «ներդրում» է ունեցել ադրբեջանցի հայտնի գործարար Իլհամ Ռագիմովը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցին է և իր կարողություններին հասել է նաև Ռուսաստանում ունեցած խոշոր բիզնեսների շնորհիվ:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի անդրադարձել այս տեղեկատվությանը` գոնե հերքելու տպավորություն ստեղծելու համար: Կարող էր, չէ՞, ասենք, Վլադիմիր Պուտինի աշխատակազմը կամ ՌԴ արտգործնախարարությունը գոնե ձևականորեն հայտարարել, որ որևէ մեկի հետ ՌԴ նախագահի մտերմությունը չի կարող ազդել միջպետական հարաբերությունների վրա: Սակայն ոչ միայն նման որևէ հայտարարություն չի հնչել, այլև մեր «ռազմավարական գործընկերը» դեռևս չի արձագանքել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ օտարերկրյա դիվանագետների հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ հնչեցրած ուղերձներին, ինչն, ի դեպ, ընդամենը մի քանի ժամ հետո արել է ԱՄՆ Պետդեպը և նախագահի աշխատակազմը:

Խնդիրն, իհարկե, այն չէ, որ ամերիկյան կողմից հայտարարությունները հետ են վերադարձնելու Սաֆարովին կամ հակառակը` ռուսները լռությամբ դա թույլ չեն տալու: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն այս գործընթացում ունի շատ որոշակի հաշվարկներ, և պաշտոնական լռությունն ընդամենը դրա վկայություններից մեկն է:
Եթե իսկապես Սաֆարովի արտահանձնումը հնարավոր է դարձել Պուտինի ընկերոջ մասնակցության (էական չէ` ֆինանսակա՞ն, թե՞ այլ) արդյունքում, նշանակում է՝ ՌԴ նախագահն այդ գործընթացը վերահսկելու և ուղղորդելու ոչ ֆորմալ լծակներ է ունեցել: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Սաֆարովի արտահանձնման ժամկետը ևս կարող էր որոշվել ռուս-հունգարական «ընկերության» կողմից: Ավելի պարզ ասած` ինչո՞ւ Հունգարիան Սաֆարովին Ադրբեջանին վերադարձրեց հենց հիմա և ոչ թե՝ մի քանի ամիս առաջ կամ մի քանի ամիս հետո:

Բնականաբար, չէր կարող այդ գործողության ժամկետը կամայական ընտրվել կամ պայմանավորված լինել միայն ադրբեջանցիների` «իրենց հերոս զավակին» օր առաջ տեսնելու ցանկությամբ: Այլ կերպ ասած` ի՞նչ շահ կարող էր ունենալ Ռուսաստանը` Սաֆարովին հենց այս փուլում էստրադիցիայի ենթակելուց: Այս հարցի պատասխանն անուղղակիորեն թաքնված է Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում:

«Դա (Սաֆարովի արտահանձնումը.- Ռ.Տ.-Ս.) տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:

Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո, ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին՝  չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին՝ վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը»,- օտարերկրյա դիվանագետների հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողություններն այս դեպքի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանն ասել է այն, ինչ պետք է ասեր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը: Հայաստանի Հանրապետությանը բարոյական և քաղաքական լուրջ հարված է հասցվել, և դրանում պատասխանատվություն ունեն ոչ միայն Հունգարիան և Ադրբեջանը, այլ նաև դա հանդուրժող միջազգային հանրությունը: Խնդիրը, սակայն,  այն է, թե ում էր ձեռնտու աշխարհաքաղաքական ներկայիս վիճակում Հայաստանին դնել այնպիսի պայմաններում, որ Ս. Սարգսյանի համար անխուսափելի լիներ միջազգային հանրության, ավելի կոնկերտ` Արևմուտքի հասցեին նման կոշտ ձևակերպումներ և հանդիմանանք ներկայացնելը:

Բնականաբար, առաջին հերթին՝ Ռուսաստանին, որն անցած ամիսների ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով` պաշտոնական խողովակներով, Հայաստանում ունեցած ազդեցության լծակներով ներարկում է Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության հարցը: ՀՀ իշխանությունները դեռևս ուղղակի չեն պատասխանում Եվրասիական միությանն անդամակցելու պարտադրանքին` զուգահեռաբար խորացնելով Եվրոպայի հետ հարաբերությունները:

Ու այս պայմաններում, երբ աշնանը ռուսները ՀՀ իշխանություններից ցանկանում են վերջնական պատասխան ստանալ, տեղի է ունենում Սաֆարովի արտահանձնումը, որը, բնականաբար, մեր հասարակության շրջանում արդարացի զայրույթ է առաջացնում՝ ոչ միայն Հունգարիայի ու Ադրբեջանի, այլ նաև՝ միջազգային հանրության` նույն Եվրոպայի հանդեպ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում հատուկ շեշտել է Հունգարիայի` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը:

Այսինքն` քաղաքական ու նաև զգացմունքային հարթության վրա Հայաստանում արագ կարող է տրամադրություն փոխվել, որը կարող է ազդեցություն ունենալ  Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպա երկընտրանքի հարցում: Եթե ավելացնում ենք նաև սեպտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունների հետաձգումը, այդ օրերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան, պատկերն ավելի ամբողջական է դառնում:

Այս իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ Ռուսաստանի համար կարող է գործել նաև բումերանգի էֆեկտը, և դա այսօր մեծապես կախված է Արևմուտքի վերաբերմունքից ու գործողություններից: Այսինքն` եթե միջազգային հանրությունը` նույն ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը համարժեք արձագանքեն Սերժ Սարգսյանի ուղերձներին, դա կարող է փոխել ոչ միայն հասարակական տրամադրությունները, այլև, այսպես ասած` «համարձակություն հաղորդել» իշխանություններին` Ռուսաստանին «ոչ» ասելու և Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու անիրականանալի թվացող գործում:

Ի դեպ, գոնե հայտարարության մակարդակով ԱՄՆ-ը արդեն արձագանքել է: Մնում է սպասել` արդյո՞ք դրան կհետևեն գործողություններ (այդ թվում` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից), թե՞ դա կսահմանափակվի «քաղաքական քաղաքավարությամբ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս