Կենդանիներին կմորթեն ոչ թե խոտի, այլ պահանջարկի՞ պատճառով
Հանրապետությունում 2012թ. եղանակային պայմանները գյուղատնտեսության առանձին ոլորտների համար անբարենպաստ էին: Լեռնային և բարձրլեռնային գոտիների անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն ահազանգում էին արոտի խոտի պակասության մասին: Խոսակցություններ կային նաև այն մասին, որ եղջերավոր անասունների գլխաքանակի անկում է սպասվում:
Գյուղացիները դժգոհում էին, որ անասուն պահելը ձեռնտու զբաղմունք չէ:
Հիշեցնենք, որ գյուղացին անասնակերի պակասի պատճառով՝ այս տարի ստիպված է իր կենդանիներին կերակրել 1000-2000 դրամ արժեցող խոտի տուկով: Նշենք նաև, որ գյուղացին այսօր կովերից ստացվող կաթը վաճառում է 1 լիտրը՝ 100 դրամով: Ստացվում է՝ գյուղացին միայն իր կենդանու օրվա կերի ծախսը «հանելու» համար օրական պետք է վաճառի 20 լիտր կաթ:
Հաշվի առնելով գյուղացիների բողոքները, ինչպես նաև՝ կանխատեսելով մոտ ապագայում սպասվող մսի գնի թանկացում, ՀՀ գյուղնախարարությունը հանձնարարել է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ին և վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին՝ թույլատրել գյուղացիական տնտեսություններին, առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար, հավաքել և անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը:
Գյուղնախարարության այս քայլը վկայում է այն մասին, որ եղջերավոր կենդանիների գլխաքանակի անկման շուրջ պտտվող խոսակցությունները ճիշտ են: Սակայն օրերս գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե խոտի պատճառով գլաքանակի անկում չի լինի: Ըստ նրա՝ կենդանիներին կմորթեն սեզոնի պահանջից ելնելով: «Յուրաքանչյուր տարի աշնանը, անասունների մորթը, պահանջարկից ելնելով՝ սկսում է կատարվել»,- ասել է փոխնախարարը:
Ըստ փոխնախարար Սամվել Գալստյանի, Գյուղնախարարությունը բոլոր համապատասխան միջոցառումները ձեռնարկել է՝ գյուղատնտեսական տարին հաջող փակելու համար: