Գետնանցումներից օպտիկական ակնոց մի´ գնեք. ակնաբույժ
Ակնաբույժ Էլլա Միրաքյանը խորհուրդ չի տալիս օպտիկական ակնոց գնել մայրաքաղաքի գետնանցումներից: Ըստ նրա, նման վայրերում վաճառվող ակնոցը որակական չափանիշներին կարող է չհամապատասխանել: «Ամեն դեպքում՝ ես իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս, որ օպտիկական ակնոց ձեռք բերեն մասնագիտացված խանութներից, որտեղ աշխատում են մասնագետներ»,- ասում է ակնաբույժը` ավելացնելով, որ մասնագիտական չափանիշներին չհամապատասխանող ակնոցը կարող է սրտխառնոց, գլխապտույտ առաջացնել: «Դրանք կարող են նույնիսկ մարդու տեսողությանը վնասել, ավելի վատացնել այն»,- ասում է նա: Էլլա Միրաքյանի հավաստմամբ՝ օպտիկական ակնոցը պետք է համապատասխանի ոչ միայն որակական որոշակի չափանիշների, այլև՝ հիվանդի տվյալներին: «Օրինակ, եթե հիվանդն աստիգմատիզմ ունի, նրան սովորական ապակիով ակնոց կրել չի կարելի: Հետևաբար՝ ավելի ճիշտ է օպտիկական ակնոցն ընտրել բժշկի հետ, իսկ անցումների վաճառակետերում մասնագետներ չկան»:
18-ամյա Անահիտը մի քանի տարի առաջ ակնոց է ձեռք բերել երևանյան գետնանցումներից մեկից: Մի քանի օր կրելով ակնոցը` զգացել է, որ այն անհարմար է, ցավեցնում է աչքերը. «Երբ որ ակնոցս տարա ակնաբույժին ցույց տալու, ասաց, որ այն իմ աչքերին չի համապատասխանում, պետք է նորը գնեմ: Հիմա արդեն ակնոց ձեռք եմ բերում միայն մասնագիտացված խանութներից, բժշկի ներկայությամբ»:
ՀՀ ԱՆ աշխատակազմի Լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ Հայաստան ներմուծվելիս՝ ցանկացած ապրանք, բացի մաքսազերծումից, անցնում է նաև ստուգում և ստանում վկայական: Ըստ նրա՝ օպտիկական ակնոց վաճառելու համար անհրաժեշտ է ունենալ լիցենզիա. «Բոլոր այն տարածքները, որտեղ մարդկանց համար օպտիկական ակնոցներ են պատրաստվելու կամ վաճառվելու, ենթակա են լիցենզավորման»:
Երևանի անցումներում օպտիկական ակնոց վաճառողներից մի քանիսը մեզ հետ զրույցում նշեցին, որ տեղյակ են՝ օպտիկական ակնոց վաճառելու համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ. «Գիտենք, որ անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, բայց տեղյակ չենք` ինչպե՞ս են այդ ամենը կազմակերպում մեր ղեկավարները: Ամեն դեպքում, մենք ակնոցները փաստաթղթով չենք ստանում»,- ասաց նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Վաճառողների խոսքերով՝ օպտիկական ակնոց հիմնականում ներկրվում է Չինաստանից և Արաբական Էմիրություններից: Պատրաստի օպտիկական ակնոցների գները տատանվում են 2000-3000 դրամի սահմաններում, կան նաև ավելի թանկ ակնոցներ:
Ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների` ակնոց 2011-ին ամենաշատը ներկրվել է Չինաստանից (421,7 հազար հատ), Ֆրանսիայից (1699 հատ), Արաբական Միացյալ Էմիրություններից (563 հատ):