Թե ինչպես են չինացիները կարևորում գիտությունը. ռեպորտաժ Պեկինից (լուսանկարներ)
Պեկինում շարունակվում է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեան (համագումարը): Հիշեցնենք, որ այն սկսվել է օգոստոսի 20-ին և տևելու է 2 աշխատանքային շաբաթ, մինչև օգոստոսի 31-ը: 2700 մասնակիցների թվում են 6 հայազգի աստղագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և Մեքսիկայից:
Առաջին օրերի թերևս ամենահիշարժան իրադարձություններից էր Չինաստանի փոխնախագահ Քսի Յինպինգի ելույթը համագումարի բացման արարողության ժամանակ, որն ամբողջությամբ տպագրվեց համագումարի օրերին լույս տեսնող ամենօրյա «Երկնքի հարցադրումները» անվանումը կրող թերթում: Ամենաուշագրավն այն էր, որ նրա ամբողջ ելույթը հագեցված էր պետական-քաղաքական գործիչների և գիտնականների համագործակցության ոգով, ինչն ըստ նրա մարդկության առաջընթացի գրավականն է: Փոխնախագահը խոսում էր նաև Չինաստանի նախագահ Հու Յինտաոյի անունից, վստահեցնելով, որ իր բոլոր ասածներն իրենց պետական քաղաքականության հիմքում են ընկած: Հասկանալով դա, Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում գիտության մեջ, ինչն էլ ապահովել է այդ երկրի զարգացման մեջ զգալի թռիչքը վերջին տասնամյակներում:
Աստղագիտությունը ամենակարևոր և ամենաակտիվ գիտություններից մեկն է, – ասաց Քսի Յինպինգը, – որն էապես ազդել է բնական գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման վրա և նպաստել է ժամանակակից հասարակության առաջընթացին: Գիտության մեջ կատարած խոշոր ներդրումներից անմասն չի մնում նաև աստղագիտությունը. մասնավորապես ներկա փուլում իրականացվել է Շմիդտի համակարգի (լայն տեսադաշտով) աշխարհի խոշորագույն` 4մ հայելու տրամագծով, աստղադիտակի (LAMOST) և ընթացքի մեջ է 500 մետրանոց սֆերիկ ռադիոդիտակի (FAST) նախագիծը:
Քսի Յինպինգն իր ելույթում 5 հիմանվորում բերեց, որոնք ապացուցում են գիտության և մասնավորապես աստղագիտության կարևորությունը հասարակության համար և հուշում են դրանց հետագա զարգացման ուղիները և համապատասխան պահանջները: Առաջին` գիտությունը մարդկության կողմից նյութական աշխարհի հետազոտման և ձևափոխման շարժիչ ուժն է: Գիտությունը և տեխնիկան էկո-հասարակական զարգացման ամենաակտիվ և ամենահեղափոխական գործոնն են: Ըստ էության, մարդկության բոլոր նվաճումները հիմնված են գիտության և տեխնիկայի վրա: Երկրորդ` գիտության և տեխնիկայի զարգացումը պահանջում է անընդմեջ հետազոտություն և երկարատև կուտակումներ: Միայն անընդմեջ և տևական հետազոտությունները կարող են բերել վերոհիշյալ նվաճումներ: Երրորդ` գիտության և տեխնիկայի զարգացումը պահանջում է շարունակաբար ուժեղացնել հիմնարար գիտությունները, այդ թվում` աստղագիտութունը: Աստղագիտությունը որպես դիտողական գիտություն հիմնարար գիտությունների չափազանց կարևոր ոլորտ է: Չորրորդ` գիտության և տեխնիկայի զարգացումը պահանջում է հասարակության կողմից լայն և բացահայտ աջակցություն: Հասարակության հետ գիտության կապը նույնքան կարևոր է, որքան և հենց հիմնարար հետազոտությունները: Միայն կրթված և տեղեկացված հասարակությունը կարող է հարգել և կարևորել գիտությունը: Հինգերորդ` գիտության և տեխնիկայի զարգացումը պահանջում է ակտիվ միջազգային համագործակցություն: Գիտությունը և տեխնիկան չպետք է պատկանեն որևէ ազգության և դրանց նվաճումները համընդհանուր արժեք են ներկայացնում: Տիեզերքը բոլորին է պատկանում, և դրա ուսումնասիրությունից ստացված արդյունքները օգտական են համայն մարդկության համար: Առավել ևս, որ ներկայումս բոլոր երկրների և ազգերի հիմնախնդիրները նույնն են` կապված էներգիայի և բնական ռեսուրսների, բնապահպանության, կլիմայի փոփոխության, բնական աղետների, սննդի անվտանգության, առողջապահության և այլնի հետ: Այսօրվա աշխարհը գնալով ավելի ու ավելի է բացվում, և պետությունները գնալով ավելի ու ավելի են միմյանց հետ կապված դառնում: Այս առումով, գիտությունը երկրների և ազգերի միջև ակտիվ կապերի ու համագործակցության ամենափայլուն օրինակն է:
«Երկնքի հարցադրումները» թերթի նույն համարում բերված է նաև 2011թ. նոբելյան մրցանակի դափնեկիր աստղագետ Բրայան Շմիդտի հարցազրույցը, որտեղ նա նույնպես իր գործունեության մեջ կարևորում է միջազգային համագործակցությունը` թե որպես գիտնական ընդհանրապես, թե արդեն որպես նոբելյան մրցանակակիր:
Աստղագիտության կապն այլ գիտությունների և տեխնիկայի հետ ակնհայտ երևում է համագումարի օրերին Չինաստանի համագումարների ազգային կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսներից, որտեղ իրենց տաղավարներով ներկա են ինչպես բազմաթիվ աստղադիտարաններ և աստղագիտական խոշոր պրոյեկտներ, հրատարակչություններ, գիտական կազմակերպություններ, այնպես էլ սարքաշինության, տիեզերական ծրագրերի և համակարգչային տեխնիկայի հետ կապված ընկերություններ` Մայքրոսոֆթը, չինական Օպտրոնը, Սանտա Բարբարայի սարքաշինական խումբը և այլն:
Արեգ Միքայելյան
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ
Չինաստանից՝ հատուկ 168.am-ի համար