Բաժիններ՝

Ցանկալի է` Երևանի բոլոր վերելակները հիմնովին փոխվեն

Երևանի գրեթե բոլոր շենքերը վերելակների անսարքության խնդիրներ ունեն: Վերելակների մեծ մասը բարոյապես մաշված է և լուրջ վերանորոգման կարիք ունի: Այդ հիմնախնդրի շուրջ զրուցեցինք «Երվերելակ» ՓԲԸ տնօրեն Սամվել Խաչատրյանի հետ: Նշենք, որ վերելակային տնտեսության բնագավառում «Երվերելակ» ընկերությունը միակ լիցենզավորված պետական կառույցն է ՀՀ տարածքում, և այն իրավահաջորդն է Երևանի քաղաքապետարանի վերելակների վարչության, որը գործում է 1960-ական թվականներից:

Պարոն Խաչատրյան, որքա՞ն արժե մեկ վերելակի վերանորոգումը:

– Վերելակի վրա կարևոր և ոչ կարևոր դետալներ չկան, բոլոր մասնիկներն էլ անհրաժեշտ են վերելակի նորմալ գործունեության համար: Իսկ վերելակի վերանորոգման գինը կախված է նրանից, թե ի՞նչ վիճակում է գտնվում տվյալ վերելակը, և ի՞նչ աշխատանքներ են պահանջվում: Վերելակի վերանորոգման գինը կարող է 200.000 դրամից հասնել 2 մլն դրամի:

– Վերջին շրջանում վերելակների վերանորոգման ի՞նչ աշխատանքներ է իրականացրել Ձեր ընկերությունը:

Կարդացեք նաև

– Հիմնականում մասնակցում ենք «Պետական գնումների գործակալության» կողմից հայտարարված Երևան քաղաքի բարձրահարկ բնակելի շենքերի վերելակների փոխարինման և վերանորոգման աշխատանքների կատարման մրցույթներին և հաղթելու դեպքում` սկսում ենք աշխատանքները: Հիմա որոշ աշխատանքներ ենք կատարում Արաբկիրի շրջանում և մի քանի գերատեսչական շենքերում:

– Իսկ ավելի շատ ինչպիսի՞ խնդիրներ են ունենում Ձեր ընկերության կողմից վերանորոգվող վերելակները:

– Ամեն ինչը շատ կարևոր է վերելակի սարքերի առումով: Առաջին հերթին՝ ուշադրություն է դարձվում անվտանգության խնդրին: Վերելակը չի կարող ընկնել`ինչպես ասում են: Հաճախ ասում են, թե ճոպանները կտրվեցին, վերելակն էլ ընկավ, բայց բացառվում է, որ բոլոր 4 ճոպանները միանգամից կտրվեն, ու վերելակն ընկնի: Հետո ստուգում ենք բեռնախցիկը, բեռնաշարժիչը, կարապիկը, բանող անիվը, փոխանցման տուփը, լիբյոտկան: Եթե վերելակների խցիկները բարոյապես մաշված են լինում, ապա փոխում ենք բոլորն ամբողջությամբ` առաստաղով, հատակով, հրահանգի կոճակներով, արդիականացնում ենք այն:

Շատ կցանկանայի, որ ամբողջությամբ նոր վերելակներ ներկրեինք, և ամբողջ քաղաքի վերելակները փոխվեին: Մի վերելակը սովորաբար 25 տարի տարի ծառայելուց հետո ենթակա է լինում փոփոխման:

– Ամբողջ Երևան քաղաքում ե՞րբ է վերջին անգամ կատարվել վերելակների մասսայական վերանորոգում:

– 2007 թվականին մեծ աշխատանքներ տարվեցին, և դրա արդյունքում է, որ ներկայումս վերելակների աշխատանքն ինչ-որ չափով բարելավված է: 2007թ. այնպիսի աշխատանքներ կատարվեցին, որ նույնիսկ խորհրդային տարիներին չէր արվել: 2500 վերելակ ամբողջովին վերանորոգվել է, իսկ 35 վերելակ էլ ամբողջովին ապամոնտաժվել և նորերն են ներկրվել:

Այդ աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են պետության հաշվին, իսկ բնակիչներն ու համատիրությունները մեկ լումայի ներդրում չեն ունեցել: Այն դեպքում, երբ վերելակները համարվում են բնակչի սեփականությունը:

– Վերջին շրջանում վերելակների անսարքության պատճառով կատարված որևէ ողբերգական դեպք արձանագրվե՞լ է:

10-12 տարի առաջ էր նման դեպք գրանցվել Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի շենքերից մեկում: Այդ շենքի բնակիչներն էժան վճարելու նպատակով՝ իրենց շենքի վերելակի ճոպանները փոխելու աշխատանքը որոշել էին վստահել մասնավոր հիմունքներով գործող ինչ-որ անհատի: Արդյունքում, այդ անհատը պահանջել էր ավելի մեծ չափի գումար, քան նրանք ակնկալել էին: Բնակիչներն էլ մտածել են, որ վերելակի ճոպաններ փոխելը ինչ-որ ծանր աշխատանք չէ, և իրենք էլ կարող են դա անել… Շենքի ամենաակտիվ բնակիչը 2-3 հարևանի հետ փոխել էր ճոպանները, բայց, ի վերջո, ճոպանները կապելու հատուկ ձև կա: Նրանք չհասկանալով`արդյո՞ք դա օգուտ կբերի, թե՞ վնաս, նույնիսկ յուղել էին արագության սահմանափակիչի ճոպանը և որսիչները: Ու մի օր առավոտյան, երբ վերելակի խցիկի մեջ է եղել մի կին` իր երեխայի հետ, այդ նույն նախաձեռնող անձնավորության որդին, և էլի ուրիշ մարդիկ, ճոպանները բացվել են, վերելակի արագությունը խախտվել է: Այդ ժամանակ սկսել է աշխատել արագության սահմանափակիչը`փորձելով բռնել վերելակը, բայց, քանի որ արագության սահմանափակչի ճոպանն ու որսիչները լավ յուղված են եղել, չի հաջողվել որսալ և բռնել խցիկը: Ինքնագլուխ այդ գործունեության հետևանքը եղել է այն, որ ողբերգություն է տեղի ունեցել, որի արդյունքում՝ վերելակի մեջ գտնվող մարդկանց հիվանդանոց են հասցրել, նրանցից մեկը հետագայում հաշմանդամ է դարձել, մեկն էլ մահացել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս