Ինչ է կատարվում երևանյան մանկապարտեզներում
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պետական մանկապարտեզները խիստ ծանրաբեռնված են: Յուրաքանչյուր խմբում կա 30-45 երեխա, որոնց հետևում է ընդամենը 1 դաստիարակ և 1 դայակ: Եվ այն ծնողները, ովքեր ստիպված են իրենց երեխաներին մանկապարտեզ տանել, միշտ մտավախություն ունեն, որ իրենց երեխան ապահով վայրում չէ:
Այս երևույթը համատարած է, սակայն քայլեր չեն ձեռնարկվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ:
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով վերանայվեց մանկապարտեզների վարձավճարի չափը: Երևան քաղաքում հաշվառում ունեցող փոքրիկների համար նախադպրոցական կրթությունն անվճար դարձավ: Ըստ այդ որոշման` վարձ չեն վճարում նաև այն երեխաները, որոնց ծնողները ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում, այն ծնողները, որոնք ազատամարտիկներ են, և նրանք, ովքեր Հայաստանի Զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն իրականացնում են Երևան քաղաքում: Որոշման մեջ չներառված ծնողների երեխաների համար Երևան քաղաքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը սահմանվեց ամսական 8000 (ութ հազար) դրամ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18000 դրամ ծախսի դիմաց:
Կարեն Կարապետյանը ժամանակին այս որոշումը կայացրեց` հաշվի առնելով Ավան վարչական տարածքի օրինակը, որտեղ դեռևս Տարոն Մարգարյանի թաղապետության օրոք մանկապարտեզներն անվճար էին: Այն դեպքում, երբ Ավանն, ի տարբերություն մյուս վարչական շրջանների` ամենափոքր բնակչություն ունեցող համայնքն է. վարչական տարածքը կազմում է 818.8 հա, ունի 51.000 բնակչություն, թվով յոթ մսուր-մանկապարտեզ: Այսինքն` մի ամբողջ մայրաքաղաքի համար որոշում կայացվեց՝ ընդամենը 51.000 բնակիչ ունեցող համայնքի օրինակով: Նշենք, որ մինչև քաղաքապետարանի այս որոշումը, մյուս վարչական շրջաններում ծնողները վճարում էին ամսական 4000-10000 դրամ` կախված մանկապարտեզից:
Սովետական տարիները հիշեցնող, պոպուլիստական այս որոշումից հետո լուրջ խնդիրներ առաջացան նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ՝ մանկապարտեզի սաների ծնողներից աշխատավայրերից տեղեկանք պահանջեցին՝ պարզելու համար` ծնողն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե պարզվում էր, որ երեխայի մայրը չի աշխատում` երեխային մանկապարտեզ տանելը վճարովի էր դառնում: Սա առաջին անհեթեթություններից մեկն էր, քանի որ աշխատանք ունեցող ծնողը, բնականաբար, ավելի վճարունակ է:
Անվճար դարձնելուց հետո մանկապարտեզներում խայտառակ հերթեր գոյացան: Հերթագրումներն այնքան մեծ են` 8000-ից ավելի, որ դիմելիս ծնողին պատասխանում են, թե առնվազն մինչև 2013թ. իրենք այլևս չեն կարող որևէ երեխա ընդունել: Իսկ թե այդ պարագայում ինչ պետք է անի ծնողը՝ կարելի է ենթադրել. նա պետք է դիմի վճարովի մանկապարտեզներին կամ մասնավոր մանկական զարգացման կենտրոններ: Հակառակ դեպքում, մինչև իր երեխայի հերթը հասնի` երեխան դպրոցական տարիքի կհասնի: Ըստ սահմանված նորմերի` յուրաքանչյուր խմբում երեխաների թվաքանակը չպիտի գերազանցի 25-ը, մինչդեռ շատ մանկապարտեզներում այդ թիվը հասնում է նույնիսկ 45-ի: Խնդիր է դարձել երեխաներին միաժամանակ քնեցնելը: Այսօր երեխաներին մանկապարտեզ ընդունելու համար ծնողները ստիպված են ծանոթ-բարեկամ գտնել, «մաղարիչով» երեխայի հերթն առաջ գցել:
Պետական մանկապարտեզների ներսում մասնավոր մանկապարտեզներ են գործում
Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները մանկապարտեզներում հերթերի գոյացումը բացատրում են պետական մանկապարտեզների քիչ լինելու հանգամանքով: Այնինչ, Երևանի տարբեր վարչական շրջանների բազմաթիվ պետական մանկապարտեզների շենքերում գործում են առնվազն մեկական մասնավոր մանկապարտեզներ: Ընդ որում, այդ մանկապարտեզները, որ, որպես կանոն, նույն շենքում գործող պետական մանկապարտեզների տնօրենները կամ նրանց դուստրերը, հարսերն են ղեկավարում, օգտվում են պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապարտեզի խոհանոցից, էլեկտրաէներգիայից, կոմունալ այլ ծառայություններից: Այսինքն` պետական միջոցների, երեխաների հաշվին մասնավոր բիզնես են աշխատեցնում: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանում գործող թիվ 33 և 28 պետական մանկապարտեզների շենքերի տարածքում գործում են մասնավոր մանկապարտեզներ` ամիսը 60.000 դրամ վարձավճարով: Ավելին, պետական հատվածում երեխաներին չեն ընդունում` պատճառաբանելով, թե տեղ չկա, և պետք է հերթագրվել, և փոխարենը՝ առաջարկում են նրանց տեղավորել նույն շենքում գործող մասնավոր մանկապարտեզում: Քաղաքային իշխանությունները պարտավոր են ստուգումներ անցկացնել և պետական մանկապարտեզների տարածքներից հեռացնել այդ «կույր աղիքները», որոնք «կոպեկներով» տարածք են վարձակալում և «երեխաներ փախցնում»:
Օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչությունը մի շարք մանկապարտեզներում կատարել է ուսումնասիրություններ, և արձանագրված խախտումների հիմքով աշխատանքից ազատվել են երկու մանկապարտեզների տնօրեններ, իսկ երեք տնօրեններ էլ խիստ նկատողություն են ստացել:
Թե ինչո՞ւ են տնօրենները հեռացվել կամ խիստ նկատողության արժանացել՝ այդ տեղեկատվության մեջ որևէ հիշատակում չկար, սակայն, համոզված ենք, որ այն ամենևին էլ կապ չունի վերոնշյալ խնդրի, այսինքն՝ մանկապարտեզների ծանրաբեռնվածության հետ, քանի որ, ըստ մանկապարտեզի տնօրենների՝ իրենք գործում են Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում: Ոմանք կատարվածը մեկնաբանում են այն հանգամանքով, որ այդ մանկապարտեզների տնօրենների տեղում այլ մարդկանց են ցանկացել նշանակել: Նրանցից ոմանց Երևանի քաղաքային իշխանություններն առաջարկել են իրենց «կամքով» աշխատանքից ազատման դիմումներ գրել:
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ հիմա օգոստոս ամիսն է, մանկապարտեզի ցուցակներում այլ թիվ է, իսկ երեխաների հաճախումների թիվն այլ է: Երեխաներից ոմանք արձակուրդ են գնացել, և հաճախումների թիվը քիչ է: Շոգ է, երեխաները գնացել են օդափոխության: Ա՛յ, մի առաջարկ կարող եմ անել. շատ լավ կլիներ, եթե հիմա մեկ ամսով փակվեին մանկապարտեզները, և մենք արձակուրդ գնայինք: Ըստ ցուցակների`մի խմբում երեխաների թիվը 26-27 է, մյուսում` մինչև 32, մեկ ուրիշում` 32-35: Իսկ յուրաքանչյուր խմբում աշխատում է 1 դաստիարակ և 1 դայակ»:
Իսկ Շենգավիթի թիվ 137 մանկապարտեզի տնօրենին (նա արձակուրդում է) փոխարինող մեթոդիստ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ 2-3 տարեկան փոքրերի 1-ին խմբում կա 39 երեխա, փոքրերի 2-րդ խմբում՝ 3-4 տարեկան, կրկին 39 երեխա, միջին խմբում՝ 4-5տարեկան, կա 36 երեխա, ավագ խմբում՝ 5-6 տարեկան, 6 երեխա: Ըստ Հարությունյանի՝ 5-6 տարեկանների խումբը փոքր է, քանի որ այն «ավագ խմբի մնացորդն է, մինչև կլինի կոմպլեկտավորում»:
Իսկ թիվ 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Մինչև ավագ խմբի մանկապարտեզն ավարտելու հանդեսը մեր մանկապարտեզում 150 երեխա կար, իսկ հանդեսից հետո մնացել է 120 երեխա: Հիմա մանկապարտեզ է հաճախում 85-88 երեխա, քանի որ օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի տարվա մեջ 75 օր բացակայելու, իսկ հիմա ամառ է, և երեխաները մեկնել են հանգստանալու: Մանկապարտեզը հիմա գործում է 3 խմբով: Ավարտական հանդեսից հետո մանկապարտեզին հրաժեշտ տված ավագ խմբի դաստիարակն ու դայակն արձակուրդ էին գնացել: Հիմա նրանք եկել են արձակուրդից, և նրանց փոխարեն՝ ուրիշ դաստիարակ ու դայակ են գնացել արձակուրդ: Այնպես ենք կազմակերպում, որ բոլոր դաստիարակներն ու դայակները տարվա մեջ 1 անգամ արձակուրդի հնարավորություն ունենան: Ամեն տարի, երբ ավագ խումբը փակում եմ, դրանից հետո սկսվում է արձակուրդ գնալու ժամանակաշրջանը»:
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Ռիմա Ստեփանյանը մեզ ասաց, որ երեխաների «կոմպլեկտավորումը» դեռևս չի վերջացել. «Երկու ավագ խումբ ունեինք, որոնք մանկապարտեզն ավարտել են ու հիմա պետք է դպրոց գնան: Իրենց փոխարեն արդեն պետք է խումբ հավաքվի հերթագրված երեխաներից, ովքեր օգոստոսի 25-ից հետո համարակալված կտրոններով ներկայանալու են: Բայց հիմնականում ավագ խմբում մեր միջին խմբի երեխաներն են լինելու: Յուրաքանչյուր խմբում 30-35 հոգի կա: Յուրաքանչյուր խմբի համար 35 երեխան նորմալ թիվ է, դա միայն մեզ մոտ չէ: Այսօր մանկապարտեզներն անվճար համակարգ են դարձել: Մինչև հունվար մեզ մոտ 256 երեխա է գրանցված եղել: Հունվարից մինչ օրս այդ 256-ից մոտ 100-ն ընդունվել են: Մնացածների համար առայժմ տեղ չունենք: Ավարտած ավագների փոխարեն՝ հուլիսին մի մսուրային խումբ է ձևավորվել`ավելի շուտ հերթագրված երեխաներից: Հիմնականում հերթերը լինում են մսուրային խմբի երեխաների շրջանում: Դա շատ լավ է՝ այն առումով, որ այդ տարիքի երեխաներն ավելի վաղ են հարմարվում, քան մանկապարտեզային տարիքի երեխաները: Հիմա մենք ավելի շուտ գրանցվածներին պետք է հրավիրենք, քան, ասենք, նրանց, ովքեր գրանցվել են մայիսին: Մեզ ճանաչողները, մեր նախկին սաների ծնողներն, ինչպես նաև մեր նախկին սաներն են, որ իրենց երեխաներին բերում են այստեղ: Արդեն 29 տարի` ես այստեղ եմ աշխատում եմ, որպես մանկավարժ: Մինչև երեկ փոխտնօրենի հաստիքով ավագ մանկավարժ եմ եղել: Երեկվանից նշանակվել եմ տնօրեն»,- ասաց Ռիմա Ստեփանյանը:
Որոշ ժամանակ անց, երբ փորձեցինք հեռախոսով Ռ. Ստեփանյանից ևս մի քանի հրատապ հարցերի պատասխաններ ստանալ, տիկին Ռիման պատասխանեց, որ քաղաքապետարանից իրեն արգելել են՝ առանց իրենց թույլտվության որևէ հարցազրույց տալ, և դիտողություն են արել արդեն տրված հարցազրույցի համար:
Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 մանկապարտեզի տնօրեն Մերինե Սարուխանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենց մանկապարտեզում գործում է 3 խումբ: Կրտսեր՝ 2-րդ խմբում կա 30 երեխա, միջին խմբում` 34, իսկ ավագ խմբում`35 երեխա: Խմբերից յուրաքանչյուրին հատկացված է 1 դաստիարակ և 1 դայակ: Իսկ ինչ վերաբերում է կրտսեր 1-ին խմբին, ապա Մ. Սարուխանյանն այդ խմբում ընդգրկված երեխաների թվի մասին ոչ մի տեղեկություն չտրամադրեց, իսկ քիչ անց ավելացրեց, թե իրենք նման խումբ չունեն, ինչը խիստ կասկածելի է:
Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի մեթոդիստ, տնօրենի պաշտոնակատար Ռինա Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե զբաղված է:
Պետական բոլոր մանկապարտեզներում նույն` գերծանրաբեռնված վիճակն է, որին լուծում չի տրվում: Ծնողները հերթագրվում են իրենց երեխաների համար, կամ էլ փորձում ծանոթ-բարեկամ գտնել` խնդրին լուծում տալու համար:
Պետական մանկապարտեզները` անվճար դարձնելուց հետո այլ խնդիրներ էլ առաջացան: Ստեղծվեցին վերահսկող մարմիններ, որոնց տեսուչները գրեթե ամեն օր շրջում են մանկապարտեզներում և վերահսկում, թե տվյալ մանկապարտեզում, ասենք, ապուրի մեջ քանի գրամ հավի միս կամ բրինձ է օգտագործվել, որքան հաց է տրվել, կշռում են, թղթաբանություն են պահանջում տնօրեններից, և այլն, և այլն: Այս քաշքշուկների դեմ տնօրենները որևէ քայլ չեն կարող ձեռնարկել, սակայն ստիպված են բանուգործ թողած՝ թղթարարությամբ զբաղվել: «Ամեն օր նյարդային վիճակ է` կշռում են` քանի գրամ բրինձ, քանի գրամ կարտոֆիլ… Մի քանի կոպեկ են տալիս ու բոլորիս նյարդերը քայքայում»,- ասաց տնօրինուհիներից մեկը: Իհարկե, ոլորտի պատասխանատուներն էլ մանկապարտեզների տնօրեններին մեղադրում են, որ նրանք կեղծում են երեխաների իրական թիվը, և պետության կողմից տրված ֆինանսավորումը` երեխաների սննդի, գրենական պիտույքների, մանկապարտեզի տնտեսական ծախերի համար հատկացված գումարները այլ նպատակներով են օգտագործում: Ըստ մանկապարտեզներից մեկի տնօրենի` պետության կողմից ֆինանսավորումը կատարվում է հետևյալ կերպ. երեխաների միջին թիվը բազմապատկում են 18.000 դրամով և գումարում են ևս 500.000 դրամ: Երեխաների թիվը հաշվարկվում է՝ ըստ նրանց ամենօրյա հաճախումների: Տարօրինակ այս հաշվարկը կոչվում է «մոդուլ»:
Երեխաներին ճաշը մատուցում են դույլերով
Ի դեպ, որքան էլ տարօրինակ է, այսօր էլ, ինչպես սովետական տարիներին, պետական գրեթե բոլոր մանկապարտեզներում երեխաներին ճաշը մատուցում են դույլերով: Սակայն, առավել, քան տարօրինակ է այն, որ մանկապարտեզի տնօրենները դա համարում են նորմալ երևույթ:
Այս խնդրի վերաբերյալ թիվ 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Մեզ մոտ սնունդը խոհանոցում պատրաստվում է մաքուր պայմաններում, իսկ հետո դույլերով բերվում է ճաշարան և այնտեղ էլ մաքուր կերպով մատուցվում է»:
Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 մանկապարտեզի տնօրեն Մերինե Սարուխանյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ ասաց. «Այդ դույլերը մաքուր, կերակրի համար նախատեսված էմալապատ դույլեր են»: Իսկ մեր այն հարցին՝ արդյոք նորմա՞լ է երեխաներին ճաշը դույլից մատուցել, տնօրենը պատասխանեց. «Իսկ ուրիշ ինչի՞ միջից պետք է մատուցվի ճաշը»: «Ավելի քաղաքակիրթ միջոցներով, օրինակ` կաթսաներով»,- պատասխանեցինք մենք, ինչին հետևեց տնօրենի հետևյալ պատասխանը. «Դե՛, դույլերով տեղափոխելը մեր աշխատակցին ավելի հարմար է, քանի որ 2-րդ հարկ են տեղափոխում, իսկ 2 բռնակով տարան ցածր տեղից բարձր տեղ տանելը մի քիչ վտանգավոր է: Մենք կաթսաների տեսքով դույլեր էլ ունենք»: