«Սա գաղութ է, ով ետ եկավ` նրան ոչ թե կտուգանեն, այլ կկախեն»
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 3000 դրամ):
Փորձեցինք ճշտել Երևան քաղաքի բնակչության տեղեկացվածությունն այդ օրենքի մասին և վերաբերմունքը դրա նկատմամբ:
«Հայաստանի նկարիչների միության» պահակ, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ 55-ամյա Նավասարդ Մնացականյանն ասաց, որ ինքն անտեղյակ էր այդ, ինչպես ինքն է ասում` անիմաստ օրենքից. «Եթե մարդը 4 ամսով գնացել է արտագնա աշխատանքի, գործը լավ է եղել, նա էլ մնացել է ևս 4 ամիս, ինչո՞ւ պետք է տուգանվի: Արժե՞արդյոք մարդուն տուգանել նման բանի համար: Հետո, ինչքա ՜ն մարդիկ կան, որ գնացել են ընտանիք պահելու համար: Ես, օրինակ, դեմ եմ այդ օրենքին: Բայց կարելի է, գոնե, հիմար գովազդները հանել և նման օրենքների մասին մասսայաբար տեղեկացնել մարդկանց, որպեսզի նրանք նախօրոք քայլեր ձեռնարկեն և չտուգանվեն: Հնարավոր է, որ մարդը տոկոսով գումար է վերցրել և գնացել է տան կարիքները հոգալու համար գումար աշխատելու: Հասկացանք, որ իրենց համար պետական բյուջեն է կարևոր, բայց մարդու ընտանիքի հաշվի՞ն պետք է բյուջեն հարստացնեն: Ընդամենը 5 օր պարբերականությամբ և օրական 5 անգամ հաճախականությամբ հեռուստատեսությամբ թող տեղեկացվի այդ օրենքի մասին, բոլորն էլ թող իրազեկ կլինեն»:
Մասնագիտությամբ վարորդ 47-ամյա Վրեժ Ավետիսյանը, ով տեղյակ չէր այդ օրենքից, կարծում է, որ դա սխալ օրենք է. «Ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, թե ո՞ւր գնամ, ինչքա՞ն մնամ, ի՞նչ անեմ: Թող փոխարենը՝ նորմալ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ չգնան: Այդ օրենքը գումար կուտակելու միջոց է այնպես, ինչպես վարվում են գայիշնիկները, որ ուղղակի փող են պոկում մարդկանցից»:
Մասնագիտությամբ պատմաբան Գևորգ Դանիելյանը կարծում է, որ արդեն 6 ամիս արտասահմանում մնացած մարդն այլևս ետ չի վերադառնա Հայաստան. «Ես այդ օրենքի մասին չգիտեի, բայց, կարծում եմ, որ երբ ուրիշ երկրում 5 օր մնում ես, ապա 6-րդ օրն այլևս չես ուզում գալ: Սա հիմար երկիր է, գաղութ է, ով ետ եկավ` նրան ոչ թե կտուգանեն, այլ կկախեն: Այստեղից պետք է փախչել, ինչի պատճառը մեր երկրի օրենքներն են: 131 հիմար նստել են այնտեղ`խորհրդարանում, և մեզ`ինձ, քեզ, մյուսների համար օրենքներ են գրում, թե ինչպե՞ս շնչենք, ի՞նչ ուտենք, և այլն: Հարկային դաշտի ներկայացուցիչներին, ոստիկաններին ուղարկում են, որ մարդկանց կոտորեն: Ես նախկինում շատ եմ աշխատել և թալանվել, այժմ էլ գործազուրկների միության նախագահն եմ»:
Մասնագիտությամբ բանասեր, 32-ամյա Գայանե Հովհաննիսյանը, ով տեղյակ չէր նման օրենքի գոյության մասին, ասում է. «Ճիշտն ասած` չգիտեի օրենքի մասին: Եթե դատարանի կողմից չես հետապնդվում որևէ հանցանք կատարած լինելու համար, կամ աշխատանքի վայրում պարտականություններդ կիսատ չես թողել, տուգանվելս ո՞րն է: Երբ օտար երկրում առանց գրանցվելու մնաս, ու տուգանեն` հասկանալի է, քանի որ ինքն օտար է, ուզում է քեզ հաշվառել, իմանալ, որ եկել ես: Իսկ եթե քո երկրից բացակայում ես 6 կամ 7 ամսով, ո՞րն է տարբերությունը: Փաստորեն, ազատությունդ սահմանափակում են 6 ամսով: Առաջին հայացքից՝ այդ օրենքի մասին լավ կարծիք չունեցա, միգուցե տեղյակ չեմ ինչ-որ մանրուքներից, որոնք դրդել են մարդկանց`այդ օրենքն ընդունելու»: