«Իշխանության թեկնածուն պոզով ու պոչո՞վ է լինում»
ՀԱԿ անդամը՝ Սամվել Բալասանյանի մասին
«Շատ կարճ ու հստակ` նայելով քաղաքապետի ընտրություններին առաջադրվածների ցանկին` քաղաքական պայքար, տեսակետների բախում, շարքային ըտնրողի համար համոզիչ, փաստարկված ընտրարշավ, կարծես թե, չի սպասվում, քանի որ կարելի է ասել, որ քաղաքական իմաստով` անդեմ ու անգույն թեկնածուներ են»,- 168.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց Գյումրիում նախընտրական վիճակը Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը: «Մենք նայում ենք անձերի ով լինելուն, նրանց անցած ուղուն և գործունեությանը, և տպավորություն ունենք, որ համայնքապետի թեկնածուների միջև իմիտացիոն պայքար է գնալու»,- ասաց նա:
Իսկ մեր հարցին, թե Հայ ազգային կոնգրեսը քանի՞ թեկնածու է առաջադրել Գյումրիի ավագանու ընտրություններին և արդյոք հույսեր կա՞ն, որ նրանք կընտրվեն, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը Գյումրիի քաղաքապետարանի ավագանու ընտրություններին ունի 3 թեկնածու, սպասում ենք թեկնածուների գրանցմանը, որից հետո կմասնակցենք քարոզարշավին: Իհարկե հույսեր ունենք, առանց հույսի պայքար չի լինում: Միայն հույս չէ, դա նաև մեր հաշվարկն է: Մեր թեկնածուներն ասելիք ունեն, և ընտրվելու դեպքում ձգտելու են իրենց գործունեությամբ ավագանին դարձնել լուրջ հակակշիռ, որպեսզի այն դուրս գա քաղաքապետարանի կցորդի կարգավիճակից: Վերջիվերջո, ավագանին քաղաքապետարանի օրենսդիր մարմինն է»:
«Առաջադրված թեկնածուներից որևէ մեկին պաշտպանելու խնդիր այս պահին չենք տեսնում, որովհետև թեկնածուները դեռևս չեն ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը»,- ասաց Մուրադ Գրիգորյանը` ի պատասխան մեր հարցին, թե ՀԱԿ-ը Գյումրիի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուներից որևէ մեկին սատարելու՞ է, թե՞ ոչ: «Երբ նրանք ներկայացնեն իրենց ծրագրերը, մենք կծանոթանանք, կհամեմատենք մեր ծրագրերի հետ, եթե գլխավոր հարցերում` քաղաքական և տեղական բնույթի հարցերում ընդհանրությունները շատ կլինեն, այն ժամանակ կորորշենք, թե 5 թեկնածուներից ում կաջակցենք: Դեռևս գիտենք միայն անձերի անունները, իսկ անձերին պաշտպանելու խնդիր մենք չենք տեսնում»:
ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, թե պայքարում է իշխանության դեմ: Այժմ Գյումրիում ո՞վ է իշխանության այն ներկայացուցիչը, ում դեմ ՀԱԿ-ը կարող է պայքարել: Մեր այս հարցադրմանը կոնգրեսականն այսպես պատախանեց. «Իշխանության թեկնածուն նա է, ով իր ընտրարշավը սկսել է Բաղրամյան 26-ից: Մի՞թե պարզ չէ, թե ով է նա, երբ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ իրենք աջակցելու են Սամվել Բալասանյանին: Իշխանության թեկնածուն էլ ո՞նց է լինում, պոզով ու պոչո՞վ»:
Իսկ երբ մենք հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում Կոնգրեսը` որպես ընդդիմադիր ուժ, պայքարելու՞ է իշխանության այդ թեկնածուի դեմ, նա ասաց. «Տեսնենք, թե Սամվել Բալասանյանն ի՞նչ ծրագրեր է ներկայացնում: Գուցե նա գտնում է, որ Գյումրիում կուտակված պրոբլեմների և բարդությունների ամբողջ թնջուկն ածանցվում է մայրաքաղաքից, իսկ ավելի կոնկրետ` նախագահի նստավայրից` Բաղրամյան 26-ից: Եթե նա նման տեսակետով հանդես կգա իր նախընտրական ծրագրերում, մենք հնարավորություն կունենանք վերլուծելու և կողմնորոշվելու»:
Իսկ ի՞նչ տարբերություն, թե ով իշխանության թեկնածուն Գյումրիում, գործող, բայց ընտրություններին չառաջադրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, թե՞ նրան փոխարինելու եկած Սամվել Բալասանյանը: Այս հարցի ի պատասխան Մ. Գրիգորյանն ասաց.. «Այդ ամենը պարզ կլինի ընտրարշավի ժամանակ: Եթե իշխանությունը կփորձի նույն բիրտ մեթոդներով` խախտումներով և ճնշումներով անցկացնել իր թեկնածուին, ուրեմն նրանց միջև ոչ մի տարբերություն չկա»: