Բաժիններ՝

Գյուղնախարարության սխալի պատճառով տուժում է գյուղացին

Շիրակի մարզում հացահատիկի բերքը հավաքված է: Ըստ գյուղացիների` արդյունքները գոհացնող չեն: ՀՀ գյուղնախարարության կողմից տրամադրված սերմացուից առավել մեծ բերքատվություն էին սպասում: Հացահատիկի ցածր բերքատվության պատճառների մասին 168.am-ը խոսեց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Հացահատիկի բերքի  արդյունքները գոհացնող չէին, մենք, սեփականաշնորհումից ի վեր, նման արդյունք չէինք ունեցել: Ես, այս պարագայում, առաջինը տեսնում եմ բնության մեղքը: Ձմեռը շատ դաժան էր և երկարատև: Աշնանացան սերմացուն ձմեռացման տակից նորմալ դուրս չեկան: Բացի դա, երաշտի և կարկուտի պատճառով գարնանացան գարին նույնպես լավ չստացվեց: Ջրովի հատվածներում նրանք, ովքեր հնարավորություն ունեցան ջրել իրենց ցանքատարածությունները, ինչ-որ բան ստացան: Իսկ մնացած մարդիկ ահավոր ցածր բերք ստացան: Նույնիսկ շատերը բերքահավաք չհասցրեցին կատարել, որովհետև մեջը բերք չկար: Ցանքատարածությունները, որպես խոտ, հնձվեցին: Այստեղ մասնագիտական  հարց էլ կա: Նոր ներմուծվող սերմացուները պարտադիր  պետք է նվազագույնը 4 տարի սորտափորձարկում անցնեին, որպեսզի կարողանայինք հասկանալ, թե դրանցից ո՞րն է հարմարվում մեր բնակլիմայական պայմաններին: Սերմացուներ կային, որոնք գյուղացուն տալուց առաջ,  նախապես, պետք է մարդկանց զգուշացնեին, որ դրանք ցածրացողուն սորտեր են: Այս սորտերը  մեր պայմաններում բարձր արդյունք չեն ապահովում: Ժողովուրդը, բնականաբար, նախապես այդ մասին իմանալու դեպքում՝ նախապատվությունը  կտար տեղական սերմացուին: Համենայնդեպս, տեղական սերմացու էլ չկար, ինչ էլ կար` աղտոտված էր: Սերմացուի որակի մեջ համոզվելու համար պետք է նախ՝ սորտափորձարկում իրականացնեին, հետո նոր` մասսայականացնեին: Դա Գյուղատնտեսության նախարարության մասնագիտական բացն էր»:

Հիշեցնենք, որ գյուղացիներին սերմացու է տրամադրվել՝ հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները: Հողատարածքների ընտրության արդյունքում հատկացվել է 3 և ավելի հա հողատարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին, որոնց սերմացու է տրամադրվել` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով (http://www.arlis.am/,  որոշում N 971-Ն, ընդունման ամսաթիվը` 29.07.2010):

Մեր այն հարցին, թե նման ցածր բերքատվության պարագայում գյուղացիներն ինչպե՞ս են վերադարձնելու Գյուղնախարարությունից վերցրած սերմացուն, համայնքապետ Վարդան Իկիլիկյանը պատասխանեց. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի ժամանակ Գյուղատնտեսության փոխնախարարն էլ ասաց, որ պայմանագիրը մնում է պայմանագիր: Անպայման պետք է կատարվեն պայմանագրի պահանջները: Երևի ընդառաջելու հնարավորություն կամ մեխանիզմ չկա: Պայմանագրում էլ նման կետ չկա: Բայց հնարավոր է՝ ինչ-որ բան ձեռնարկվի, որովհետև միայն մեր մարզում չէ այդ վիճակը, ամբողջ հանրապետության տարածքով է, նույնիսկ Լեռնային Ղարաբաղում է այս խնդիրն առաջացել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս